Երևանի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

31-03-2020 16:08

2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝լյարդի վնասումով» ախտորոշմամբ, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Երևան քաղաքի բնակիչ է, ով  Փափազյան փողոցում գործող խանութի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է իրեն ծանոթ կնոջ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետև՝ հեռացել դեպքի վայրից: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Lragir.am,
31-03-2020 16:08