Թունջելիի հայը (Եթէ գրես` կը գրես Էնվեր, փակագծում` Ասատուր)

Թունջելիում հայ հարցնելիս շարունակ լսում էինք Էնվեր Դեւլեթլի անունը: Սովորաբար բոլորն էլ ասում էին, որ Դերսիմում ալեւիների մէջ շատ կան նախկին հայեր («հայ-ալեւի» կամ «ալեւի-հայ» եզրը հազուադէպ է գործածւում, աւելի կիրառական է «նախկին հայեր» եզրը), բայց որպէս առկայ հայ յիշատակում էին Էնվեր Դեւլեթլու անունը: Երբ մեր զրուցակից Իբրահիմ Օզէրին, ում ծնողները 1938ին դեռեւս «հայ էին եղել», հարցրինք, թէ ինչու, օրինակ, իրեն հայ չեն անուանում, իսկ Էնվեր Դեւլեթլիին հայ են անուանում, ասաց, որ նախ` նրա ծնողներն աւելի ուշ են ալեւիացել, քան միւս հայերինը, երկրորդ` Էնվերն ինքն իրեն վերջին հինգ-վեց տարիներին հայ է անուանում: Մեր մէկ այլ զրուցակիցը, բուն ալեւի, Դերսիմի ներքին ընկերային բոլոր կապերն ու զարգացումները լաւ իմացող մի երաժիշտ, որոշ թաքնուած զայրոյթով էր խօսում Էնվեր Դեւլեթլու «եւ նրա նմանների մասին», ովքեր, նրա կարծիքով, որոշակի շրջանակներում իրենց հայ լինելը շեշտում են յատուկ նպատակներով. «փորձում են դիւիդենտներ շահել»: Ումի՞ց շահել, ինչպէ՞ս շահել: Ալեւի մտաւորականը գտնում էր, որ իրենց հայկական ինքնութիւնը արթնացնելու երեւոյթները սկսուել են Հայաստանից վերջերս Դերսիմ եւ Ստամբուլ այցելող հայաստանցի հայերի պատճառով, որոնց հետ ինչ որ ակնկալիքներ են կապում հայկական ինքնութեան մասին խօսող նախկին հայ ալեւիները: «Ի՞նչ ակնկալիքներ»: Տարբեր, այդ թւում` նիւթական: Իրենց հայ ինքնութեան վերականգնման կամ այդ ինքնութեան մասին խօսելու շնորհիւ նրանք որոշ ընկերային հարթակ են ստեղծում իրենց անհատական խնդիրները լուծելու,- ասում էր ալեւի մտաւորականը: Միւս կողմից Թունջելիում ակնյայտ էր, որ ալեւիացած հայերի հայկական ինքնութեան մասին խօսակցութիւններն շատացել էին, եւ այդ խօսակցութիւններն իսկապէս նեարդայնացնում էին ալեւիների ճակատագրով մտահոգ որոշ մտաւորականների: Թւում էր, որ նրանց մի մասի մօտ չձեւակերպուած տագնապ կար ալեւիացածների չմոռացուած հայկական ինքնութեան վերազարթօնքի հնարաւորութեան շուրջ: Սկզբունքօրէն այդ տագնապները կարող էին սնուել տարբեր կանխատեսումներից.. Ա. ալեւիացած հայերը վերահայանալով նոր էթնօ-ընկերային շերտ կը կազմեն եւ կը դադարեն ալեւիական կախուածութիւն զգալուց, ինչն ինքնին առկայ ընկերային հաւասարակշռութեան խախտում է. Բ. ալեւիացած հայերի վերահայացման դէպքում հայերը կը ձեւակերպեն իրենց մասնաւոր պահանջը թուրքական կառավարութիւնից եւ բուն Դերսիմում կը խախտի ալեւիական պահանջատիրութեան միատարրութիւնը, որն այս պահին ուղղուած է ալեւիական մասնաւոր ինքնութեան ճանաչմանը եւ 1938ի Դերսիմի ջարդերի ճանաչմանը. Գ. ալեւիացած հայերի վերահայացման դէպքում հայերը Դերսիմում կը ձեւակերպեն իրենց էթնիկական ինքնութեան դրսեւորման անհրաժեշտութեան խնդիրը, ինչը կարող է նուազեցնել Դերսիմի ալեւիների մասնաւոր ինքնութեան դրսեւորման հնարաւորութիւնները, յատկապէս, որ Դերսիմի տարածքում հայկական եւ ալեւիական մշակութային մեծ տարբերութիւններ չկան: Ինքնութիւնների «առանձնացման» դէպքում հնարաւոր է թւում «մշակութային սեփականութեան» խնդրի առաջացումը, ինչը կարող է խիստ բարդ առճակատումների բերել երկու կողմերին եւն.: Այսպէս թէ այնպէս, Դերսիմում բնակուողների մէջ աւելի ու աւելի յաճախ է հնչում «ես հայ եմ» ձեւակերպումը, եւ այդ ձեւակերպումը ունի թէ՛ կողմնակիցներ, թէ՛ հակառակորդներ: Էնվեր Դեւլեթլին ինքը սիրով արձագանգեց հանդիպելու եւ զրուցելու իմ առաջարկին: Հանդիպեցինք 2011 Յուլիսի վերջերին, Թունջելիում: Քանի որ այդ օրերին Դերսիմում ընթանում էր ամէնամեայ դարձած «Մնձուրի Փառատօն» կրկնուող համերգաշարը, խօսեցինք այն մասին, թէ ինչպէս է Դերսիմում ըմկալւում այդ փառատօնին Հայաստանից եկած խմբերի մասնակցութիւնը: Խօսք գնաց այն մասին, որ Հայաստանում այդպիսի փառատօն չկայ, մինչդեռ Դերսիմի տարածքում իրականացուող ամէնամեայ փառատօնը լրացուցիչ հնարաւորութիւն է հայութիւնը կորցրած մարդկանց հետ շփուելու: – Այո,- ասաց,- բայց սա էլ մեր` հայերիս հայրենիքն է, մեր Էրգիրն է (Էնվերն օգտագործեց հենց հայերէն «էրգիր» բառը՝ հայրենիք իմաստով): Խօսում էինք թուրքերէն լեզուով: – Հիմա ես շատ կ’ուզենայի ձեզ հետ զրուցել: Թունջելիում ինչքան հայ հարցնում ենք` ձեր անունն են ասում: Այնպէս է ստացւում, որ այստեղ միայն ձե՛ր հայ լինելն է ճանաչւում: Ինչու՞: Ինչո՞ւ էք դուք տարբեր միւս ալեւիացած հայերից: – Իմ անունը Ասատուր է: Մեր ընտանիքում աւանդաբար օգտագործուած անուններից է Ասատուրը: Կային նաեւ Սարգիս, Մանուկ… – Հիմա ես կարո՞ղ եմ ձեզ դիմել Ասատուր անունով: – Այո, շատ լաւ, շատ գեղեցիկ կը լինի: – Ինձ ասել են, որ ձեր անունը Էնվեր Դեւլեթլի Բեդօ է: Բեդօն ո՞րն է, հայրանու՞նը: Ձեր հօր անունը Պետրո՞ս է եղել: – Մեզ Բեդոյի զաւակներ են ասել, բայց հօրս անունը Եուսուֆ էր: Բեդօ պէտք չի ասել, հիմա միայն Դեւլեթլի է, Էնվեր Դեւլեթլի: Հայերի համար` Ասատուր Դեւլեթլի: – Սիրելի Ասատուր, հիմա կարո՞ղ էք ասել, թէ ինչու միայն ձեր ընտանիքի մասին են ասում, որ հայ էք: – Ես բացէիբաց ասում եմ, որ հայ եմ, եւ հպարտութիւն եմ զգում հայ լինելուս համար: Բոլորն էլ այդ գիտեն: Ես Ստամբուլում եմ ապրում: Այստեղ միայն ամառներն եմ գալիս: Ստամբուլում ինձ հայ չէին համարում, Ստամբուլի հայերն ինձ հայ չէին ընդունում: Այդ մասին շատ է խօսուել: Ժամանակին դեռ Հրանդն էր[i] այդ մասին խօսում: Հայկական համայնքում, պատրիարքարանում ընդհարումներ էին լինում, կարծիքները միմեանց հակառակ էին: Պատրիարքարանում շատ քննարկումներ են եղել: Համայնքը մեզ չէր ընդունում եւ նոյնիսկ իմ զաւակներին հայկական դպրոցում չէին սովորեցնում: Ես Ցեղասպանութեան կենդանի մնացորդ եմ, իսկ եկեղեցին մեզ ասում էր «գնացէք ձեր կրօնը փոխէք, գնացէք ձեր անունը փոխէք, յետոյ եկէք, համարուէք հայ»: Իմ Գէորգ եղբայրը Գերմանիայում է, միւս եղբայրս Սարգիս է, քոյրս` Ժանէտ: Բայց Թուրքիայում մեծ ճնշում կար, ոնց որ մահացու մեղքի նման բան է հայ լինելը: Ես Ստամբուլում որպէս հայ չեմ ապրել, բայց էստեղ բոլորը գիտեն, որ ես հայ եմ եւ դա ինձ դուր է գալիս, քանի որ էս առումով ես հանգիստ եմ: Բայց դա հեշտ բան չի: Ես դատարանում ունեցուածքի հետ կապուած գործ ունէի, սովորական գործ էր: Բայց ընդդիմադիր փաստաբաններից մէկը միշտ ինձ նեղում էր, գրում էր, որ ես հայ եմ, եւ դրանով զգուշացնում էր, այդ ձեւով փորձում էր ազդել դատաքննութեանը: Ես էլ դատաւորին ասեցի «պարոն դատաւոր, էն որ իրենք ունեցուածքի համար մեղադրանքներ են ներկայացրել, էդ որ գրել են, որ ես հայ եմ, էդ մի բանը ճիշտ է, մնացածը ինչ որ գրած է եղել, բոլորը սուտ են»: – Յետո՞յ, դատը ինչպէ՞ս վերջացաւ: – Չի վերջացել: Մենք հող ունենք, դաշտ ունենք, իրենք սխալ են գրանցել: Իրականում [ասենք] մեր հողը հինգ քառակուսի մետր է, կադաստրը վեց է գրել, մէկ քառակուսի մետր աւել է գրել: Հիմա մեզ ասում են «դուք յանցագործութիւն էք արել»: Բայց դա մեր խնդիրը չի, մեր ունեցուածքը սխալ գրանցել են եւ չեն ուզում ուղղել: Դա մեր մեղքը չի, դա կադաստրի մեղքն է: Խնդրել ենք ուղղել սխալը, ճիշտ գրել, կադաստրն էլ ասում է` դիմէք դատարան: Մեր հողը, մեր տարածքը ուզում են մեր ձեռքից առնել: Իրենք սխալ գրել են, մեզ ասում են՝ յանցագործութիւն էք արել: Փոխանակ սխալն ուղղեն՝ մեզ գցել են դատարան: Անկարայում դատի ենք տուել, մենք շահել ենք այդ դատը, յետոյ բողոքարկել են: Ես Ստամբուլից բողոքս վերցրի, որովհետեւ ինձ չպաշտպանեց (նկատի ունի, որ օրէնքներով չշարժուեց դատարանը – Հ.Խ.): Շատ փող եմ ծախսել փաստաբանների եւ դատերի վրայ: Ստամբուլից փաստաթղթերը վերցրել եմ, հիմա Անկարայում է իմ գործը: – Քանի՞ տարի է ձեր ընտանիքը Թունջելիում է ապրում: – Մենք դերսիմցի ենք: Մենք, հայերս ամենահին դերսիմցիներն ենք: Ես երկու էջանոց քարտէզ ունեմ, բոլոր վանքերի տեղերը, եկեղեցիների տեղերը, Էրզրումի մի մասը, Մալաթիայի մի մասը… Թուրքերը չէին կարողանում Դերսիմը ղեկավարել, միայն սահմաններն էին ղեկավարում: Հայերը` Միրաքեանները, Ասոյեանները այստեղ, Դերսիմում շատ հզօր աշիրէթներ էին: Սուլթան Համիդը քրդերից բաղկացած համիդիէներ է կազմել, ասել է «գնացէք նրանց ոչնչացրէք, նրանց ունեցուածքը վերցրէք, բայց նրանց ոչնչացրէք»: – Միայն հայերի՞ նկատմամբ: Բայց չէ՞ որ այստեղ կային նաեւ ալեւի զազաներ, զազախօս եւ քրմանջախօս սուննիներ: – Սկզբում միայն հայերի նկատմամբ: Ուրիշների նկատմամբ յետոյ է ասել, սկզբում` միայն հայերի: – Ձեր նախնիներն այդ ժամանակ որտե՞ղ էին: – Կըզըլ Քիլիսէի[ii] կողմերը Կարիէ գիւղ է եղել: 1985ին մերոնք Արեւելեան Դերսիմից եկել են Արեւմտեան Դերսիմ: 15ին մեր մեծերը, որպէսզի մենք փրկուենք, այնտեղից տեղափոխուել են Մարքէզ գիւղ, որտեղ իրենք իրենց հայի ինքնութիւնը պահել են: Մարքէզ, Մազգիթ, Խոզաթ, Չմշկազագ, Արզինջա, Էլազըկ[iii]: Այդքան տեղերից բերել են այստեղ պահպանել են 1915ից: Մինչեւ 30ականները մենք մեր հայի ինքնութիւնը պահել ենք: 37ին ստիպել են եւ ամէն մէկին տարբեր տեղեր են ուղարկել, օրինակ իմ մօր ընտանիքը` Քութահիա, հօրս ընտանիքը` Անթալիա: Մենք գնում էինք որպէս դերսիմցիներ, ոչ որպէս հայեր: 38ից յետոյ Դերսիմը փոխուեց, քրդացաւ: Հենց մեր ժամանակ քրդացաւ: Ասատուր-Էնվերը լռում է: Յետոյ շարունակում է. – Մեր ընտանիքի ազգանունը Դեւլէթլի է եղել: Տաս տարի յետոյ վերադարձել են, եկել են նոյն տեղը: Մերոնք ետ են եկել, որպէսզի կարողանան մեր հոգեւոր կեանքը հոգան, որովհետեւ ճիշտ է, բոլոր եկեղեցիները ոչնչացուել էին, բայց այդ եկեղեցիների քարերը, տեղերը մնացել էին: Եթէ մնացել էին, ուրեմն ամէն մի տուն կարող էր դառնալ եկեղեցի, եթէ քարերի խորհրդանիշը կար: – Քանի՞ հոգի այդպէս վերադարձան տաս տարի յետոյ, միայն ձե՞ր ընտանիքը, թէ՞ շատերը: – Մեր ազգականները բոլորը եկել են, Ասոյեանները եկան: Բայց մնացածները ոնց որ մնացել են: – Որտե՞ղ են ապրում նրանք հիմա: – Ստամբուլում են ապրում: Պօղոսի թոռան երկու զաւակներն էլ այստեղ են: Պապիս որդիները` Պօղոսն ու Սարգիսը եկան: Իմ պապի անունը Սարգիս էր: Պօղոսի եւ Սարգիսի զաւակներն այստեղ են, Դերսիմում: Իմ հօր գերեզմանը սարքելիս «Սարգիսի որդի Եուսուֆ» գրեցինք գերեզմանի վրայ: – Հիմա այդ գերեզմանաքարերը կա՞ն: – Կան, բոլորը գնում են, նկարում են: Երկուսն էլ կան: Պապիս որդիները, մէկը Պօղոս, միւսը` Սարգիս: – Իսկ ուրիշ հայկական անուններով գերզմանաքարեր չկա՞ն: – Մամիկ կայ: 80-ականներին ասկեարները եկել են այստեղ, բոլոր հետքերը վերացրել են: Դրանից շուտ էլ են եկել, ամէն ինչը քանդել են: Այդ չար բաները յաճախ անում են նաեւ ոսկու համար, որովհետեւ ոսկի են փնտռում: Գերեզմանաքարերը, խաչքարերը շուռ են տալիս, ջարդում են ոսկու համար: – Ձեր ընտանիքը ո՞ր աշիրէթից էր: – Մայրս Միրաքեաններից էր, հայրս` Ասոյեաններից: – Այստեղ, Դերսիմում, Միրաքեանների գիւղերը որո՞նք են: – Չեմ ասի: – Ինչու՞: – Քանի որ այս պետութիւնը վախենալու պետութիւն է: 93ին 37 տղամարդ կենդանի-կենդանի վառեցին: Էս պետութիւնը նոյնիսկ երեխաներին է սպանում: Դերսիմում բոլորը հայ են, բայց բոլորը չեն ասում այդ մասին, չեն խոստովանում, միայն ես եմ ասում: Իրենք իրենց ալեւի են անուանում: – Ինչպէ՞ս կարող է մարդը ալեւի դառնալ: Օրինակ եթէ ես գամ եւ ասեմ, որ ուզում եմ ալեւի դառնալ, ինչպէ՞ս կարող եմ ալեւի դառնալ, ի՞նչ պիտի անեմ: – Ալեւին արգելուած մի հատ հաւատք է: Իրականում դուք Գրիգորեա՞ն էք (նկատի ունի քրիստոնէութեան հայկական ուղղութիւնը – Հ.Խ.), ես էլ եմ Գրիգորեան: Նրանք էլ, նրանք էլ… Մէկն ասում է Մուհամմէդ, միւսը` Յիսուս: Սուննիների ու մեր հաւատքները նոյնն են: Ալեւիները փիրեր[iv] են լինում, քրմեր են լինում, կաղանդ են անում, այսինքն նոյն Գրիգորեանն են, բոլորը մէկ են՝ հայ – Գրիգորեան, Դերսիմ, ալեւի: Միայն ալեւիները Մուհամմէդի անունն են տալիս, մնացած ամէն ինչ նոյնն է: Բայց ալեւին մարդուն, մարդկութեանն է կարեւորում, ալեւիականութեան համար ամենակարեւորը մարդն է, ոչ թէ հաւատքը, լեզուն: Պետութիւնը նրանց միշտ հետապնդել է, այդ պատճառով էլ ալեւիները կրօնական, հասարակական կազմակերպութիւններ չունեն, կառուցուածք չունեն: Շատերը չեն էլ գնում այդ աղօթատեղիները, սրբավայրերը: Ուզում եմ ասել կրօնը շատ չի կարեւորւում: Միայն թաղումների ժամանակ է, որ, ասենք, թաղում կայ, միայն այդ ժամանակ են էդ արարողակարգը պահպանում, թէ չէ չեն էլ գնում այդ աղօթատեղիները: – Այստեղ ասում են, որ ձեր ընտանիքը հարուստ է եղել: Ձեր ընտանիքը իր հարստութիւնը, իր ունեցուածքը կորցրե՞լ է. 38ի՞ն, աւելի ու՞շ, աւելի շու՞տ: – Իմ հօրեղբայրը, հօրիցս մեծ հօրեղբայրս այստեղ շատ յարգուած, համայնքը ղեկավարող, հարցեր լուծող մի մարդ է եղել: Մենք մեր սեփականութեան վկայականները` կալուածների[v] վկայականները ունէինք, բայց կորցրել ենք: Գնացէք նայէք, հարցրէք, 20ականներին ո՞վ է թափու (կալուածաթուղթ – Հ.Խ.) ունեցել: Ոչ ոք էլ չունէր, զոռով ձեռքներից վերցրել են: Իմ պապերը հայերէն գիտէին, «Հայր մեր» էին կարդում: Մենք տեղացի ենք, մենք եկած չենք, հենց դերսիմցի ենք: – Դուք գիտէ՞ք ձեր պապական ունեցուածքը, հողերը որտեղ են: – Ոչ, ես չգիտեմ (ասում է յապաղելով, կարծես թէ՝ չուզենալով): – Իմ հարցը հետեւեալն է: Յայտնի է, որ 15ին Դերսիմի առանձին գիւղեր ասկեարները չմտան, տեղական քրդերը չմտան եւ հայերին չկոտորեցին: Այդ բանը յայտնի է: Ձեր ընտանիքն այդ ժամանակ որոշապէս ո՞ր գիւղում էր ապրում, ո՞ր տարածքում, որտե՞ղ կոտորեցին, որտե՞ղ չմտան: Ասատուր-Էնվերը յապաղում է, մտածում է: Լռութիւն: – Լաւ, այս հարցը չեմ տալիս, գանք ժամանակակից կեանքին: Ձեր երեխաներն իրենք իրենց ինչպէ՞ս են անուանում` հայ, ալեւի, թուրք, ինչպէ՞ս: – Իրենք իրենց հայ լինելը գիտեն: Գիտեն նաեւ, որ ես միշտ հպարտանում եմ հայ լինելուս համար: Բայց այստեղ, Թուրքիայում, շատ դժուար է հայ լինել, հայ ապրել: Այս հասարակութիւնը թալանող հասարակութիւն է: Այստեղ ասում են հայը լաւն է, էս է, էն է, բայց հենց որ մի փոքր առիթ է լինում` անմիջապէս գլխիդ բամփում են: Նոյնիսկ այստեղ, Դերսիմում, հայերին գովում են, նրանց մասին լաւ են խօսում, ասում են հայերը այսպէս օգնեցին, այնպէս օգնեցին, բայց յարմար պահին կարող է կատաղեն, յարձակուեն, ճանկռոտեն: Ալեւիները հայերին լաւ են վերաբերում, որովհետեւ աշխատասէր, վարպետ, կօշիկ սարքող ժողովուրդ են հայերը: Քանի որ Դերսիմը պետութեան հետ շատ կապ չի ունեցել, եւ չէին կարող պետութիւնից ապրանքներ ներմուծել, հայերի մնալն այստեղ ձեռնտու էր: Եթէ հայերին սպանէին, կօշիկ կարելը, բանը ո՞վ էր անելու: Դրա համար էլ պահել են: Ճիշտ է, ասել են «մենք եղբայր ենք», բայց եթէ իրենք խնդիր են ունենում, կարող են ինձ սպանել, հային սպանել, վատութիւն անել: – Բայց դա կարող են մէկը միւսին էլ անել, ալեւին` ալեւիին: – Այստեղ հայը միշտ պէտք է զգուշ լինի: Հայ ես` պիտի տաս, պիտի վճարես: Հայը օսմանցիներին միշտ սնուցել է: Ես երեք տղայ ունեմ, երեքն էլ համալսարան են աւարտել: Մէկը համակարգիչների մասնագէտ է, միւսը ճարտարապետ է, երրորդն ուսուցիչ է, աստղագիտութիւն է սովորել: Նրանք սովորաբար ասում են, որ դերսիմցի են: Բայց իրենց հայ լինելը գիտեն: Ոչ մէկը դեռ ամուսնացած չի: Ես միշտ իրենց ասում եմ, որ պէտք է կա՛մ հայի, կա՛մ ալեւիի հետ ամուսնանան (ծիծաղում է)… բայց Ստամբուլում դա դժուար է: Յետոյ էլ իրենց միջավայրը ո՛չ հայկական է, ո՛չ՝ ալեւիական: – Հիմա դուք Ստամբուլի հայկական համայնքի հետ չէ՞ք շփւում: – Ինչու՞ չէ, շփւում եմ: Բայց նրանք ինձ այդպէս էլ որպէս հայ չընդունեցին: Հրանդը հասկանում էր մեզ, նա էլ մեզնից մէկն էր: Բայց Հրանդին ընդունում էին: Նա հայկական դպրոց էր գնացել, հայերէն խօսում էր: Նա ալեւի չէր, բայց հայկական միջավայրում չէր ծնուել: Նա լաւ էր հասկանում մահմեդականացած հայերի վիճակը, ինքնութիւնը: Շատ էր խօսում այդ մասին: Հրանդին Ստամբուլում յաճախ էին հրաւիրում այնտեղի թրքական ֆաշիստական, ազգայնական խմբերը: Հրաւիրում էին, որպէսզի անուանարկեն: Բայց Հրանդը գնում էր, նրանց հետ երկար խօսում էր, զրուցում էր: Հրանդին կանչում էին անուանարկելու համար, բայց նրա խօսելուց յետոյ նրան դէմ եղողներն էլ ծափահարում էին: Յետոյ այդ նոյն մարդիկ նրա սպանուելուց յետոյ դագաղի ետեւը կանգնած էին: Նա լաւ էր հասկանում բոլորին` թուրքերին, ալեւիներին, հայերին, հայից մահմեդականացածներին: Բոլորի հետ կարողանում էր խօսել: Հրանդից յետոյ այլեւս հայկական համայնքում այդ խնդիրները բարձրացնողներ չկան: – Ձեր երեխաների անուններն ի՞նչ են: – Մէկը Ումուդ է, մէկը` Ուֆուգ, երրորդը` Ուսկան: – Ուսկա՞ն: Հայկական Ոսկանի՞ց է: – Ուսկան թուրքերէնով խելացի արեւ է նշանակում: – Բայց Ուսկան անունն առհասարակ տարածուա՞ծ անուն է: – Չէ, շատ տարածուած չի: Բոլորը Ուսխան են դնում, ես Ուսկան եմ դրել, որպէսզի հայերէնի հետ մօտիկ լինի: – Իսկ Ձեր կինը ալեւի՞ է, ո՞ր աշիրէթից է: – Ալեւի է, Ալան աշիրէթից է: Բոլոր աշիրէթներում հայեր կան: – Դերսիմ բառի որեւէ բացատրութիւն լսե՞լ էք: – Դերսիմը Դէր-Սիմոնից է գալիս[vi]: Բայց մի հատ էլ վարկած կայ, որ իբր 2-3000 տարի առաջ ուրարտական ժամանակաշրջանում այստեղ մի հատ թագաւորի որդի է եղել, որի անունով այս տարածքը Դերսիմ է կոչուել: Հայերի հետքերն այստեղ շատ-շատ են: 40 աստիճանանոց քարից սարքած մի հատ յուշարձան կայ: Այս տարածքը փորելուց անընդհատ հայկական յուշարձաններ, քարեր են գտնում, խաչեր, եկեղեցիների հետքեր: Պետութիւնն այդ բոլորը վերցնում, տանում է: – Հայաստանում երբեւէ եղե՞լ էք: – Ուզում եմ գնալ, բայց վախ կայ մէջս: – Ինչու՞, ինչի՞ց էք վախենում: – Աւելի շուտ ամաչում եմ: Անունիս պատճառով: Էնվեր … Էնվերն[vii] ինչպէ՞ս կարող է Հայաստան գնալ,- ասում է ժպտալով:- Բայց մի օր գնալու եմ: Գնալու եմ իմ մեքենայով, Վրաստանով եմ անցնելու: Հարկաւոր է միայն թղթերս կարգի բերել: – Սիրելի Ասատուր, ես Դերսիմում իմ զրոյցները հրատարակելու եմ: Դուք դէմ չէ՞ք լինի, եթէ ձեզ հետ իմ զրոյցն էլ հրատարակեմ: Հրատարակելիս կարող եմ ձեր անունը փոխել, այլ անուն գրել: – Ես դէմ չեմ: Եթէ գրես` կը գրես Էնվեր, փակագծում` Ասատուր: Այդպէս աւելի լաւ կը լինի: ———————————————————- [i] Խօսքը յայտնի հայազգի լրագրող Հրանդ Դինքի մասին է, ով սպանուեց թուրք ազգայնականների կողմից 2007 Սեպտեմբերի 15ին Ստամբուլում, իր կողմից խմբագրուող Ակօս թերթի խմբագրատան առաջ: Դինքի աղմկայարոյց դատավարութիւնը դեռեւս շարունակւում է: [ii] Կըզըլ Քիլիսէ – այժմ՝ Նազիմիէ: Քաղաք եւ վարչական կենտրոն Թուրքիայի Հանրապետութեան Թունջելի նահանգում: 19-րդ. դարի երկրորդ կէսից մտնում էր Խարբերդի նահանգի Դերսիմի գաւառի մէջ՝ Կըզըլքիլիսէ անունով: Ընկած է Ծոփքի Պաղնատան հիւսիսի, թերեւս նաեւ մի փոքր մաս՝ Խորձեանի հարաւի մէջ, արեւելքից սահմանակցելով Ծոփքի Խորձեան գաւառի Կողոբերդ (Կեղի, Քըղի) հատուածին: Կըզըլ Քիլիսէ թուրքերէնից թարգմանաբար նշանակում է Կարմիր Եկեղեցի: Կըզըլ-Քիլիսէ անունը բացատրւում է քաղաքի հայկական եկեղեցիներից մէկում պահուող կարմիր աւետարանի գոյութեամբ: [iii] Մազգիթ, Խոզաթ, Չմշկազագ, Արզինջա, Էլազըկ,- Մազգիթ – Մեծկերտի մասին տե՛ս թիւ 1 ծթթ.: Խոզաթ (Խոզադ, Խոզատ, Գիւզաթ, Գոզաթ, Ղուզատ), քաղաք եւ վարչական կենտրոն Թուրքիայի Հանրապետութեան Թունջելի նահանգում, 19-րդ. դարում՝ գաւառակ Դերսիմի գաւառի կազմում, Խարբերդի նահանգում: Գտնւում է Դերսիմի կենտրոնում: Այժմեան Խոզաթն ընկնում է Բարձր Հայքի Մնձուր եւ Դարանաղեաց գաւառների հարաւային եւ Ծոփաց նահանգի Փոքր կամ Շահունեաց Ծոփք գաւառի հիւսիսային հատուածում: Չմշկազագ (Չմշկածագ – (թուրքերէն հնչիւնաբանութեամբ՝ Չիմիշկեզիկ), քաղաք եւ վարչական կենտրոն Թուրքիայի Հանրապետութեան Թունջելի նահանգում, հարաւ-արեւմտեան մասում, աշխարհագրօրէն ընկնում է Խարբերդի, Չարսանջակի եւ Ակնայ մէջը: 20րդ դարասկզբին Չմշկածագ գիւղաքաղաքը որպէս Չմշկածագ գաւառակի քայմաքամանիստ Դերսիմի գաւառի կազմում Խարբերդի նահանգում էր: Մասամբ համապատասխանում է պատմական Ծոփաց նահանգի Փոքր կամ Շահունեաց Ծոփք գաւառին: Չմշկածագում է ծնուել բիւզանդական հայազգի կայսր Յովհաննէս Ա. Չմշկիկը: ԺԲ. դարի պատմիչ Մատթէոս Ուռհայեցին հաղորդում է, որ Չմշկիկը Խոզան գաւառից էր, այն վայրից, որն այժմ Չմշկածագ է կոչւում (Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Երեւան, Հայաստան Հրատ., 1973, էջ 12): 20րդ դարասկզբին Չմշկածագ գիւղ կար Խոզաթի շրջանում (Հալաջեան, էջ 34): Արզինջա – Երզնկա: Էլազըկ – քաղաք եւ վարչական կենտրոն Թուրքիայի Հանրապետութիւնում, համառօտուած է Մամուրէթ Իւլ-Ազիզ անունից: Մամուրէթ Իւլ-Ազիզը Խարբերդ Քաղաքին կպած փոքր բնակավայր էր 20րդ դարասկզբին, որը Ցեղասպանութեան շրջանում հռչակուեց էրզրումի ողջ նահանգից այստեղ քշուած հայերի կոտորածների ծաւալներով ու բարբարոսութեան աստիճանով: Այժմ Խարբերդ քաղաքը փաստացի Էլազիկի մի թաղամաս է: [iv] Իսլամական արեւելքում շատ ժողովուրդների մօտ օգտագործուող «փիր» բառը նշանակում է «սուրբ», «սուրբ մարդ», երբեմն՝ նաեւ կրօնական առաջնորդ, կրօնապետ: Պատմողը խիստ կամայական է մեկնաբանում կրօնական առանձնայատկութիւնները, բայց նրա ասածի բովանդակութիւնն այն է, որ բոլոր հաւատներն էլ հիմքում նոյն սկզբունքներն ունեն: [v] Կալուածների վկայական – սեփականութիւնը հաստատող պետական փաստաթուղթ, կալուածաթուղթ: [vi] «Դերսիմի անունը Տէր Սիմոնից է գալիս» կարծիքը Դերսիմում շատ տարածուած է: Այդ մասին 2011ին ինձ նոյնպէս քանիցս ասել են: Ըստ աւանդութեան, Ջալալիների ապստամբութեան տարիներին քրիստոնեաներին պարտադրված մահմեդականացումից խուսափելու համար Դերսիմի ալեւի և հայ բնակչութեան համար հաւասարապէս յարգելի Տէր Սիմոն անունով մի քահանայ 1604-1605ին լեռնային հայկական գիւղերի առաջնորդներին առաջարկել է կրօնափոխուել, բայց իսլամի փոխարէն ընդունել ալեւիություն: Ինքը՝ Տէր Սիմոնը, ընդունել է Սեիդ Ալի անունը եւ դարձել Քուրեշանների օջախի փիրը, բայց շատ շուտով ալեւի և հայ կրօնապետերի առաջարկով դարձել է փիրե-փիրան՝ գլխաւոր կրօնապետ: Յետագայում, ըստ Դերսիմում համառօրէն շրջող աւանդութիւնների, հենց Տէր Սիմոնի անունով էլ սկզբնաւորւում է տարածքի Դերսիմ անունը (արեւմտահայերեն՝ Տերսիմ հնչողութեամբ): Այս ավանդազրոյցի առաջին տպագիր հաղորդումը պատկանում է Գ.Հալջեանին (Հալաջեան, էջ 249-250): [vii] Նկատի ունի, որ Էնվեր անունը Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Էնվեր փաշայի անունն է:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
01-04-2020 22:00