ՀԱՊԿ-ը հանդես է գալիս որպես Լենին-Աթաթուրք դաշինքի պահապան և Հայաստանին մեղադրում է զինադադարը խախտելու մեջ

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ Ադրբեջանի զինուժը դիմել է սադրանքի, կրակոցներ և դիվերսիայի փորձ է եղել, որի առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել: Նա նշել է, որ դա չի նպաստում երկու երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով  ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Ես համարում եմ՝ սա ուժեղ հայտարարություն է՝ ի վնաս Հայաստանի: Այսինքն՝ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս որպես Լենին-Աթաթուրք դաշինքի պահապան, աջակից և Հայաստանին մեղադրում է զինադադարը խախտելու, սահմաններին կրակոցներ արձակելու մեջ: Այդ բոլորի թիրախը Հայաստանն է, որովհետև դրա թիկունքում թաքնված է այն միտքը, թե ով է իրադրության սրման նախաձեռնողը: 1988 թ. սկսված ղարաբաղյան շարժման շահառուն, այսինքն՝ Հայաստանը, խախտելով 1921 թվականի մարտի 16-ի Լենին-Աթաթուրք՝ Մոսկվայի կոնֆերանսի հաստատած ստատուս քվոն, առաջացրել է լարվածություն: Թիրախը ակնհայտորեն Հայաստանն է, որովհետև ՀԱՊԿ անդամ որևէ պետություն երբևէ չի կասկածել Մոսկվայի կոնֆերանսի օրինականությանը, որևէ մեկը չի ճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը սահմանների անձեռնմխելիության և ուժ չկիրառելու հանգամանքից: Այսինքն՝ մարդու իրավունքների ՄԱԿ-ի դատարանի 2012 թվականի որոշումը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է, երբ մետրոպոլիան չի ճանաչում ազգային փոքրամասնությունների անկախ պետություն ունենալու իրավունքը: Այսինքն՝ այդ դեպքում ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի բարձր արժեք է: Այդ որոշումը եղել է Կոսովոյի առիթով Սերբիայի հայցադիմումի պատասխանը, որ Կոսովոն իրավունք ուներ, խախտելով Սերբիայի սահմանների անձեռնմխելիությունը, ուժ կիրառելով դուրս գալ Սերբիայի կազմից, որովհետև Սերբիան չէր ճանաչում ալբանացիների ինքնորոշման իրավունքը: Դա նախադեպ է, որը եղել է մոտ 10 տարի առաջ: ՄԱԿ-ը ճանաչել է ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը սահմանների անձեռնմխելիության նկատմամբ որոշակի պայմանների դեպքում: Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, ընդհուպ մինչև Ադրբեջանի կազմից դուրս գալը: ՀԱՊԿ-ից որևէ մեկը չի ճանաչում հայերի ինքնորոշման իրավունքը, դրա համար Զասի հայտարարությունը հակահայկական էր, դա Ադրբեջանի դաշնակիցների հայտարարությունն էր Հայաստանի դեմ: Մեզ ուզում են վռնդել ՀԱՊԿ դաշինքից, ուզում են վռնդել ԱՊՀ-ից, Մաքսային միությունից, ԵԱՏՄ-ից, իսկ մենք համառորեն մնում ենք նրանց հավատարիմը, նրանց ենթական: Գազի գնի բարձրացման հարցը նորից հայ-ռուսական օրակարգում է: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է հուլիսի 1-ից բարձրացնել գազի սակագինը բնակչության համար: Այս պահին, երբ բոլոր երկրներում տնտեսական լուրջ խնդիրներ են, ինչո՞ւ ռուսական կողմը չի գնում զիջումների: Այս առիթով ավելացնեմ նաև գազի գնի բարձրացման հարցը: Ամբողջ աշխարհում այդպիսի գին չկա, ու էլի են ուզում բարձրացնել: Դրանով ասում են՝ գնացեք, հեռացեք մեզանից: Ես կարծում եմ, որ այդ համատեքստում պետք է նայել խնդրին: ՀԱՊԿ-ի առիթով ուզում եմ ևս մի բան ասել. ՀԱՊԿ-ն ընդհանրապես ռուսական իմպերիայի «կլիչկաներից» մեկն է: Ռուսական իմպերիան ուներ ԽՍՀՄ կլիչկան, ուներ ԱՊՀ կլիչկան, ունի Մաքսային միություն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կլիչկաները: Այսինքն Ռուսաստանն իր ֆորպոստին, իր սահմանները պաշտպանող դիրքապահին զենքը վաճառում է ճիշտ այնպես, ինչպես օրինակ եթե մենք Տավուշի մարզի մեր զինվորականներին կրակած փամփուշտների համար տուգանենք, կամ զենքը վաճառենք նրանց հանդերձանքի հաշվին կամ նրանց հարազատներից գումար պահենք կրակած փամփուշտների համար, օգտագործած տեխնիկայի ու հագուստի համար: Ճիշտն այն ձևով ՀԱՊԿ-ն, այսինքն՝ ռուսական իմպերիան զենքը իր ֆորպոստին վաճառում է: Մենք պաշտպանում ենք իր շահերը ՆԱՏՕ-ի դեմ, ու ինքը զենքը մեզ ոչ թե նվիրում է, այլ վաճառում է: Ոչ թե խնդրում է, որ պաշտպանենք իր շահերը ՆԱՏՕ-ի դեմ: Հայ ժողովուրդը ՆԱՏՕ-ի դեմ կռիվ չունի, մենք դրանից չենք վախենում, նա մեզ չի սպառնում: Ճիշտ հակառակը՝ հայ ժողովրդի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի շնորհիվ է, որ ռուսական իմպերիան թույլ է տալիս, որ լինի հայկական պետություն: Պատկերացրեք, մենք հիմա ծառայում ենք ռուսական իմպերիային, իրենց շահերն ենք պաշտպանում, և մեզ զենքը վաճառում են: Ես կարող եմ օրինակ բերել Իսրայելը, որը միայն ԱՄՆ-ից տարեկան 3 մլրդ դոլարի նպաստ է ստանում պաշտպանության նախարարության համար: ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրոյի աջակցություն հատկացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մինչդեռ ԵԱՏՄ-ում չկա այդ հարցում միասնություն, ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում: Իհարկե չի կարող լինել: ԵԱՏՄ-ում մենք պատանդ ենք: Մենք որպես արևմտյան քաղաքակրթության կրող, որպես եվրոպացի, այս Եվրասիայում պատանդ ենք և նրանք մեզ պատժելով պատժում են Արևմուտքին: Պատանդի վրա կրակում են ճիշտն այնպես ինչպես տեռորիստները պարբերաբար իրենց պատանդների վրա կրակում են, որպեսզի նրանց հարազատը ցավ զգա, հանձնվի: Մենք պատանդ ենք ԵԱՏՄ-ում, նրանք ոնց կարող են մեզ օգնել: Ջուրը տալիս են, նվազագույն սննդամթերքը տալիս են, որ պատանդը ողջ մնա, չմահանա: ԵԱՏՄ-ում Հայաստանի և Արցախի կարգավիճակը պատանդի է, նրանք մեր դաշնակիցներին, այսինքն իրենց հակառակորդներին պարբերաբար սպառնում են, որ կոչնչացնեն իրենց հարազատին: Ես չեմ տառապում ոչ կորոնավիրուսով, իմ կյանքում երբևէ գրիպով չեմ հիվանդանցել 70 տարվա մեջ, ոչ էլ ունեմ այդ միամտությունը, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին պետք է օգնի, որ իբր նա մեր դաշնակիցն է: Ես իմունիտետ ունեմ, ես չեմ ճանաչում, չեմ ընդունում, որ նրանք մեր դաշնակիցն են: Իսկ եթե մեր դաշնակիցը չեն, ի՞նչ պարտավորության մասին է խոսքը: Ով մեզ օգնում է, նա էլ մեր դաշնակիցն է, սա հասարակ բանաձև է: Ով չի օգնում, մեր դաշնակիցը չի, իսկ ով խանգարում է մեր հակառակորդն է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
03-04-2020 08:34