ՀԱՊԿ խայտառակ հաղորդագրությունը Տավուշի միջադեպի մասին

01-04-2020 11:52

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ, որի հետեւանքով վիրավորվել էր 2 հայ զինծառայող եւ 14-ամյա հայ երեխա, ՀԱՊԿ ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Հայ-ադրբեջանական սահմանին հրազենի կիրառմամբ միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով տուժել են զինծառայողներ ու քաղաքացիական անձ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը մտահոգություն է հայտնել: Նրա խոսքով, այդ փաստերը չեն նպաստում երկու երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են դարձրել ու կոչ են արել կողմերին կոնֆլիկտային իրավիճակները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության աճ թույլ չտրվի: Զասն ասել է, որ կողմերի զսպվածությունը և իրավիճակի նորմալացումը հատկապես կարևոր են այն շրջանում, երբ մեր բոլորի առաջ նոր սպառնալիք է՝ կորոնավիրուսի համավարակը, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություն»: Այս հաղորդագրության մեջ, եթե նկատեցիք, չի ասվում, թե որ կողմից են եղել վիրավորները՝ հայկական, թե ադրբեջանական: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը չի նշում այս մասին: Զասը չի նշում, որ վիրավորները հայկական կողմից են: Եվ խնդիրն ամենեւին էլ միայն այն չէ, որ Զասը սերտ կապեր ունի Բաքվում: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ը եւ պրոռուսական այլ բլոկները վաղուց ենթարկված են Բաքվի պահանջներին: Որքան էլ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Համեմատության համար նշենք, որ երբ ՆԱՏՕ-ն հայտարարություն է անում իր երկու անդամների՝ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ լարվածության կամ միջադեպերի կապակցությամբ, հստակ նշում է մեղավոր կողմին: Հետաքրքիր է, որ այս հաղորդագրությունը հեռացվել է ՀԱՊԿ կայքից: Երեւի հասկացել են, որ արդեն հայտնվում են խեղկատակության սահմանից անդին. Հաղորդագրությունը կամ պետք է խմբագրեն՝ այդ դեպքում Բաքուն Զասի հետ կանի իր ավանդական գործողությունը, կամ էլ մնում է այս խղճուկ մեթոդը՝ հեռացնելը:

Lragir.am,
01-04-2020 11:52