Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը

02-04-2020 15:02

Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը: Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է  եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել: Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած: Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխա­տանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ: Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները: Ո՛չ, չեն կարող: Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը: Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու: Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը: Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ: Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում: Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը: Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար: Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից: Ինչպե՞ս եմ ստանալու գումարը: Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե: ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Lragir.am,
02-04-2020 15:02