Շնորhքով փլուզում. Բաքվի խաբուսիկ ուրախությունը

Ադրբեջանին ոգեւորել է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը այն մասին, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը դադարեցրել են նավթային պատերազմը եւ պատրաստ են կրճատել նավթադյունահանումը: Դա նավթի գնի անկումը որոշակի կասեցրել է եւ ապահովել աճ, թեեւ շատ բան կախված է լինելու ապրիլի 6-ին ՕՊԵԿ հավաքից: Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի համաշխարհային շուկան կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով արձանագրել է օրական մոտ 20 միլիոն բարելի պահանջարկի նվազում: Երբ Ռուսաստանը չհամաձայնեց առաջարկը կրճատելու Սաուդյան Արաբիայի որոշմանը, Էր Ռիադը էժան նավթով ողողեց շուկան, բերելով կտրուկ գնանկման, փաստացի գնի փլուզման: Ալիեւը ստիպված էր խոստովանել իրավիճակի ծանրությունը: Իրավիճակի ծանրություն էին զգում նաեւ ԱՄՆ թերթաքարային նավթի արդյունահանման ընկերությունները: Արդյոք այդ խնդիրն էր դրդել Թրամփին խոսել Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ, հորդորելով նրանց գալ արդյունահանման կրճատման համաձայնության: Թե՞ ԱՄՆ նախագահն, օգտագործելով պահը, երկուստեք այնպիսի առաջարկներ է արել, որ կողմերը չեն կարողացել չհամաձայնել դրանց, միաժամանակ որոշելով նաեւ դադարեցել պայքարը: Բայց, ամբողջ հարցն այն է, որ ադյունահանման կրճատումն ինքնին հազիվ թե հարցի լուծում լինի: Այն իհարկե կարող է որոշակի կայունացնել գինը, կանխել հետագա փլուզումը, սակայն փորձագետները քիչ հավանական են համարում վերադարձը նախկին գներին: Քիչ հավանական են համարում, որովհետեւ նավթի պահանջարկի անկումը կտեւի ամիսներ: Իսկ այդ պարագայում մի բան է կրճատումը, մեկ այլ բան՝ սպառումը: Այսինքն, փոքրանում է շուկան, հետեւաբար ըստ տրամաբանության պետք է սրվի մրցակցությունն այդ շուկայում ապրանքը վաճառելու համար: Իսկ դա կարող է խթանել նոր պայքար եւ հետեւաբար գների նոր անկում: Այլ կերպ ասած, Թրամփի միջամտությունը, հնարավոր է, գների տարերային փլուզումը բերելու է «շնորհքով փլուզման» ռեժիմի: Ի վերջո, արդյունահանողները կարող են եւ պայմանավորվել կրճատման եւ գնի կայունացման հարցում, բայց ով ինչքան է վաճառելու: Որովհետեւ, եթե կորուստներ լինում էին գնանկումից, ապա այս դեպքում առաջանում է վաճառքի ծավալների անկման կորստի ռիսկ: Ինչպե՞ս է քվոտավորվելու վաճառքի սահմանափակումը: Ըստ այդմ, այն, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը մեղմում են պայքարը կամ դուրս գալիս այդ ռեժիմից, դեռ բավարար չէ շուկայում վիճակի կայունացման համար, քանի որ Մոսկվա-Էր Ռիադ պատերազմը դարձել է գնանկման խթան, բայց դրանով չէ, որ պայմանավորված է իրավիճակն ամբողջությամբ: Նավթային շուկայի տենդի առումով փորձագետներն ու ոլորտի միջազգային վերլուծաբանները կանխատեսոմ են դեռեւս ամիսների ընթացք: Ըստ այդմ, Ադրբեջանի ոգեւորությունն իհարկե պահի տակ ոգեւորություն է, որովհետեւ առաջիկայում Բաքուն կարող է կանգնել ընդհանրապես նավթ վաճառելու խնդրի առաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
03-04-2020 23:34