ԱՄՆ-ն այսօր ամենավատ վիճակում է և, ըստ կանխատեսումների, մինչև 100 հազար մարդ կարող է մահանալ

Մեր զրուցակիցն է Վաշինգտոնում բնակվող մեր հայրենակից Շուշաննա Աբովյանը Շուշաննա, ինչպիսի՞ն է իրավիճակը Վաշինգտոնում, հանրության շրջանում կա՞ տագնապ կամ խուճապ՝ կապված կորոնավիրուսի վարակի տարածման հետ, և ինչպե՞ս եք պաշտպանվում վիրուսից: Պետք է տարանջատել Վաշինգտոն քաղաքն ու Վաշինգտոն նահանգը, որովհետև հատկապես կորոնավիրուսի պարագայում առաջին վարակման դեպքերը սկիզբ էին առել հենց Վաշինգտոն նահանգում, և շատերը ինձ գրում էին այդ առիթով, մինչդեռ Վաշինգտոն քաղաքում վիրուսի մասին խոսք անգամ չկար: Իսկ ես մայրաքաղաք Վաշինգտոնում ապրում եմ սեպտեմբերի վերջից: Էստեղ սովորաբար այնպես չի, որ մեծ թվով մարդկանց ես հանդիպում: Հիմնականում մարդկանց տեսնում ես, երբ ինչ-որ միջոցառում է կազմակերպվում, կամ քաղաքի կենտրոնական մասում կարող են լինել կուտակումներ: Այդ պատճառով էլ նախկին և ներկա վիճակների միջև շատ տարբերություններ չկան: Իսկ, օրինակ, Նյու Յորքից տարածվող լուսանկարներից տեսնում ենք, թե մարդկանց հոսքը որքան է պակասել, և իրավիճակը տագնապային է: Դեռևս մարտի 11-ին մայրաքաղաքում մտցվեց արտակարգ դրություն և դրան անմիջապես հետևեց մարտի 13-ի համազգային արտակարգ դրությունը, որը ենթադրում է՝ պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը: Շատ բիզնեսներ փակվեցին, որ մարդիկ չայցելեն բարեր, ռեստորաններ, սրճարաններ: Տնից դուրս գալ հնարավոր է, եթե դուրս ես գալիս մարզվելու, կենդանիներ ունես, որոնց հետ դուրս ես գալիս զբոսնելու և, իհարկե, խանութ այցելելու համար: Դա խնդիր է առաջացնում այն առումով, որ քանի որ բոլոր մարզասրահները փակ են, հիմա մարդիկ 100 տոկոսով իրենց մարզանքներն անում են դրսում: Օրինակ, ես երկու օր առաջ խանութ գնալիս տեսա, որ բազմաթիվ մարդիկ դրսում մարզվում են: Եղանակն էլ շատ տրամադրող է, և մարդիկ ուղղակի կարիք ունեն մաքուր օդ շնչելու, արևը տեսնելու: Այդուհանդերձ, մարդկանց մեծ մասը հետևում է կանխարգելիչ միջոցառումներին, սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին: Հայաստանում իշխանությունները նշում են, որ մարդկանց մի մասի մոտ խուճապային տրամադրություններ են, մյուս մասն էլ չափից դուրս հանգիստ է և չի էլ փոխել իր կենսակերպը: Ինչպե՞ս է այդտեղ: Այստեղ մեծ մասը հետևում է երկրի նախագահի ճեպազրույցներին, որտեղ նա տարբեր տեսակետներ է հայտնում: Մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ ամեն ինչ կավարտվի մինչև Զատիկը՝ ապրիլի 12-ը, ինչը միանշանակորեն չէր կարող տեղի ունենալ՝ հատկապես տեսնելով, թե ինչ է կատարվում Նյու Յորքում: Իրականում նահանգների մեծ մասը դեռևս պիկին չի հասել: Մասնագետների կարծիքով, բոլոր նահանգները այդ պիկին հասնելու են: Դեռևս այդ փուլին չհասած հայտարարել, որ ապրիլի 12-ին ամեն ինչ բացելու են, վերադառնալու են բնականոն կյանքին, մարդիկ բոլորն էլ դեմ էին դրան և ոչ ոք չէր ակնկալում, որ դա տեղի կունենա: Ինձ թվում է, որ հիմա բոլորն ուրախ են, որ երկարացվեց արտակարգ դրությունը մինչև ապրիլի 30-ը: Քանի որ բոլորս էլ հետևում ենք նորություններին, ոչ ոք չի ակնկալում, որ դա կլինի վերջը: Բոլորը կարծում են, որ մինչև մայիսի վերջ սոցիալական հեռավորության պահպանման կանոնները լինեն, բայց քանի որ Նյու Յորքը էպիկենտրոններից մեկն է և մասշտաբների առումով, եթե չեմ սխալվում, ամենամեծ քաղաքն է, այս ժամկետը կարող է տևել մինչև ամառվա վերջ: Սա ոչ պաշտոնական կանխատեսումներ են, որոնք տեղ են գտնում մամուլում տարբեր մասնագետների կողմից: ԱՄՆ-ում խուճապային վիճակի պատճառներից մեկը թեստերի պակասությունն է: Որքան էլ նշվում է, որ մեծ քանակությամբ թեստեր կան, մարդկանց մեծ մասը վախենում է հենց դրանից, որ հնարավորություն չեն ունենա թեստավորում անցնելու: Մարդկանց հիմնական պահանջը կարծես թե թեստերի հասանելիությունն է, որ նույնիսկ քո տանը դու կարողանաս ճշտել՝ արդյոք կրում ես վիրուս, թե ոչ, որ կարողանաս քեզ մեկուսացնել: Մեծ երկրների մասշտաբների հետ կապված դա մեծ խնդիրներ է առաջացնում: Բնականաբար, հիվանդանոցներն այդքան տեղ չունեն և ոչ բոլորը կարող են գնալ ու թեստը հանձնել: Վիրուսի տարածմանը նպաստում է նաև այն, որ մարդիկ չգիտեն, որ իրենք վիրուսի կրող են և շարունակում են տնից դուրս գալ, խանութ գնալ: Իհարկե, բոլորին կոչ են անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և դուրս գալիս էլ պետք է լինես միայն քո ընտանիքի անդամների հետ: Այսինքն՝ եթե նույնիսկ երկու հոգով եք դուրս եկել, երկրորդը չի կարող լինել մեկը, ով քո ընտանիքից չի: Բացի այդ, այստեղ շատ-շատերն այս պահին գործազուրկ են, և դա առաջացնում է և դեռ կառաջացնի շատ-շատ մեծ խնդիրներ, որովհետև բոլորը տանն են և ապրելու միջոց շուտով չի լինի: Իհարկե, կառավարությունը սոցիալական փաթեթներ է տրամադրում, բայց գործազուրկների բանակն անհամեմատ մեծ է: Գործազրկության ցուցանիշը գնալով աճելու է և դա լինելու է մեծագույն խնդիր: Փաստորեն նշվում է, որ ԱՄՆ-ում պանդեմիան կարող է ձգվել մինչև ամռան վե՞րջ: Շատ մասնագետներ նշում են, որ միգուցե որոշ բիզնեսներ սկսեն աշխատել, բայց ընդհանուր առմամբ, այո, սոցիալական հեռավորության պահպանումը պետք կլինի անել մինչև ամառ: Հատկապես էպիկենտրոններում ավելի խիստ կլինի: Շատերը նշում են, որ մոլորակի բնակչության 80-90 տոկոսը պետք է վարակվի Covid-19-ով և տարբեր երկրներում առողջապահական համակարգերը կարող են պայթել: ԱՄՆ-ն, այս առումով, դեռ կարողանո՞ւմ է վերահսկողության տակ պահել իրավիճակը: Ես չեմ կարծում, որ դիմակայում են՝ հիմնվելով զուտ մահվան դեպքերի թվի վրա: ԱՄՆ-ն այսօր ամենավատ վիճակում է և, ըստ կանխատեսումների, մինչև 100 հազար մարդ կարող է մահանալ: Սա սարսափելի ցուցանիշ է: Ինձ թվում է, որ ուղղակի մահացությունների քանակն ավել է նաև այն պատճառով, որ հնարավորություն չկա բոլորին օգնություն ցուցաբերել: Նյու Յորքում, օրինակ, դաշտային հիվանդանոցներ են պատրաստել և պատրաստում, որ կարողանան կառավարել իրավիճակը: Ակնհայտ է, որ հիվանդանոցներում տեղ չկա և չի էլ լինելու՝ հաշվի առնելով հիվանդների քանակը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
03-04-2020 23:15