Հայաստանի լույսը մթության վերջում

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ թեւակոխում ենք մարդկության համար ամենամութ ժամանակաշրջան, սպասվում է տնտեսության խոր անկում, որպիսին չի եղել անգամ 2008-2009 ճգնաժամի ընթացքում: Նա միաժամանակ կոչ է արել հարուստ երկրներին աջակցել մյուս պետություններին, իսկ պարտատերերին կոչ է արել չպահանջել պարտքերը այլ երկրներից: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենամեծ խնդիրներից մեկը լինելու է փողի խնդիրը: Այսինքն, մեծանալու է փողի կարիքը, հատկապես այն երկրների, որոնք չունեն շատ փող, չունեն մեծ պահուստներ: Իսկ փողի կարիքը նշանակում է, որ բարձրանալու է նրանց դերը, որոնք փող ունեն, ունեն շատ փող, եւ նաեւ այն կառույցների դերը, որոնք փող բաժանելու խողովակ են: Օրինակ, այդպիսին է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Կան գլոբալ ֆինանսական այլ կառույցներ էլ: Որքան էլ ցավով նրանք փաստում են ճգնաժամի մասին, միեւնույն է ճգնաժամը թերեւս հենց այդ կառույցների համար է լողի ամենանպաստավոր շրջանը: Իսկ գուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք ոչ թե փաստում են ճգնաժամի մասին, այլ էլ ավելի բորբոքում, խթանում, ճգնաժամը տոտալ ահազանգերով: Անկասկած, սա մարտահրավեր է Հայաստանի համար: Ընդ որում, այդ իմաստով գուցե նույնիսկ առաջին անգամ չէ, որ Հայաստանն անցնելու է դրա միջով: Այդ իմաստով հետաքրքիր է, թե ինչպես էին ՀՀԿ-ականները մեկնաբանում Տիգրան Սարգսյանի վարչապետի պաշտնում նշանակումը: Նրանցից ոմանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակեց հենց միջազգային ֆինանսական կազմակերպությունների պահանջով: Բանն այն է, որ ծանր ներքաղաքական իրավիճակում պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը բախվեց նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Հայաստանի համար այն ավելի ծանրացավ, որովհետեւ ներհամակարգային հարաբերությունների համատեքստում իր կապիտալը տնտեսությունից զգալի հետ քաշեց հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի նշանակումը կարող էր լինել ոչ թե միջազգային կառույցների հորդորով, որոնց հետ աշխատանքում Տիգրան Սարգսյանն իսկապես ուներ ըմբռնում եւ ընդունելություն, այլ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանն ինքը կարող էր գնալ այդպիսի նշանակման՝ արդյունքի ակնկալիքով: Իսկ Տիգրան Սարգսյանի նշանակումը իսկապես անսպասելի էր, քանի որ ակնկալվում էր կամ Հովիկ Աբրահամյանի, կամ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի նշանակումը: Մյուս կողմից, Սարգսյանն ըստ ամենայնի գերադասեց դժվարին վիճակում իր համար չստեղծել կախվածություն նրանցից, որոնք իշխանության ներսում ունեին ազդեցիկ դիրքեր եւ կարող էին հետագայում պայմաններ թելադրել : Դրա համար նախընտրելի էր գուցե միջազգային ֆինանսական կառույցների հետ պայմանավորվելը: Մյուս կողմից, հետաքրքիր էր, որ Տիգրան Սարգսյանն ինքն առաջ քաշեց Հայկական աշխարհի, այլ կերպ ասած հայության շրջանում պայմանավորվածության գաղափարը: Ինչպես կվարվի Հայաստանն այժմ: Ներկայում ներքաղաքական վիճակը արմատապես այլ է, այլ է քաղաքական ուժերի հարաբերակցւթյունն ընդհանրապես: Բայց փողի կարիքը անշուշտ թակել է եւ թակելու է Հայաստանի դուռը, ըստ այդմ պահանջվելու են լուծումներ, պահանջվելու են աղբյուրներ, որովհետեւ զուտ ներքին աղբյուրների անգամ գերմոբիլիզացիան բավարար չի լինի լայն անելիքները կայուն սպասարկելու համար: Ո՞ւմ հետ կպայմանավորվի Նիկոլ Փաշինյանը: Կամ, ավելի շուտ, կստացվի՞ այն համազգային կոնսենսուսը, որի մասին նա հիշեցնում էր փետրվարին՝ հղում անելով օգոստոսի 5-ի Ստեփանակերտի իր ելույթին: Բանն այն է, որ Հայաստանի համար մութ շրջանից լույսի անցման ամենաշահեկան պայմանը կարող է լինել համահայկականը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
05-04-2020 10:21