Ինչպես Չինաստանը հաղթահարեց վիրուսի տարածումը. պատմում է Չինաստանում բնակվող մեր հայրենակիցը

Մեր զրուցակիցն է Չինաստանում ապրող մեր հայրենակից Արմենուհի Ղազարյանը Չինաստանը հայտարարել է, որ հաղթահարել է կորոնավիրուսի տարածման պիկը: Չինաստանի փորձով ի՞նչ պետք է անեն մյուս երկրները, ո՞րն էր Չինաստանի՝ այս պանդեմիան հաղթահարելու գաղտնիքը: Կարծում եմ՝ Չիաստանում հաջողության գաղտնիքը նրանում է, որ ամեն բան մոբիլիզացված ու համակարգված էր: Մեկ ամսից ավել մենք իրավունք ունեինք դուրս գալու տնից միայն երեք օրը մեկ անգամ՝ առևտուր անելու նպատակով: Ինչպես հիմա Հայաստանում, այնպես էլ Չինաստանում լրացվում էր թերթիկ, բայց թերթիկը տրվում էր համայնքապետարանի գործառույթ իրականացնող կառույցի կողմից, և ամեն անգամ համայնքից դուրս գալուց համայնքի պահակներն էին նշում թերթիկի վրա, որ դու դուրս ես գալիս: Այլ համայնքներ պարզապես չէր թույլատրվում գնալ: Այնուհետև ներմուծվեց կոդերի համակարգը. յուրաքանչյուր քաղաքացի հեռախոսային հավելվածի միջոցով ձեռք է բերում կոդ՝ կանաչ, դեղին, կամ կարմիր: Եթե կոդը կանաչ է, քաղաքացին կարող էր դուրս գալ համայնքից առանց սահմանափակման: Կանաչ կոդը նշանակում է, որ քաղաքացին տվյալ քաղաքից դուրս չի եկել վերջին տասնչորս օրերի ընթացքում, և նրա առողջական վիճակը լավ է: Կարմիր կոդ ունեցող անձինք իրավունք չունեն տնից դուրս գալու քաղաք մտնելուց հետո տասնչորս օրվա ընթացքում: Քանի որ այստեղ մարդիկ օգտագործում են հավելվածներ գրեթե բոլոր տեսակի գործարքների համար՝ առևտուր, տաքսիներ, և այլն, շատ հեշտ է լինում պարզել, թե տվյալ անձը երբ և ուր է գնացել, ում հետ է շփվել: Ավելին՝ կառավարության կողմից պրոպագանդան ուղղված էր ազգովի վիրուսի տարածմանը կանխելուն: Բարձրախոսներով անընդհատ ասվում էր տանը մնալ, երբ կարելի էր դուրս գալ, և այլն: Բոլոր սոցիալական ցանցերում քննարկվում էր կառավարության խորհուրդներին հետևելու կարևորությունը: Կրթական հաստատություններն ամեն օր հարցնում էին իրենց աշխատողներին առողջական վիճակի մասին: Իմ շրջապատում բոլորը հետևում էին օրենքներին և խրախուսում մյուսներին: Անցե՞լ է մադկանց մոտ խուճապը: Կյանքը վերադարձե՞լ է բնականոն հունի: Մեր մարզում ու հատկապես մեր քաղաքում հիմա ամեն բան գրեթե նորմալ է: Բացի դպրոցներից ու այլ ուսումնական հաստատություններից, բոլոր այլ աշխատատեղերը բաց են, այգիները, թանգարանները, ժամանցային վայրերը հասանելի են հասարակությանը: Խուճապ անգամ ամենավտանգավոր շրջանում չեմ զգացել: Մարդիկ պարզապես հանգիստ հետևում էին կառավարության խորհրդին ու մնում տանը: Այնուամենայնիվ, դեռ պարտադիր է դիմակ կրելը, եթե փակ տարածքում ես, որտեղ ամբոխը մեծ է: Դասապրոցեսը ե՞րբ է վերսկսվելու: Քանի՞ ամիս է, որ դուք հետևել եք հեռավար կրթության տարբերակին: Այս պահին դեռ չգիտենք, թե երբ է վերսկսվելու դասապրոցեսը: Փետրվարից սկսած բոլոր դպրոցներն անցել են հեռավար կրթության, և դա դեռ շարունակվում է: Քանի որ Հայաստանում վարակվածների թիվն ամեն օր մեծանում է, ի՞նչ խորհուրդ կտաք: Ամենակարևոր խորհուրդը տանը մնալն է, հնարվորինս քիչ դուրս գալը, հյուր չգնալը, բարեկամների հետ չհանդիպելը: Մենք հանգիստ էինք, ու մեծ խուճապ չկար, քանի որ գիտեիր, եթե ոչ մեկի հետ չշփվես, նվազագույն է դառնում քո վարակվելու հնարավորությունը, կամ քո կողմից ուրիշներին վարակելու հնարավորությունը: Եվրոպական տարբեր երկրներում անընդհատ քննարկվում է, որ մարդկության իննսուն տոկոսը կորոնավիրուսով պետք է վարակվի: Այդտեղ նման խոսակցություններ կա՞ն: Նման բան էստեղ ճիշտն ասած չեմ լսել, որ քննարկվի: Կարծում եմ՝ լավագույն միջոցը տանը մնալն է,  հնարավորինս կենտրոնանալը առողջ ապրելակերպի վրա, հանգիստ մնալը: Մեր նահանգն ունի հիսունյոթ միլիոնից ավել բնակչություն: Այս պահի դրությամբ մենք ունենք գրացված 1257 դեպք, որից 1226 լավացել են ու դուրս գրվել, և գրանցվել է միայն մեկ մահվան դեպք: Նմանատիպ է վիճակը Չինաստանի գրեթե բոլոր նահանգներում, բացի էպիկենտրոնից: Այսինքն՝ հնարավոր է կանխել վիրուսի տարածումը, եթե ամեն մարդ հասկանա իր դերն այդ գործում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
01-04-2020 22:48