Հարուցվել է քրեական գործ Մալաթիայի ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքով

31-03-2020 16:16

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են Մալաթիայում քաղաքացի Տիգրան Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ուղարկվել էր նաև ՀՀ ՀՔԾ: Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին: Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ: Քրեական գործի շրջանակում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»,- գրել է Աբրահամյանը:

Lragir.am,
31-03-2020 16:16