Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը. Ժողովուրդ

03-04-2020 09:46

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մարտի 31-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր. «Կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի եւ անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջիններս ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը եւ ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները եւ անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաեւ փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա»:

Lragir.am,
03-04-2020 09:46