Համաշխարհային բանկը 3մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուս համավարակի դեմ պայքարում

03-04-2020 11:07

Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին: ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար: Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի  շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության  50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ: Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ: Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով: Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար: «Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության: Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»: Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով: Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով: Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը սերտորեն համակարգվում է մյուս միջազգային կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների օժանդակության հետ: Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումների գնումն իրականացվելու է անմիջականորեն Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների մատակարարման խողովակներով՝ հաշվի առնելով գլոբալ շուկայում ինտենսիվ թերապիայի այստեսակ սարքավորումների մասով առկա սահմանափակումները: Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով: Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը: Քանի որ երկրներն ավելի ընդգրկուն աջակցության կարիք ունեն, Համաշխարհային բանկի խումբը 15 ամսվա ընթացքում 160 միլիարդ դոլար կներգրավի աղքատ ու խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնմանն օժանդակելու համար:

Lragir.am,
03-04-2020 11:07