Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

31-03-2020 16:13

Բնակչության որոշ մասը, գուցե և գերակշռող հատվածը սկսել է գիտակցել, որ բուժաշխատողներն ավելիին են արժանի, քան մինչ այդ: Մարդկանց մի ստվար զանգված անգամ սկսել է աստվածացնել մեր գործընկերներին: Սակայն ինչ-որ տեղի է ունենում այսօր, եղել է նաև երկրաշարժի օրերին և կրկնվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Ամեն մի նոր վարակվածի և ողբերգական մահվան մասին լուրի հետ զուգահեռ, աճող անպաշտպանվածության տագնապի ֆոնին «սպիտակ խալաթավորների» հանդեպ  վերաբերմունքը դառնում է ավելի բարիդրացիական, իսկ հետագայում՝ նաև ընդգծված հարգալից: Իհարկե կլինեն որոշ «ընդդիմախոսներ», ինչի ապացույցն էր օրեր առաջ «Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնի հոսանքազրկումը https://www.facebook.com/ultraimagingscientificmethodicalcenterofradiology/: Սակայն նրանց ձայնը կորչում է համընդհանուր ծափողջույնների և շնորհակալական բացականչությունների ներքո: Անորոշության հանդեպ վախը մարդկանց ստիպում է որոշում ընդունելու պատասխանատվությունը դնել ավելի տեղեկացվածների ուսերին: Մարդիկ անգամ պատրաստ են նրանցից կուռքեր ձևավորել: Այդ գործընթացին արդեն սկսել են նպաստել մամուլը, հեռուստատեսությունը և սոցցանցը: Կարծես թե նրանք չէին, որ ոչ վաղ անցյալում խառնելով «թացը» «չորի» հետ մեծ պատրաստակամությամբ ուռճացնում էին բժշկական սխալների մասին տեղեկատվությունը և սենսացիոն նյութերի պատրվակով, կամա թե ակամա տրամադրում էին հասարակությանը իր մի հատվածի՝ բուժաշխատողների դեմ: Այդ ամենի արդյունքում եզակի չէին դեպքերը, երբ հայտնվում էին լուրեր, որ հերթական անգամ «կոշիկ են մաքրել» «սպիտակ խալաթի վրա»: Իրականում, ում որ այսօր հերոսացնում են, թե՛ նախկինում, թե՛ հիմա այդ «սպիտակ խալաթավորները» նույն բժիշկներն ու բուժքույրերն են: Նրանք մեկ օրում չդարձան ավելի անսխալ և սրտացավ: Նրանց արհեստավարժությունը և հնարավորությունը ուղիղ համեմատական են երկրի մնացած ոլորտներում տիրող իրավիճակին: Եթե այնուամենայնիվ հասարակությունը ավելի ցավագին է մոտենում «սպիտակ խալաթավորի» թերացումներին, քան այլ ոլորտների մասնագետների սխալներին, ապա պետք է պատրաստ լինի նաև փոխել իր վերաբերմունքը բուժաշխատողների աշխատանքը գնահատելիս: Դա պետք է տեղի ունենա ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլ նաև առօրյայում՝ «վիրուսներից ստերիլ» և խաղաղ պայմաններում: Պետական այրերի և հասարակ մարդկանց համար իրենց հարազատների առողջությունն ավելի թանկ է, քան՝ սեփականը: Եթե այդ դիրքերից փորձենք գնահատել բուժաշխատողի ներդրումը հիվանդին փրկելու գործում, ամեն բան կընկնի իր տեղը: Բուժաշխատողները և՛ անցյալում, և՛ այսօր կատարում են իրենց մասնագիտությանը բնորոշ ամենօրյա գործը: Ուղղակի այդ աշխատանքը մեր որոշ գործընկերների մոտ հիմա ավելի է շատացել և դարձել խիստ վտանգավոր, իսկ դա անշուշտ պետք է փոխհատուցվի: Նրանք դա անում են այնքանով, ինչքանով որ իրենց կրթել են, վերապատրաստել են և ինչքանով որ հանգիստ են իրենց ընտանիքների համար բոլո՛ր առումներով: Բուժաշխատողներից երբեք պետք չէ պահանջել ավելին, քան Դուք նրանց պատրաստ եք եղել տալու ֆորս-մաժորներից զերծ ժամանակներում: Աստված մի արասցե, որ բուժաշխատողների շարքերը նոսրանան (դա էլ մեր մասնագիտության վերապահումներից է): Շատ կարևոր է որպեսզի վաղը բոլոր նրանք, ովքեր որ կբուժվեն կամ չեն էլ վարակվի, այդ թվում նաև որոշ լրագրողներ և տարբեր տրամաչափի «չինովնիկներ», հերթական անգամ այս օրերը մոռացության չմատնեն, ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս: Այս պահի ավելորդ պաթոսությունը և հետմահու պարգևատրելու պատրաստակամությունն այնքան էլ կարևոր չեն. «Սա էլ կանցնի»… Հարգանքներով՝ Արամ Քոչարյան, Բ.գ.թ. ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր, բժիշկ-ռադիոլոգ

Lragir.am,
31-03-2020 16:13