Ավելի իրատեսական է այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման ճանապարհը

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Պարոն Թունյան, հայկական կողմը դիմել է «Գազպրոմ» ընկերությանը՝ սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի հնարավոր նվազեցման հարցով: Հաշվի առնելով նավթի ու գազի միջազգային գների նվազումը, ի՞նչ հնարավորություններ կան, որ գազի գինը կարող է նվազեցվել Հայաստանի համար: Ես հայկական կողմի քայլը գնահատում եմ նորմալ ու սպասված: Եվ հաշվի առնելով ոչ միայն համաշխարհային գների դինամիկան, այլ նաև կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքը, մեր երկու երկրների միջև բարեկամական կապը, ես կարծում եմ՝ շատ նորմալ առաջարկ է: Եվ հույս ունեմ, որ մեր գործընկեր երկիրը այդ առաջարկը հաշվի կառնի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գազպրոմի» ղեկավարին ուղղված նամակում նաև բարձրացնում է գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ հարցի քննարկումը: Անընդհատ բարձրացվել է այդ հարցը, բայց կարծես լուծում չի եղել, հիմա ի՞նչ կարող է փոխվել: Դա միշտ քննարկվել է վերջին տարիներին, բայց թե ինչքանով է իրատեսական այս պահին, այսինքն՝ նկատի ունեմ, թե ինչքանով կհամաձայնեն այդ տարբերակին, դա չեմ կարող ասել: Բանակցությունների թեմա է այդ հարցը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հուլիսի մեկից գազի սակագինը բարձրացնելու համար: Մասնավորապես, ընդհանուր առմամբ 36 տոկոս թանկացման մասին է խոսքը: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական, որ սակագինը կարող է բարձրանալ: «Գազպրոմ Արմենիան» մասնավոր ընկերություն է, և ըստ այդմ իրենք իրավասու են ցանկացած հայտ ներկայացնել և սոցիալակայն գործոնները հաշվի չառնել: Այսինքն՝ իրենք այդպիսի պարտավորվածություն չունեն: Թե դա ինչքանով է տեղավորվում ուրիշ սկզբունքների մեջ, դա իմ դատելու հարցը չէ: Ինքը, որպես մասնավոր ընկերություն, հայտ ներկայացնելու իրավունք ունի, բայց հայտ ներկայացնելը դեռ չի նշանակում, որ այդ հարցով որոշում կա: Ժամկետ կա՝ 90 օր, և այդ ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է այդ հայտի հիմնավորվածությունը հասկանա ու ըստ այդմ որոշում կայացնի: Բայց այս իրավիճակում, երբ խոսվում է սահմանին գազի գինը նվազեցնելու մասին, նման հայտ ներկայացնելը որքանո՞վ է տրամաբանական: Եթե ես բարեգործական ընկերություն լինեի, կամ սոցիալական ավելի մեծ պատասխանատվության կոմպոնենտ ունենայի, կամ սոցիալական նկատառումները գերակշռեին բիզնեսից շահույթ ստանալու նպատակներին, չէի դիմի այդ հարցով: Բայց եթե այդ ընկերությունը համոզված է, որ իրեն այս պահին դա պետք է, ինքը, որպես բիզնես ընկերություն, իրավունք ունի դիմելու: Պետությունն էլ, որպես պետություն, իրավունք ունի դրա հիմնավորվածությունը ստուգելու: Հայկական կողմը հաշվարկ ունի՞, թե մոտավոր քանի տոկոսով է հնարավոր նվազեցնել սահմանին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը: Այդ հարցին չեմ կարող պատասանել, որովհետև ես ինքս բանակցությունների գործընթացում ներգրավված չեմ: Այդ հարցը ավելի շատ կախված է ոչ թե մեզանից, այլ վաճառող կողմից: Հաշվի առնելով աշխարհում գազի շուրջ ստեղծված իրավիճակը, արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանում մտածեն գազ գնելու այլընտրանքային տարբերակների մասին: Ընդհանրապես մեր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար այդ ճանապարհները միշտ էլ քննարկվել են ու քննարկվում են: Եվ եթե կլինի այլ՝ ավելի հարմար առաջարկ կամ տարբերակ, որն իրագործելի կլինի, դա հիմա էլ է քննարկման առարկա: Բայց ես ուզում եմ շեշտել, որ մենք այս փուլում ավելի շատ պետք է մտածենք այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման, նաև էնեգախնայողության ու էներգաարդյունավետության մասին, ինչն ավելի իրատեսական է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
02-04-2020 10:23