ՀՀ վարչապետը հորդորում է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին

31-03-2020 16:33

Հայաստանում խիստ սահմանափակումների երկարաձգումն իրավիճակը կառավարելի պահելու և, ի վերջո, կորոնավիրուսը հաղթահարելու համար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ստիպված ենք ՀՀ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել: Մենք այդ սահմանափակումները չենք անում քաղաքական նպատակներով, սա մենք անում ենք իրավիճակը կառավարելի պահելու, քաղաքացիների անվտանգության համար: Նաև սրա հետ է կապված այն օրենսդրական փոփոխությունը, որը կառավարությունն առաջարկել էր և այսօր ԱԺ-ն չընդունեց, կողմ ձայները բավարար չեղան: Այժմ փնտրվում է եղանակ՝ նորից նախագիծն ԱԺ ներկայացնելու», ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ այդ օրենսդրական նախաձեռնության և այլ միջոցների կիրառման նպատակն այն է, որ իրավիճակը կառավարելի լինի ու կարողանան շատ արագ ֆիքսել կոնտակտավորների շրջանակը: «Մենք հիմա անում ենք հետևյալը, քաղաքացու մոտ արձանագրվում է վարակի դրական դեպք: Փորձում ենք հասկանալ, թե նա որտեղից է վարակվել կամ ում հետ է շփվել և այդ մարդկանց մեկուսացնում ենք: Մենք ունենք իրավիճակ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել: Միջազգային փորձը հաշվի առնելով՝ առաջարկել ենք այդ մեխանիզմը: Քանի որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, համակարգիչը շատ արագ ցույց կտա, թե վերջին շրջանում քաղաքացին ում հետ է շփվել, և ովքեր են պոտենցիալ վարակակիրները: Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա, բջջային հեռախոսների տվյալներն իմանալով, նախ իրազեկել, այնուհետև հասկանալ շփման շրջանակը, պոտենցիալ վարակակիրներին: Հասկանալի է, որ դա այդքան էլ հաճելի բան չէ, մեծագույն տհաճությամբ ենք դա անում, բայց պետք է հասկանալ, որ առանց այս միջոցների կիրառման իրավիճակի զարգացումը կարող է դառնալ անկանխատեսելի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որքան սահմանափակումների ժամկետները երկարում են, այնքան տնտեսական, սոցիալական խնդիրները խորանում են, սակայն այս սահմանափակումներն անհրաժեշտ են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Նա կոչ արեց քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ և չափազանց լուրջ վերաբերվել իրավիճակին:

Lragir.am,
31-03-2020 16:33