COVID-19. կյանքի եւ ազատության իրավունքների առաջնահերթության թնջուկը

05-04-2020 00:04

COVID-19-ի ոչ լիարժեք ուսումնասիրվածության եւ դրանով պայմանավորված՝ նրա անկանխատեսելի «վարքի» պատճառով անորոշությունը շարունակվում է: Երկրների կառավարությունները պետական մեքենան վարում են պատկերավոր ասած՝ մառախուղի պայմաններում, երբ լուսարձակներն առավելագույնը մի քանի մետր տեսանելիություն են ապահովում: Ղեկին գտնվողները չգիտեն, թե մի քանի մետրից այն կողմ ինչ է սպասվում՝ ոլորան, զառիթափ, վերելք, խցանում, թե ինչ… Դրան գումարած՝ տեղանքն անծանոթ է, իսկ նավիգացիոն սարք չկա: Համավարակի դեմ ամենուր ձեռնարկվող քայլերն այս տրամաբանության մեջ են: Այն, ինչ այսօր արդյունավետ քայլ է համարվում, կարող է իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված՝ վաղն արդեն մասամբ կամ ամբողջովին արդյունավետ չլինել, եղած միջոցառումների խստացման կամ թուլացման կամ նորերի կիրառման անհրաժեշտություն առաջանալ: Մինչ այս պահը, սակայն, գրեթե ամենուր ակնհայտ է միջոցառումների խստացման միտումը, քանզի վարակակիրների եւ մահերի թվերն անշեղորեն աճում են: Այս տագնապալի աճին «խիստ, ավելի խիստ, խստագույն» միջոցներով արձագանքելու կառավարությունների մղումը հասկանալի է՝ նրանք բոլորն էլ մեծ հաշվով վազում են կորոնավիրուսի հարուցած իրադարձությունների հետեւից եւ փորձում խիստ միջոցառումներով «հետ բերել» վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար ի սկզբանե կորսված թանկարժեք ժամանակը:  Հեռախոսային «հետախուզություն» Եվրոպական երկրների կտրվածքով՝ միջինն արդեն երկու շաբաթ է անցել ազատ տեղաշարժի եւ հանրային շփումների սահմանափակումների կիրառումից, ինչը նախնական նախատեսված է մեկամսյա ժամկետով: Կառավարություններն ուզում են հասկանալ, որքանո՞վ է արդյունավետ այս աննախադեպ միջոցառումը, նաեւ հասկանալ, թե թեսթավորմամբ վարակակիրներին եւ նրանց վտանգված շրջանակին արագ հայտնաբերելու ինչ նոր միջոցներ կարող են եղածին համակցել: Ինչպես մեր ժամանակներին է հատուկ՝ ցանկացած խնդրի լուծման համար առաջին հարցերից է, թե ինչպես կարող են արդի հեռահաղորդակցման տեխնոլոգիաները դրանում գործածվել: Ուստի շատ արագ առաջ մղվեց բջջային հեռախոսներով տեղորոշման հնարավորությունը, որից մինչ այս տարբեր ծառայություններից օգտվելիս, ինչպես օրինակ՝ տաքսի կամ այլ ծառայութունների հեռախոսային հավելվածներ, մարդկանց մի զգալի մասն առանց մտահոգության օգտվում է, թեեւ չունի իր տվյալների այլ նպատակներով չարաշահումը բացառելու գործնական երաշխիք: Իսկ հեռախոսային եւ համանման այլ անձնական տվյալների՝ էլ. փոստի հասցեների եւ այլնի արտահոսքի օրինակները միջազգային լրահոսում անցյալ տարիներին քիչ չէին… Սակայն, երբ պետությունն է պաշտոնապես ցանկանում այդ հնարավորությունից օգտվել, առաջանում են ենթագիտակցականից մինչեւ փաստարկված մտահոգություններ (դրանց ինտենսիվությունը կախված է տվյալ պետության հասարակարգից, հակակշռող ժողովրդավարական գործուն մեխանիզմներից, պետական- քաղաքական մշակույթից): Ենթագիտակցական մակարդակում մտահոգության հիմքն այն է, որ պետությունը, եթե անգամ որեւէ հատուկ «չար» մտադրություն չունենա էլ, միեւնույն է, գոնե անվտանգության ապահովման հարցերում տրված է ավելին լսելու, իմանալու գայթակղությանը, հետեւաբար պատրաստ է ցանկացած հնարավորություն նաեւ դրա համար օգտագործել: Ժողովրդավարական երկրների կառավարությունների համար  հեշտ չէ համավարակի արագ տարածումը զսպելու համար ազատ տեղաշարժի խստիվ սահմանափակումներից կարճ ժամանակ անց անհատի իրավունքների հաջորդ՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտ անցնելը եւ քաղաքացիներին հեռախոսային կապով հետեւելու (tracking) միջոցը կիրառելը: Որ դա դառը հաբ է՝ գիտակցում են բոլորը, բայց գիտակցում են նաեւ այն կուլ տալու գրեթե անխուսափելիությունը. ամեն ոք գոնե մեկ անգամ ստիպված է եղել որեւէ հիվանդության դեպքում որոշ ժամանակ կուլ տալ բժշկի նշանակած ինչ-որ դառը հաբ՝ առողջանալու եթե ոչ երաշխիքով, ապա գոնե հույսով: Կորոնավիրուսի հարձակման առաջին շոկային շաբաթներից հետո Եվրոպայում փորձ է արվում համավարակին դիմագրավելու գործում նաեւ վերազգային մակարդակում լուծումներ գտնել:  Ներկայում, օրինակ, աշխատանքներ են տարվում համաեվրոպական հեռախոսային «հետեւող» հավելված ստեղծելու շուրջ: Եվրոպայում թեեւ վիրուսի դեմ պայքարում չինական եւ հարավկորեական փորձը դրվատանքի է արժանանում եւ դրանից շատ քայլեր կրկնօրինակվում են, բայց այստեղ հիմնովին բացառում են նրանց նմանությամբ համընդհանուր վերահսկողության հեռախոսային հավելվածների կիրառումը: Հեռախոսային տեղորոշման քննարկման ենթակա համաեվրոպական հավելվածի հիմքում դրված են տվյալների ներառման առումով խնայող, անանուն եւ դրա ներբեռնման ու գործածման կամավորության սկզբունքները: Հավելվածի նպատակն է հաղորդագրական կապ հաստատել վարակված եւ վարակի կասկածով քաղաքացիների բջջային հեռախոսների հետ, հնարավոր կոնտակտ- անձանց sms հաղորդագրությամբ վարակի վտանգի մասին տեղեկացնելու համար:[1] Այս պահին, սակայն, համավարակի հետ անհավասար մրցավազքում գտնվելով՝ երկրները հասկանալիորեն շտապում են եւ բռնել են առանձին եւ հնարավորինս արագ գործելու ուղին, մինչ իրենց դանդաղկոտությամբ հայտնի համաեվրոպական լուծումները հասանելի կլինեն: Եվրոպական երկրներից դիտարկենք Գերմանիայի օրինակը: «Շտազի» տեսած գերմանացիներն անձնական տվյալների պաշտպանվածությանը սպառնացող  ցանկացած, անգամ տեսական վտանգի գերզգայուն են արձագանքում: («Շտազին» Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության՝ DDR, տխրահռչակ Պետական անվտանգության ծառայության գերմաներենով կարճ անվանումն է՝ Stasi, ամբողջականը՝ Staatliche Sicherheitsdienst):  Այդուհանդերձ, հանրությունն ըմբռնումով ի գիտություն ընդունեց տեղեկությունը, որ գերմանական հեռախոսային խոշորագույն ընկերություններից Դոյչե Տելեկոմը իր հաճախորդների անանունացված տվյալներն առանց հաճախորդների համաձայնութունը հայցելու փոխանցել է կառավարությանը (այս հարցում կառավարության ներկայացուցիչ Ռոբերտ Կոխի անվան  հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ինստիտուտին): Նպատակը  բնակչության շարժի մոդելավորումն է գնահատելու համար, թե ինչ չափով են տեղաշարժի սահմանափակումներն իրագործվում, հանրային շփումները սահմանափակվում եւ ապագա քայլերի առումով ինչ կանխատեսում կարող է արվել: Օրինակ, եթե մի երկրամասում արձանագրվում է մարդկանց նվազագույն շարժ, բայց այլ երկրամասերի համեմատությամբ վարակի ավելի մեծ աճ, ապա դա պատճառահետեւանքային կապի շղթայում նոր իրողությունների բացահայտման կարող է բերել: Կառավարությունը եւ հեռախոսային ընկերությունը վստահեցնում են, որ յուրաքանչյուր անանունացված բջջային հեռախոս ստանալու է պատահականության սկզբունքով գեներացված համար, որը փոխվելու է յուրաքանչյուր 24 ժամը մեկ, ինչը համատեղելի է անձնական տվյալների պաշտպանության հիմնարար կարգավորումների հետ:[2] Դրանից բացի, Ռոբերտ Կոխի ինստիտուտը դաշնային կառավարության հանձնարարությամբ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի վարակի դեպքերի հետագիծը դիտարկելու եւ վարակակիրների հետ կոնտակտ ունեցածներին զգուշացնելու համար  հեռախոսային նոր ստեղծվող հավելվածի վերջնական տարբերակը, որի վրա աշխատում է հարյուր անդամներից բաղկացած գիտաինժեներական մի խումբ: Դաշնային կառավարության արդարադատության նախարար Քրիստինե Լամբրեխթը հավելվածի գործածման  գլխավոր հարց է համարում կամավորութան սկզբունքը: «Լավ է, որ բնակչության մեջ մեծ պատրաստակամություն կա սա մի որոշ ժամանակ գործածելու: Կարեւոր է սակայն, որ տվյալների հետ վարվելու կերպը հստակեցվի: Տվյալները պետք է անանունացվեն եւ ավելի ուշ կրկին ջնջվեն: Այդ դեպքում հավելվածը գործածելու պատրաստակամությունը հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել»:[3] Իսկ հավելվածը իր նպատակին կարող է ծառայել միայն այն դեպքում, եթե բնակչության 50 տոկոսից ավելին այն կամավոր ներբեռնի եւ գործածի:[4] Վարակաբանները խրախուսում են նման հավելվածների հնարավորինս արագ ներգրավումը, հուսալով, որ այն մեծապես կարագացնի եւ ծավալային առումով կդյուրացնի վարակի տարածման շղթաների տեղայնացումը եւ նոր վարակակիրների թվի աճի դանդաղեցումը: Գերմանական հավելվածը կամավորության սկզբունքով է, տվյալները պիտի ջնջվեն 3 շաբաթ անց, վարակակրի շրջապատում եղած անձանց եւ վարակակրի հեռախոսային տվյալները կոդավորվում են: Այսինքն, եթե կոնտակտ անձը հաղորդագրություն է ստանում, որ գտնվել է վարակակրի միջավայրում, նա չի իմանում վարակակրի ոչ անունը, ոչ էլ՝ հեռախոսահամարը: Տեղեկացված անձն ինքը պետք է հաղորդագրությունն ստանալուց հետո կապվի առողջապահական ծառայության հետ՝ վարակման վտանգի հետ կապված սահմանված քայլերի մասին խորհուրդներ ստանալու, քանզի նրա հեռախոսահամարն անանունացված է եւ անձը չի կարող նույնականացվել: Հետեւաբար վտանգի մասին միայն ինքն է տեղեկացվում եւ ոչ թե նաեւ առողջապահական կամ այլ ծառայությունները: Այս հավելվածի դեպքում անհատական տվյալների պահպանության առումով վճռորոշ նշանակություն ունի, որ կապը Bluetooth-ի ակտիվացմամբ է ապահովվում, ոչ թե GPS-ով անհատի գտնվելու հետագիծն ամենուր արձանագրելով[5]: Գիտության եւ նոր տեխնոլոգիաների ոլորտներում էթիկայի եվրոպական խորհրդի նախագահ Քրիստիանե Վուփենը անժխտելի է համարում անձնական տվյալները հնարավորինս խնայող հեռախոսային  հավելվածների կարեւորությունը համավարակի դեմ պայքարում: Նա հիշեցնում է, որ մարդկությունը գտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է առաջնահերթության ընտրություն կատարել երկու մեծագույն բարիքների՝ անհատի կյանքի եւ ազատության իրավունքների միջեւ, որոնք, այնուամենայնիվ, ի բնե տրամաբանական հաջորդականություն ունեն, քանզի անհատն իր ազատության իրավունքը կարող է իրացնել միայն ապրելու իրավունքն ապահովելուց հետո… Այս իրավիճակում ազատությունների ժամանակավոր սահմանափակումը նա համարում է արդարացված: [6] Ավստրիայում եւս կառավարությունը ստանում երկրի ամենամեծ հեռախոսային ընկերությունից՝ A1-ից նրա բջջային կապի հաճախորդների անանունացված շարժման պրոֆիլների գնահատված տվյալները: Նաեւ այստեղ է դա կատարվել առանց հաճախորդներին տեղեկացնելու:[7] Բրիտանական առողջապահական ծառայությունը եւս պատրաստվում է բջջային հեռախոսների տվյալների գործածումը ներառել համավարակի դեմ պայքարի միջոցների թվում: Նաեւ համավարակի նոր էպիկենտրոն դարձած ԱՄՆ-ում են քայլեր ձեռնարկվում: «Վաշինգտոն Փոստ»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում Google-ը, Facebook-ը եւ բարձր տեխնոլոգիական այլ ընկերություններ Սպիտակ տան հետ քննարկում են արդեն իսկ առկա տեղորոշման տվյալները COVID-19-ին դիմագրավելու գործում բնակչության շարժի մոդելավորման համար գործածելու հնարավորությունը: Ըստ Google-ի խոսնակներից մեկի՝ ընկերությունն աշխատում է նաեւ Google Maps քարտեզային ծառայությունից GPS-ի վրա հիմնված տեղորոշման տվյալները գնահատելու ուղղությամբ. «Դա կարող է առողջապահության պետական ծառայություններին օգնել social distancing- ի արդյունավետությունը գնահատելու, այնպես, ինչպես մենք քարտեզներում ցույց ենք տալիս, թե սիրված ռեստորանները որոշակի ժամերի ինչ հաճախելիություն ունեն»: [8] Իսկ, օրինակ, Իսրայելն ավելի կոշտ է կիրառում տեխնոլոգիական հնարավորությունները: Ինչպես «Հաարեց» թերթն է հայտնում, մարտի 17-ին Իսրայելի կառավարությունն առանց խորհրդարանի մասնակցության՝ որոշել է ոստիկանությանը իրավասություն տալ բոլոր քաղաքացիների բջջային հեռախոսները տեղորոշել եւ ստացված տվյալները օգտագործել վարակակիր եւ կոնտակտ- անձանց նույնականացնելու, հաղորդագրությամբ նրանց վարակի վտանգի մասին տեղեկացնելու, ինքնամեկուսացման ուղարկելու համար: Նաեւ՝ հսկելու, թե արդյոք վարակակիրները կամ կոնտանկտ-անձինք ենթարկվում են ինքնամեկուսացման պահանջին: Այս միջոցառումը նախնական 30 օրով է սահմանված:[9] Թե հեռախոսով «հետեւելու» տարբեր ինտենսիվությամբ կիրառվող այս միջոցն ինչպիսի արդյունք կապահովի նպատակին հասնելու առումով՝ զգալի, թե՝ աննշան, բնականաբար միանշանակ պարզ չէ, քանի դեռ այն որոշ ժամանակ չի կիրառվել եւ արդյունքները չեն գնահատվել: Ճիշտ այնպես՝ ինչպես համավարակի դեմ ձեռնարկված մյուս միջոցառումները: Հիշեցման կարգով՝ մինչ այս կորոնավիրուսի դեմ պայքարում համատարած կիրառվում են մարդկանց ազատ տեղաշարժի եւ հանրային շփումների սահմանափակումները, անհատական տարածության պահպանումը, թեսթավորումը, պաշտպանիչ դիմակների կրումը, համապատասխան մասնագիտությունների խմբերի համար նաեւ՝ պաշտպանիչ արտահագուստի կրումը: Կիրառվող միջոցների արդյունավետության օբյեկտիվ պատճառներով դեռեւս գնահատված չլինելու պարզ իրողությունը, իմիջիայլոց, չի խանգարում տարբեր երկրների հասարակություններում համավարակների բազմապրոֆիլ «գիտակների» ի հայտ գալուն, որոնք  հարյուր տոկոսանոց համոզվածութամբ պնդում են, թե ձեռնարկվող այս կամ այն քայլը  (իսկ քայլերը չմոռանանք՝ տարբեր ոլորտների են առնչվում…),  միանշանակ անիմաստ է կամ երաշխավորված ամենաարդյունավետը, իհարկե, չհիշատակելով, թե երբ եւ որտեղ են հասցրել կորոնավիրուսի մասշտաբի համավարակի դեմ պայքարի նման ընդգրկուն գիտելիքներ ու փորձ կուտակել… Իմ տպավորությամբ, բնականաբար՝ սխալվելու հավանականությամբ, երեք միլիոնանոց Հայաստանում նման «գիտակները» բնակչության թվի համամատ կարծես թե ընդգծված մեծ թիվ են կազմում… «Ամենագետներ» բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն, ինչպես բոլորի՝ այնպես էլ նրանց կարծիք արտահայտելու իրավունքն անկապտելի է: Նրանց հիշատակելու կարիք չէր լինի, եթե այս պահին չլիներ հասարակության  ուշադրությունը համավարակային առկա իրողությունների եւ դրանց հետ անխուսափելիորեն կապված անորոշությունների վտանգի վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը, քանի որ դրանով է պայմանավորված այս օրերին այնքան պահանջված քաղաքացիական զգոն վարքը:  «Ամենագետների» կողմից հրապարակային խոսքում ամենափրկիչ ու միակ կամ բացարձակ անարդյունք համարվող այս կամ այն մեթոդի տիրաժավորումը թուլացնում է համավարակին դիմագրավելու միջոցների կիրառվող ամբողջ համախմբին կարգապահորեն հետեւելու մարդկանց մոտիվացիան՝ դրանից բխող հետեւանքներով: Իրինա Ղուլինյան-Գերց Բեռլին ——————————————————- COVID-19-ի մասին հեղինակի այլ նյութերը հետեւյալ հղումներով՝ https://www.lragir.am/2020/03/26/531105/ https://www.lragir.am/2020/03/23/529873/ https://www.lragir.am/2020/03/16/527513/ https://www.lragir.am/2020/03/19/528631/ ——————————— Աղբյուրներ՝ [1] https://www.handelsblatt.com/technik/it-internet/coronakrise-wie-die-eu-handy-ortung-gegen-das-coronavirus-einsetzen-will/25690342.html?ticket=ST-278014-aDZKedDKIaCo6debFO1g-ap4; https://www.spiegel.de/politik/deutschland/news-des-tages-was-taugt-europas-anti-corona-app-a-3c66cfd1-bd6e-47a7-8a1f-4b61d3cd2b15 [2] https://www.spiegel.de/netzwelt/netzpolitik/deutsche-telekom-uebergibt-anonymisierte-handydaten-ans-robert-koch-institut-a-db6d26da-cd56-4001-80ab-1014480b67d6 [3] https://www.tagesspiegel.de/politik/handy-tracking-von-corona-infektionsfaellen-app-des-robert-koch-instituts-koennte-schon-diese-woche-praesentiert-werden/25698920.html [4] https://www.zdf.de/politik/maybrit-illner/corona-testen-tracken-impfen-wettlauf-gegen-die-zeit-sendung-am-2-april-2020-100.html [5] https://www.zdf.de/politik/maybrit-illner/corona-testen-tracken-impfen-wettlauf-gegen-die-zeit-sendung-am-2-april-2020-100.html [6] https://www.zdf.de/politik/maybrit-illner/corona-testen-tracken-impfen-wettlauf-gegen-die-zeit-sendung-am-2-april-2020-100.html [7] https://www.derstandard.at/story/2000115828957/mobilfunker-a1-liefert-bewegungsstroeme-von-handynutzern-der-regierung [8] https://www.washingtonpost.com/technology/2020/03/17/white-house-location-data-coronavirus/ [9] https://www.haaretz.com/israel-news/.premium-cellphone-tracking-authorized-by-israel-to-be-used-for-enforcing-quarantine-orders-1.8681979 ; https://netzpolitik.org/2020/die-krise-als-hebel-fuer-ueberwachung-und-kontrolle/

Lragir.am,
05-04-2020 00:04