Իսլամացված, իսլամացած, ալեվիացած, ծպտյալ հայերի ինքնության խնդիրները Թուրքիայում

2010թ. դեկտեմբերի 18-ին Ստամբուլում բարեկամուհուս տանը զրուցում էինք Ստամբուլի հայության խնդիրների շուրջ: Ստամբուլից չորս հոգի էին զրույցի մասնակիցները՝ զույգ ամուսիններ: Չորսնն էլ՝ հայախոս, հայության ճակատագրով մտահոգ մտավորականներ: Խոսք գնաց  մի դեպքի մասին, որ խորապես ցնցել էր համայնքը և որին անդրադարձել էին նաև լրագրերը: Մի հայ աղջիկ ամուսնացել էր մահմեդականի հետ: Վերջին քսան-երեսուն տարիների համար զգալիորեն սովորական պատմություն: Սակայն տվյալ դեպքում աղջկա ընտանիքը կտրուկ դեմ էր եղել այդ ամուսնությանը և կապերը աղջկա հետ խզել էր: Բայց աղջկա եղբայրը դրանով չէր բավարարվել և սպանել էր թե քրոջը, թե փեսային: Դատին հետևող լրագրողների ուշադրության հիմնական թեման դարձել էր այն փաստը, որ ինչպես պարզվել էր՝  փեսան սասունցի իսլամացած հայերի ընտանիքից է: Այս դեպքը առիթ էր դարձել հանրայնորեն անդրադառնալու Թուրքիայում զգալի ծավալ կազմող իսլամացած (թրքացած, արաբացած, քրդացած), իսլամացած, սակայն հայ ինքնությունը պահած, ալեվիացած, ծպտյալ ու ոչ ծպտյալ հայերի, քրիստոնյա հայերի հետ նրանց հարաբերությունների և առհասարակ կրոնափոխությանը հետևող էթնիկական, սոցիալական, մշակութային, նաև քաղաքական խնդիրներին: Զրույցի ընթացքում պարզվեց, որ իմ բոլոր չորս զրուցակիցներն էլ անցյալում իսլամացած ազգականներ ունեն, և չնայած իրենք բոլորն էլ որոշ հարաբերություններ միմյանց հետ պահում են, միմյանց այցելում են, անհրաժեշտ դեպքերում միմյանց օգնում են, սակայն «երկու կողմն էլ» գերադասում է այդ հարաբերությունները «չցուցադրել» ոչ հայկական, ոչ իսլամական միջավայրերում: Եվ սա շատ տարածված երևույթ է: Քրիստոնյա և իսլամացած, ալեվիացած հայերի ներազգակցական հարաբերությունները իրենց բարդություններով հարցի մի կողմն են: Հարցի մյուս կողմն է, թե ինչպես է այդ խնդիրը հանրայնանում հայկական և իսլամական, տվյալ դեպքում՝ թուրքական, քրդական, արաբական միջավայրերում: Իսլամացած-իսլամացված հայերի թեման հատուկ սրությամբ սկսել է քննարկվել վերջին քսան-երեսուն տարիներին: Այս ընթացքում հակոտնյա կարծիքներ են ձևավորվել թե քրիստոնյա հայկական՝ հայ են-հայ չեն-ի, ընդունենք-չընդունենք-ի, իմանանք-չիմանանք-ի և այլ նմանօրինակ հարցերի շուրջ, թե իսլամական  միջավայրում՝ անկեղծ են, թե ծպտված, բարեկամ են, թե թշնամի: Թուրքական իշխանություններն այնքան երկար շահարկեցին քուրդ զինյալների «հայկական ծագման» թեման, որ  տպավորություն է ստեղծվում, թե այն միտված է «թուրքի հիմնական, եթե ոչ միակ թշնամին հայն է» կարծիքի ներդրմանը: Կրոնափոխվածներին այս համատեքստերում հաճախ յուրային չեն դիտում: Համենայն դեպս չափազանց հաճախ է հնչում «կրոնափոխված հայ վիժվածքներ» ձևակերպումը: Կրոնափոխված, չկրոնափոխված՝ թուրքական ներքին լսարանին ուղղված բառամթերքում հայը միշտ «վիժվածք» է: Իմ իսլամացած հայ զրուցակիցներից մեկի գնահատմամբ թուրքերը տևական ժամանակ է՝ թշնամի են համարում հույներին, հրեաներին, քրդերին, բայց դրանցից ոչ մեկին չեն ատում: Ատելության ծանր զգացումը վերապահված է միայն հայերին (տես «Իսրայելցիների, հույների, վրացիների նկատմամբ ատելություն չկա: Մեծ ատելությունը հայերի նկատմամբ է» պատմությունը): Հայը ատելի է իր բոլոր կերպարներում՝ քրիստոնյա, մահմեդական, ալեվի: Ավելին՝ սուննի, ալեվի, թրքախոս, քրդախոս հայը միշտ ծպտված կամ բացահայտ թշնամի է դիտվում Թուրքիա պետությանը և կազմավորվող թուրք ժողովրդին: Թուրքիայում հայ ժողովրդի պատմությունը չիմացողի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծեք հայերը, խաբելով թուրքական իշխանություններին, ծրագրավորված, կամավոր և թաքուն կրոնափոխվել են՝ թուրքական հասարակությունը ներսից պայթեցնելու հեռահար նպատակով: Իսկ հայերի պատմությունը Թուրքիայում ամենից ավելի չգիտի հենց թուրքական հաարակությունը: Եթե ընդհուպ մինչև քսաներորդ դարի վերջերը թուրքական քաղաքական միտքը զգալիորեն հանգստացել էր «թշնամի հայերի» նկատմամբ ատելության հրահրման «անհրաժեշտությունից», ապա ժողովրդավարացող Թուրքիան նոր թափ է հաղորդել այդ ատելությանը: Պաշտոնական մակարդակով ոչ ոք չի խոստովանում, որ հայերի իսլամացումը պետական ճնշման հետևանքով էր, փոխարենը բարձրաձայնվում է իսլամացած հայերից իբրև թե Թուրքիային սպասվող սպառնալիքը: Պարզ է, որ այս վիճակն ազգայնականներին թելադրում է խստացնել իսլամացած հայերի նկատմամբ մերժողականությունը, որով ոչ միայն վերահաստատվում է կրոնափոխված հայերի մեկուսացումը, այլև՝ ինտեգրման դժվարությունները: Ատելության և դրան հետևող վախի ընդհանուր մթնոլորտը զգալիորեն բարդացնում է իսլամացած հայերի ինքնության փնտրտուքի հանգրվանը: Եթե քեմալական Թուրքիայում իսլամացած հայերը թաքուն հույսեր էին փայփայում, որ իրենց առաջիկա սերունդները կկարողանան այդ բարդ երկրում բավականաչափ ինտեգրվել և դառնալ պարզապես քաղաքացի, ներկայումս նրանց համար ակնհայտ է, որ այդ հեռանկարը դեռևս շատ հեռու է: Չափից ավելի հաճախ են մարդկանց նախատինքով հիշեցնում նույնիսկ տատի, նախատատի հայ լինելու հանգամանքը: Հայերի իսլամացման շրջանում Թուրքիայում բավական էր «սուննի մահմեդական» լինելը: Եվ կրոնափոխված հայերի զգալի մասը սուննիացել է՝ հարմարվելով առաջադրված պահանջին (ալեվիացումը մասնավոր իրավիճակի հետևանք էր): Ներկայում դա բավարար չէ, սուննիացումից զատ անհրաժեշտ է «թուրք» լինել: Մինչդեռ իսլամացած հայերի մեջ անհամեմատ շատ են «քրդական», մասամբ՝ «արաբական» միջավայրի սուննիները, չխոսելով արդեն ալեվիացածների մասին: Արդյունքում  իսլամացած-քրդացած հայերը կրկին հայտնվել են թիրախավորված անցանկալիների շերտում և նոր դժվարություններ են առաջացել նրանց ինտեգրման համար: Առանձին քննարկման հարց է հայկական միջավայրում մահմեդական հայերի «տեղի փնտրտուքի» թեման: Սա պակաս չի հուզում այն իսլամացած հայերին, ովքեր թե զգայական, թե վարչական զգալի դժվարություններով նույնիսկ վերաքրիստոնեանալով իրենց մերժված են զգում Թուրքիայի հայկական համայնքի կողմից: Ստամբուլի մտավորական հայուհիներից մեկը պատմեց դերսիմցի մի տղայի մասին: 2000թ. նա, ինքն իր դեմ երկար պայքարելուց հետո, սուս ու փուս գնում է, դիմում դատարան, խնդրելով իր անձնագրում «մահմեդականի» փոխարեն  գրել «քրիստոնյա», դատարանում հիմնավորելով, որ իր պապերին հարկադրել են իսլամանալ և իր իսլամությունը իր պապի նկատմամբ կիրառված բռնության հետևանք է: Դատարանի որոշմամբ անձնագիրը փոխվում է, ողջ գործընթացը տևում է երկու շաբաթ, որից հետո սկսվում է տղայի առաջին բուն հայկական տառապանքը: Տղան գալիս է պատրիարքարան` խնդրելով իրեն և իր ընտանիքին մկրտել և այստեղ վրդովվում են, որ նա «ինքնուրույն քրիստոնյա է դարձել»: Պետք է ուսուցում անցներ, պետք է որոշվեր, արդյոք ինքը «հասունացե՞լ է» քրիստոնյա դառնալու համար: Սկսվում է քաշքշուկ, տղային ուղարկում են իշխանություններից թույլտվություն բերելու, նա բացատրում է, որ ինքն արդեն դատարանով հարցը կարգավորվել է… Այս դեպքի առթիվ հրավիրվում է թեմական խորհդրի նիստ, կարծիքները բաժանվում են: Թեմական խորհրդի նիստին մասնակցող մտավորական հայուհին փորձում է հիմնավորել տղայի իրավունքը, ասում է, որ իրեն անձամբ մկրտել են մանկահասակ շրջանում, երբ ինքը ոչինչ չգիտեր և չէր հասկանում, որ ինքն անտարբեր է իր կրոնական պատկանելությանը, բայց ահա այս տղան գիտակցված ընտրություն է կատարել… Տղան այդպես էլ վերադառնում է Դերսիմ: Անշուշտ պատրիարքարանի դիրքորոշումն զգալի չափով, եթե ոչ ամբողջովին պայմանավորված է թուրքական իշխանություններից ունեցած վախով՝ «հանկարծ ու մի բան դուրս չգա»: Մյուս կողմից միանգամայն հնարավոր է, որ հայոց պատրաիրքարանը ներքին կարգով բանավոր զգուշացում ունի ձեռնպահ մնալ «վերահայացումը» խրախուսելուց: Արդյունքում զուգահեռաբար ընթանում են տարատեսակ «վերահայացումներ»,-բողոքական եկեղեցիներում, եվրոպական երկրների եկեղեցիներում, երբեմն էլ՝ Հայաստանում: Բայց զանգվածայինն այն է դառնում, որ խուսափելու համար թե թուրքական վարչական քաշքշուկից, թե հայկական եկեղեցիների խիստ զգուշավոր կեցվածքից, ինչպես նաև եվրոպական միջավայրերի հետ շփվելու արդյունքում մահմեդական հայերի առնվազն մի մասի մեջ հասունանում է ինքնության արտահայտման մեջ էթնիկ պատկանելությունը կրոնականից անջատելու ձգտումը,- «եղբայր, ես հայ եմ, բայց ի՞նչ կա, որ մահմեդական եմ»: Իրականում այստեղ առկա են ընտրության դժվարության մի շարք նրբերանգներ. Ոմանք չգիտեն ինչ է «քրիստոնյա» լինելը, և ինչպես են քրիստոնյա լինում: Արդեն երկրորդ-երրորդ սերունդը մահմեդական է, գիտի այդ կենցաղը, ապրում է այդ միջավայրում և վախենում է փոփոխությունից` իր անհայտ հեռանկարներով: Բայց կուզենար արդեն բացահայտ հայ լինել, ոչ թե կիսաթաքուն կամ թաքուն հայ, Ոմանք շարունակելու են ապրել իրենց մահմեդական հարազատների, ազգականների միջավայրում, որտեղ կոնկրետ իրենց «հայ» լինելուն դեմ չեն, բայց խորթ կլինի նրանց քրիստոնյա լինելը, Ոմանք վստահ չեն Թուրքիայում կատարվող փոփոխություններով, վախենում են կապերը խզել Թուրքիայի իսլամական աշխարհից: Նրանց սոցիալական հիշողության մեջ «քրիստոնյան այդ երկրում դատապարտված է» գիտակցությունն ամուր նստած է, Շատերը չեն ուզում գործ ունենալ թուրքական պետական մարմինների հետ, իրավաբանորեն ապացուցել իրենց բռնի իսլամացման դեպքը և պաշտոնապես ստանալ ինքնության փոփոխության իրավունք: Չնայած օրենքը թույլ է տալիս, սակայն պետական մարմինները սովորաբար դժկամությամբ են ընդառաջ գնում, ստորին օղակների չինովնիկները կոշտ են վարվում դիմորդների հետ, ձգձգում են, դժվար գտնվող ապացույցներ են պահանջում և այլն, Գավառներում որոշ վայրերում արխիվները կամ չեն պահպանվել, կամ՝ բանավոր ասվում է, որ չեն պահպանվել, և նախնիների ինքնության մասին տեղեկանքները հնարավոր չի լինում ձեռք բերել, Գավառներում շատերը պարզապես ամաչում են, անհարմար են զգում ինքնության փաստաղթերը հավաքել մի միջավայրում, որտեղ վարժվել են իրենց մահմեդական համարել, Ընդհուպ մինչև քսանական թվականները Թուրքիայում գրագրությունը օսմաներենով էր, արաբատառ էր, իսկ այսօրվա հատկապես գավառների ստորին օղակի պաշտոնյաները չեն տիրապետում այդ լեզվին, և դա զգալիորեն դժվարացնում է նախնիների ինքնությունների մասին վկայականների ձեռք բերումը, Քրիստոնյա հայերն իրենք օտարում են մահմեդական հայերին, և նրանց զգալի մասը վախենում է, որ վերահայանալու դեպքում օտարված կլինի թե հայկական, թե իսլամական միջավայրերից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հայկական միջավայրից հաճախ օտարվում են նույնիսկ քրիստոնյա դարձած նախկին մահմեդականները: Հիրավի, համարյա հարյուր տարվա ընթացքում հասարակության մահմեդական հատվածում որոշ չափով ինտեգրված այս մարդիկ վախենում են երկու կողմից էլ մերժված և օտարված լինել, իսկ իրենք նույնիսկ առանձին համայնք չեն, ցրված են ողջ Թուրքիայի տարածքում և թողնված են իրենք իրենց զգացմունքների և սոցիալական պատասխանատվության հետ մեն-մենակ: Չի կարելի ասել, թե Ստամբուլի հայկական համայնքին այս խնդիրները չեն հուզում: Այստեղ էլ կատարվում են ներքին խմորումներ, արվում են հարցադրումներ, փնտրվում են պատասխաններ,- «Հիմա մենք ընդունելո՞ւ ենք մահմեդական հայերին, թե՞ մերժելու ենք նրանց; ինչու՞ թրքախոս, ռուսախոս… քրիստոնյան ընդունելի է, մահմեդականը` ոչ, եթե վերջինս իրեն հայ է համարում և հայ է զգում; Թող հայկական մզկիթներ լինեն, հայկական մոլլաներ….Կան, չէ՞, քրիստոնյա թուրքեր: Թուրքերը բոլորին ընդունում են, բոլորին թուրք են անվանում, ով ասում է «ես թուրք եմ»,- «գլխիս վրա տեղ ունես»,- ասում են; Իսլամ քրդերին չեն ուզում, բայց ցանկացած կրոնի թուրքերին ուզում են; թուրքերը իսլամացած հայերին էլ չեն ուզում, նրանք ուզում են թրքացածներին, կարևորը թուրք լինելն է…ո՞վ և որտե՞ղ է որոշելու այս հարցերին մեր վերաբերմունքը; ինչպե՞ս պիտի այդ իսլամացածներն իմանան հայության վերաբերմունքն իրենց նկատմամբ; ո՞վ ունի իրավունք այդ վերաբերմունքը որոշելու…» և այլն, և այլն: Միանգամայն մասնավոր խումբ են ալեվիացած հայերը: Նրանց մի մասը, հատկապես քրմանջախոս ալեվիների մեջ ապրողները, մեծ չափով մոտ են քրդական ինքնությանը, և սովորաբար նույնիսկ չեն ուզում անդրադառնալ իրենց հայկական ծագման խնդիրներին: Այլ է Դերսիմում և շրջականերում զազախոս ալեվիների մեջ ալեվիացած հայերի վիճակը: Նախ՝ նրանց մեջ հայկական էթնիկ միավորը մնացել է ընդհուպ մինչև 1938թ. Դերսիմի բնակչության ջարդերը: Պահպանվել են ամբողջական հայկական, հայախոս գյուղեր, աշխատելիս է եղել նույնիսկ Դերսիմում հռչակավոր Հալվորի Ս.Կարապետ վանքը՝ հայերի և ալեվիների հավասարապես պաշտամունքի առարկան: Նրանց վերջնական ալեվիացումը տեղի է ունեցել այդ դեպքերից հետո, երբ հայերն ակնհայտորեն դարձան դերսիմյան ջարդերի առաջին թիրախը: Դերսիմում հայերի ալեվիացումը զգալիորեն հին նախապատմություն ունի: Հայերի զանգվածային կրոնափոխությունը Դերսիմում  սկսվել էր առնվազն 17 դ.-ից[1] և 19 դ. հասել էր մի աստիճանի, որ ոչ միայն արտաքուստ դժվար էր տարբերել հայերին ու ալեվիներին, այլև ալեվիական սոցիալ-մշակութային կյանքը մեծ չափով նման էր հայկականին: Կրոնափոխությունը սովորաբար անհատներով չէր, այլ՝ ամբողջ բնակավայրով, մեծ մասամբ՝ գյուղերով: Ալեվիացող և սուննիացող հայերն արագորեն ներառվում էին Դերսիմի ներքին համապատասխան սոցիալական շերտերի մեջ՝ այս կամ այն աշիրեթի շրջանակներում: Նախկին հայերը երբեմն առանձին աշիրեթներ էին կազմում և, հետևելով Դերսիմի ներքին կանոններին, զենքի ուժով իրենց տեղն էին գրավել մյուս աշիրեթների շարքում: Ալեվի կոչվող բնակչության զգալի մասը հիանալի հիշում էր իր հայկական ծագումը, ավելին, ընթացքի մեջ էին իրենց հայ մնացած ազգականների հետ դեռևս չխզված կապերը: Երբեմն նույն տոհմի մի մասն ալևի էր համարվում, մյուս մասը՝ հայ: «Պապս կպատմէր, որ իր մեծ պապի հօրեղբայրը Հալւորու ս.Կարապետ վանքին երբեմն վանահայրն եղած է»[2], «… մեր նախահայրերն էլ հայեր են եղել, նույնիսկ իմ հորեղբոր տղաները…, թեեւ խոսում են ալեւիերեն, պահում են իրենց ազգային ծագումը»[3], Տեր Օվան «գյուղի քուրդ բնակիչները երբեք չէին ուրանում իրենց (հայկական) ծագումը եւ Աղուջանների օջախի փիրը` Տեվրեշ-Կուլապիի թոռ Սեիդ-Ալին, հպարտությամբ պատմում էր իրենց օջախի փիրի` Տեր-Օվանի մասին, որը որպես վանահայր բնակվելիս է եղել Տիրամոր վանքում»[4], «Գարապաշան աշիրեթի պետը, որ կոչվում էր Թոռնե Գարապաշի Սուլեյման աղա, նախկին քահանայի ժառանգներից էր»[5] և այլն: Հայ հեղինակ Անդրանիկը գրում է, որ «Տէրսիմցիներուն եթէ ոչ բոլորը, գէթ մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց նախահայրերը հայեր են» (հիշատակում է օրինակներ)[6]: Հայերի ալեվիցման դանդաղ, տևական պրոցեսը հանգեցրել էր նրան, որ Դերսիմում հայերի և ալեվիների կենցաղային մեծ ընդհանրություններ էին ձևավորվել: Ալեվիացած հայերը շարունակում էին բազմաթիվ նախաքրիստոնեական և նույնիսկ քրիստոնեական ծեսեր, դերսիմյան «ալեվիզմի» մեջ բազմաթիվ քրիստոնեական և մաքուր հայկական տարրեր են սինթեզվել: Ալեվիական բանավոր ավանդազրույցներում ընդհանրանում են հայերի և Դերսիմում հայտնված ալեվիների ինչպես ծագումնաբանական, այնպես էլ սոցիալ-կրոնական անցյալը[7]: Դերսիմի ալևիների «մասալաների»` պատմությունների դերակատարների մեծ մասը տեղական «հայ քեշիշը» և եկվոր «բաբան» են, Ս.Գևորգը («Հազրեթ Իլիաս», «Խըդըր Էլիա»), Ս.Սարգիսը («Հազրեթի Խըդըր»), Անահիտ Աստվածուհու ֆունկցիաները ժառանգած «Անա Ֆաթիման» և Անահիտի նախկին սրբավայրերը, նույնիսկ` Մեսրոպ Մաշտոցը («Մասրուպ») և այլն, ովքեր տարբեր ձևերով դերեր ունեն դերսիմցիների պատմական անցյալում: Ժողովրդական ստուգաբանությամբ Դերսիմ բառն ինքը 17 դ. սկզբներում ալևիցած հայ քահանա Տեր Սիմոնի (Տերսիմոն, Դերսիմոն) անունից է արտածված: Հայկական Հալվորի Ս.Կարապետ վանքը, «որ միակ կենդանի վանքն է Տէրսիմի մէջ»՝ մեծ նշանակություն ուներ «տէրսիմցի հայերուն և ղըզըլբաշներուն առջև… Նա՝ Հաւլորու  Ս.Կարապետ, ամենու համար է, իսկ ամենը՝ նրա համար: Ամենքն ալ՝ հայ և քուրդ, հաւասարապես կպաշտէն նրան և տարին մէկ-երկու անգամ մէծագին նուերներով և զոհերով ուխտ կուգան Տէրսիմի ամեն կողմերէն»[8]: Պատահական չէ, որ 1937թ. Դերսիմի բնակչության ջարդերը թուրքական իշխանություններն սկսեցին հենց Հալվորի Ս.Կարապետ վանքի պայթեցումից: Հիմա այդ վանքի տարածքը ամբողջովին «մաքրված է», ոչինչ չկա, նույնիսկ ավերակները չկան, բայց այդ տարածքը շարունակում է սրբազան համարվել և Դերսիմի բնակչության կարևոր ուխտավայր է: Տարածքում հովվությամբ է զբաղվում թուրքական ինքնությամբ մի ալեվի, և պատմում է, որ ուխտավորները հաճախ են գալիս, իրենից այծ կամ ոչխար են գնում և մատաղ անում վանքից մնացած քարերի կույտի վրա: Հալվորի Սուրբ Կարապետ վանքից մնացած քարերի կույտ, որոնցից մեկի վրա պարզունակ խաչ է փորագրված Հալվորի Սուրբ Կարապետ վանքի մաքրված տարածքում թուրք ալեվի հովիվը (ձախից առաջինը) 2011թ. պատմում է վանքի պայթեցման մասին իր իմացածը Թուրքիայում իսլամացած/իսլամացված և ծպտյալ հայերի թեման նոր է սկսել հետազոտվել, սակայն արդեն իսկ ի հայտ է բերում բազմաթիվ հարցականներ: Հասկանալի է, որ այս ամենը ազդում է կրոնափոխված հայերի ինքնությունների, դրա փոփոխությունների, մարդկանց հարաբերությունների վրա, ինչին որոշ լույս կսփռեն նաև ինքնությունների փնտրտուք ունեցող մարդկանց ընտանեկան պատմությունները, որոնցից վեցը կհրապարակվեն լրագրի հաջորդ  համարներում: ——————————————————– [1] Անդրանիկ, Անդրանիկ, Ճանապարհորդություն դէպի Տէրսիմ,  Թիֆլիս, 1900, Էջ 64, 161-162;  Գ.Հալաջյան, Դերսիմի հայերի ազգագրությունը, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հատոր 5, Երևան,  1975, էջ 33, 84, 249, 256 և այլն;  Գ.Ա.Երեւանեան, Պատմութիւն Չարսանճագի հայոց, Պեյրութ, 1956, էջ 133: [2] Անդրանիկ, Էջ 161-162 [3] Հալաջյան, էջ [4] Հալաջյան, էջ 254: [5] Հալաջյան, էջ 33: [6] Անդրանիկ, Էջ 161-162: [7] Հ.Խառատյան, Հայ-ալեվիական սոցիալ-կրոնական սինթեզը Դերսիմի ալեվիների ավանդազրույցներում, Հանդես Ամսօրեա, Վիեննա-Երեւան, 2014: [8] Անդրանիկ,  էջ 97:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
03-04-2020 21:22