Ծաղկազարդին դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

05-04-2020 00:46

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 5-ին նշել է Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը: «Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց: Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ․ ամէն: «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: (Մատթ․ ԻԱ 9) Սիրելի հավատացյալ զավակներ Մեր, Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը: Այս հոգեպարար տոնը նշում ենք Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդի աստվածային հրաշագործ ու բուժիչ զորության հայցով մեր ժողովրդի և ողջ մարդկության համար: Ծաղկազարդը, ինչպես գիտեք, հիշատակն է Երուսաղեմ Փրկչի փառավոր մուտքի, երբ ժողովրդի բազմությունը ուրախությամբ, ձիթենու և արմավենու դալար ճյուղերը ձեռքներին դիմավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բացականչելով. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում»: Քրիստոս բարձրանում էր Երուսաղեմ որպես «գառն Աստծո», որ Իր կյանքը զոհաբերեր խաչի վրա, Իր կենարար արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքի գերությունից և բացեր դեպի Աստված տանող արքայության դռները: Ժողովուրդը դիմավորում էր Նրան որպես հաղթական Թագավորի, ով պիտի ազատություն բերեր օտար տիրապետության լծից: Սակայն Հիսուս մուտք էր գործում որպես հաղթական Թագավոր, ում անձի մեջ Աստծո խոստումները պիտի իրագործվեին, Նա պիտի հաղթեր մեղքին ու մահվանը՝ ինքնազոհաբերությամբ: Աշխարհի փրկիչն ու թագավորը, մարմնացյալ Աստծո Որդին, մահացավ անարգ մահով խաչափայտի վրա, որպեսզի Իր հարությամբ մարդկանց շնորհի հավիտենական կյանքի անգին պարգևը: Այս մեծագույն խորհուրդը դժվարընկալելի էր և տակավին դժվարըմբռնելի է շատերի համար: Սիրելիներ, այսօր բոլորիս հոգիներում Ծաղկազարդի տոնի ուրախության ազնիվ զգացումներն են, բայց նաև՝ համայն աշխարհի և մեր ժողովրդի առջև ծառացած համավարակի մտահոգությունը: Ցավ ենք ապրում, որ Ավագ Շաբաթվա այս նվիրական օրերին մեր հավատավոր զավակները չպիտի կարողանան եկեղեցիներում համախմբվել և միասնաբար անցկացնել եկեղեցական արարողությունները, սակայն Մեր հայրական հորդորն է, որպեսզի աղոթեք տանը, ընթերցեք Ավետարանը, հատկապես Ավագ Շաբաթվա ընթերցվածքները և հոգևոր ապրումներով ու խոկումով լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ՝ Նրա երկրային կյանքի վերջին օրերի խորհրդին հաղորդ: Աստվածամուխ Սուրբ Գեղարդից ճառագող օրհնության ներքո կատարեցինք Ծաղկազարդի անդաստանի արարողությունը՝ Մեր սրտում ունենալով մեր ողջ ժողովրդին, ի մասնավորի ապաքինման և մեկուսացման մեջ գտնվող Մեր զավակներին և դժվարին այս իրավիճակի հաղթահարման համար իրենց նվիրյալ ծառայությունը բերող բոլոր անձանց: Ամենաբուժիչ Սուրբ Գեղարդով օրհնեցինք ձեզ, սիրելի հավատավոր զավակներ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, որ զորանաք հավատով, հույսով ու սիրով, որ Տերը քաջառողջություն շնորհի և ապահով պահի ու պահպանի ձեզ բոլորիդ, և փորձության այս օրերը հաղթահարեք Աստծո շնորհով, ողորմությամբ և օգնականությամբ: Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերը ազատելու է մեզ վշտերից ու տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը: Հավատավոր զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն է ձեզ, որ այս գիտակցումով աղոթեք, այս տեսլականով գործեք՝ հանուն ձեր ընտանիքների ապահովության, ձեր եղբայրների ու քույրերի առողջության: Ամենայն լրջությամբ խստագույնս հետևեք պատկան մարմինների հրահանգներին և կատարեք անհրաժեշտ բոլոր ցուցումները: Գիտենք, որ յուրաքանչյուրդ նեղությունների եք դիմագրավում, ենթարկվում հոգեբանական, առողջապահական, տնտեսական դժվարությունների, որոնց հանդիման առ Աստված ապավինությամբ կոփվում ու ամրանում են հավատքը, մերձավորին սիրո և օգնության ձեռք մեկնելու, հայրենի պետության շուրջ համախմբվելու վեհ գաղափարները: Այս հանգամանքներում, որպես Ամենայն Հայոց Հայրապետ, կոչ ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և սփյուռքում՝ ըստ կարելիության սրտաբուխ նվիրատվություն կատարել համավարակի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին՝ առկա իրավիճակով պայմանավորված անմիջական կարիքներն ու անհրաժեշտությունները հոգալու համար: Այս օրը սովորաբար, սիրելիներ, Մանուկների օրհնության առիթով մեր եկեղեցիները լի էին երեխաներով, նրանց ժպիտով ու ծիծաղով: Մենք այսօր աղոթեցինք նաև մանուկների առողջության, նրանց երջանիկ կյանքի և լուսավոր գալիքի համար: Առանձնակի հոգածությամբ ու հոգատարությամբ խնամատարենք երեխաներին, շրջապատենք ամենայն սիրով ու գուրգուրանքով, սնենք ու դաստիարակենք ազգային, հոգևոր մեր արժեքներով: Սիրելի զավակներ Մեր, տերունական այս սքանչելի տոնի առիթով ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննա վերառաքենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով․ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն՝ բարձունքներում»: Ամուր մնանք մեր հույսի ու հավատքի մեջ առ Տերը, ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Իր մահվամբ մահը խորտակեց և Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց: Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
05-04-2020 00:46