Բանկերն այս փուլում վարկեր չեն տալիս գյուղացիական տնտեսություններին. որն է պատճառը

01-04-2020 13:06

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ գյուղատնտեսական սեզոնն սկսվել է, բայց բանկերն այս փուլում վարկեր չեն տալիս գյուղացիական տնտեսություններին: «Կան բանկեր, որոնք այսօր աշխատում են, սակայն որոշ բանկեր կան, որոնք ամենամեծ ներկայացուցչությունն ունեն մարզերում, այս բանկերն այսօր աշխատում են՝ ելնելով տեղաշարժման սահմանափակումներից, ավելի սահմանափակ ռեժիմով են աշխատում»,- տեղեկությունը հաստատեց փոխնախարարը: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումների ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրվելու գյուղացիական տնտեսություններին: Փոխնախարարը նշեց, որ արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն և կգնահատեն դրանք: «Հիմնականում իրենք այս օրերին ընդունում են հայտերը: Երեկ ես խոսել եմ մի քանի բանկերի տնօրենների հետ, և համաձայնել ենք, որ բանկերն այս օրերին կընդունեն հայտերը: Կփորձենք այդ հայտերի նախնական գնահատականը տալ: Հայտերի ընդունումից հետո արդեն մենք կտեսնենք, տեղաշարժման սահմանափակումները երբ կհանվեն, արդեն ամբողջական գործիքակազմով բանկերը կկարողանան աշխատել: Սակայն այսօր մի քիչ նաև դժվար է բանկերին մեղադրել այս հարցով, որովհետև իրենք պետք է կատարեն նաև այցելություններ: Այս բոլոր վարկատեսակները նպատակային են, չի կարող այնպես լինի, որ մարդը ձեռք բերի և ոչ նպատակային, ոչ գյուղատնտեսության համար օգտագործի»,- հավելեց նա:

Lragir.am,
01-04-2020 13:06