Վարպետի հետ «ճակատամարտ» գնալը մեծագույն պատիվ էր. ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

01-04-2020 22:51

«Օթելլո», «Ռոմեո», «Պեպո», «Արա Գեղեցիկ», «Արշակ թագավոր», «Կորիոլան»… Հայ թատրոնի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանը, որն իր համոզիչ խաղով գերել է ոչ միայն հայ, այլև արտերկրի հանդիսատեսի սրտերը, ապրիլի 1-ին կդառնար 90 տարեկան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանը, որը սովորել է Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, ասաց, թե ինքն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել լինել Աբրահամյանի սիրելի ուսանողներից մեկը: «Մեծ հնարավորություն էր մոտիկից տեսնել վարպետին, լսել նրա շնչառությունը, նրա ձայնի ելևէջները, իմաստուն խոսքը: Նրանից անընդհատ կարելի էր սովորել…Սովորել լռել, կարողանալ լսել, լինել ճշմարիտ, կարևորել խոսքը, կառավարել մարմինը, նայել դիմացինի աչքերի մեջ և չվախենալ: Սրանք մեր մասնագիտության կարևոր բաղադրիչներն են, որոնք հետո պետք է ինձ ուղեկցեին բեմում իմ ամբողջ կյանքի ընթացքում»,-նշեց դերասանը: Մարգարյանի խոսքով՝ Խորեն Աբրահամյանը բարձր  էր գնահատում նախ և առաջ թատրոնը սիրող մարդուն, արվեստագետին, որովհետև ինքն այդպիսին էր: «Նրա սերը դեպի իր մասնագիտությունն ու թատրոնն այնքան մեծ էր, որ այն փոխանցվում էր շրջապատին: Նա իր ամբողջ էությամբ թատրոն էր՝ «մարդ­թատրոն»: Աբրահամյանը սիրում էր բեմը, և բեմն էլ փոխադարձ սիրով տրվում էր նրան՝ նրա բոլոր քմահաճույքներին տալով վեհություն, հնարավորություն նվաճելու սրտեր, շոյել մարդկանց մտքերն ու հոգին և դառնալ նրանց երազների ասպետը: «Բեմ դուրս գալը ճակատամարտի է նման. կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես»: Աբրահամյանի այս խոսքերը մինչև հիմա ինձ հետ են: Դա է պատճառը, որ ես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ մասնագիտությանը: Հայրենիքի համար կռվող զինվորի պես, ինչպես կցանկանար հենց ինքը՝ մեր «զորավարը», որի հետ ճակատամարտ գնալը մեծագույն պատիվ էր, և ամենակարևորը՝ այն մեծ հավատ էր ներշնչում,  որ անպայման հաղթանակով ենք վերադառնալու»,-շեշտեց Արմեն Մարգարյանը:

Lragir.am,
01-04-2020 22:51