Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի համար. ուշագրավ տվյալներ

03-04-2020 11:47

Ռուսական գազի գները մարտի վերջին օրերին եվրոպական շուկայում զգալի նվազել են՝ դառնալով ավելի ցածր, քան ներռուսական գները: Եվրոպական շուկայում գազի գինը վերջին օրերին նվազել է մինչև 80 դոլար 1000 խմ դիմաց: Ռուսաստանի Լենինգրադի մարզում գազի գինը, մինչդեռ, կազմել է 85 դոլար 1000 խմ դիմաց: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին գազ պետք է մատակարարի 1000 խմ դիմաց 40-45 դոլարով: Այժմ գինը 127 դոլար է: Վերջին շրջանում Ռուսաստանը գազի գնի զեղչեր է տրամադրել արևելաեվրոպական մի շարք երկրների: Մասնավորապես, Բուլղարիան մարտին ստորագրված նոր պայմանագրով ռուսական գազը գնում է 40% զեղչով (գինը առևտրային գաղտնիք է, մասնագետների գնահատմամբ կդառնա մոտ 120 դոլար 1000 խմ դիմաց): Բացի այդ, Գազպրոմը Բուլղարիային կփոխանցի մոտ 83 միլիոն դոլար, քանի որ նոր գինը հետադարձ ուժով տարածվելու է մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը: Բուլղարական գազային ընկերությունը, իր հերթին, այդ գումարը վերադարձնելու է սպառողներին: Բուլղարացի սպառողի համար գազի գինը նվազել է ավելի քան 40%-ով: Վերջին շրջանում Գազպրոմի գործերը լավ չեն դատարաններում: Ստոքհոլմի արբիտրաժի որոշմամբ ռուսական կողմը 2019 թվականի վերջին համաձայնվել էր ուկրաինական Նաֆտոգազին 3 միլիարդ դոլար վճարել: Գազպրոմի հանդեպ դատարանում տարած հաղթանակի մասին է հայտարարել նաև լեհական պետական գազային ընկերությունը: Ըստ այդ որոշման՝ Գազպրոմը լեհական PGNiG ընկերությանը պետք է 1.5 միլիարդ դոլար վերադարձնի: Արբիտրաժը որոշել է, որ ռուսական գազի գինը Լեհաստանի համար ոչ շուկայական ու չհիմնավորված բարձր է եղել: Հայաստանը՝ պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը միջպետական, ԵՏՄ, ՀԱՊԿ եւ այլ գծերով, Ռուսաստանից գազը սահմանին ստանում է Եվրոպայից գրեթե կրկնակի թանկ՝ 165 դոլարով: Գազպրոմը հայտ է ներկայացրել գազի գինը հուլիսի 1-ից թանկացնելու համար: Ըստ երեւույթին, ռուսները համաշխարհային էներգետիկ շուկայում իրենց կորուստներն ու տապալումները որոշել են փոխհատուցել հայերի հաշվին:

Lragir.am,
03-04-2020 11:47