Կորոնավիրուսը հարվածեց ընդդիմությանը. ծանրաձողն ընկավ

Խորհրդարանի մեծամասնությունը երկրորդ փորձից ընդունեց բջջային հեռախոսների տեղորոշման միջոցով կորոնավիրուսի վարակակիրների շրջանակը պարզելու մասին կառավարության նախաձեռնությունը, որը դարձել էր մեծ աղմուկի պատճառ: Առաջին փորձը, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմությունը տապալեց: Դա կառավարության, կամ ավելի շուտ վարչապետի քաղաքական տապալումն էր խորհրդարանում: Գրեթե անմիջապես, ժամեր անց Նիկոլ Փաշինյանը վերականգնեց դիրքերը, օրենքն ընդունվեց, իսկ հանրագումարում քաղաքական տապալում արձանագրեց խորհրդարանական ընդդիմությունը: Մեծ հաշվով, ինչի՞ մասին է նախաձեռնությունը: Մասնագետներն ասում են, որ այն քաղաքացիներին հետեւելու նախաձեռնություն է, ինչպես էլ այն գնահատես: Իհարկե այդպես է, եւ անգամ նախաձեռնության հեղինակները չեն թաքցնում, որ նպատակը հետեւելն է: Ամբողջ հարցն այն է, թե ով է հետեւում, պատասխանատվության ինչ շրջանակով, ինչ պայմաններով եւ ինչ նպատակով: Նպատակների շարքում հնչեցին տարբեր կասկածամիտ տեսակետներ՝ դա կարեւոր է, քանի որ կասկածն ի վերջո հանրությանը պահում է զգոն եւ հետեւաբար մշտապես զգոն ու հաշվետու լինելու պահանջ է ձեւավորում կառավարող մեծամասնության հանդեպ: Հնչեցին նաեւ ոչ միայն կասկածամիտ, այլեւս ծանծաղամիտ գնահատականներ: Մեծ հաշվով, այդ ամենով հանդերձ, պետք է արձանագրել թերեւս մի իրողություն՝ մենք ապրում ենք թվային աշխարհում, որտեղ մարդու անձնական տվյալի գաղտնիությունը դարձել է մեղմ ասած հարաբերական հասկացություն: Թվային աշխարհում քաղաքացուն հետեւում են նույնիսկ սառնարանից ու արդուկից, մարդու դեմքն ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ լուսանկարում են տիեզերքից: Ըստ այդմ, խնդիրն այն է, թե մարդիկ որքանով են պաշտպանված իրենց տվյալների ապօրինի օգտագործման, ի չարս օգտագործման հանգամանքներից: Եվ այստեղ անգամ, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում մարդը խոցելի է: Ահա այդ համատեքստում, կառավարության նախաձեռնությունը մարդկանց հետեւելու նոր գործիք չէ, այլ արդեն կիրառվող գործիք, եւ կառավարությունն ասում է, որ հայցում է այն օրենքով կիրառելու իրավունք՝ միայն համաճարակի պատճառով արտակարգ դրության ժամանակահատվածում, որպեսզի կարողանա տնօրինել վարակակիրների շրջանակը հնարավորինս արագ եւ արդյունավետ սահմանելու եւս մի գործիքի, հանրային առողջության խնդրի կառավարելիության համար: Ի դեպ, թե կորոնավիրուսի ներկայիս համաճարակի, թե նաեւ համաշխարհային պատմության վերջին տասնամյակների աղմկոտ այլ իրադրությունների պայմաններում այդպիսի նախաձեռնություն են հանդես բերել ժողովրդավարական բարձր նշաձող ունեցող մի շարք արեւմտյան երկրներ: Ըստ այդմ, խնդիրը պետք է լինի վերահսկելը՝ հանրային, քաղաքական միջոցներով, որպեսզի հանրային առողջության համար հայցվող գործիքը հետագայում որեւէ կերպ չկիրառվի հանրային-պետական առողջությանը վնասելու նպատակով: Քաղաքական ընդդիմությունը գնաց ոչ թե այդ, այլ գործիքին վնասելու ճանապարհով, իշխանությանը վնասելու պարզունակ տրամաբանությամբ եւ գործնականում պարզունակ քաղաքական հաշվարկով: Հետեւանքը եղավ այն, որ քաղաքական ընդդիմությունը համաշխարհային մակարդակով բախտորոշ ժամանակաշրջանում ինքնադրսեւորվեց հայաստանյան քաղաքականության պարզունակ մակարդակում եւ մասշտաբում: Ինչու հայաստանյան քաղաքականության, որովհետեւ, առկա իրադրությունների համատեքստում կա նաեւ հարցը՝ ինչպե՞ս կվարվեր ներկայիս կառավարող մեծամասնությունը կամ դրա մի զգալի մասը, եթե օրինակ համաճարակը լիներ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, եւ նրա կառավարությունը բերեր այդպիսի նախաձեռնություն: Այդուհանդերձ, որքան էլ հարցն իսկապես հետաքրքիր է, այդուհանդերձ, քաղաքական որեւէ ուժ պետք է ոչ թե ադապտացվի գոյություն ունեցած նշաձողերին ու վարքագծին, այլ բարձրացնի դրանք որքան հնարավոր է: Խորհրդարանի ընդդիմությունը տապալեց հերթական մոտեցումն այդ ծանրաձողին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
01-04-2020 00:19