Պետականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու փորձեր կատարողները կզսպվեն օրենքով. Բակո Սահակյան

31-03-2020 16:10

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանիխոսքով` ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասաց համապետական ընտրություններում իր քվեարկությունից հետո, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային: «Օրենքից դուրս հավանական զարգացումների դեպքում մենք պարտավոր ենք զսպել դրանք: Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները: Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակցումը եղել է դժվարությունները հաղթահարելը և հաջողությունների հասնելը, համոզված եմ, որ այս քաղաքական գործընթացն էլ բացառություն չի լինելու: Մենք համոզված ենք նաև, որ այդպիսի զարգացումներ չենք ունենալու»,- ասել է նախագահը: Այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին:

Lragir.am,
31-03-2020 16:10