Այն, ինչ կատարվեց Արցախում, խայտառակություն է

Մարտի 31-ին Արցախում կայացել են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Եւ չգիտես ինչն ավելի ամոթալի ստացվեց՝ ընտրությունների ընթա՞ցքը, թե արդյունքները: Այսօր Ստեփանակերտում կկայանա բողոքի ակցիա, սակայն մինչ այդ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել: Այս գործընթացը կարելի է վերածել ուսուցողական ձեռնարկի՝ «Թե ինչպես չի կարելի անցկացնել ընրություններ» խորագրով: Եւ սկսել դրանից, որ ինչ-որ ուժ թույլ չտվեց հետաձգել ընտրությունները, թեկուզ աշխարհով մեկ մոլեգնում էր պանդեմիան: Արդեն այդ պահին հարց է առաջացել․ ինչի են ձգտում կամ ինչ են ուզում պահպանել որոշ ուժեր, որ ամեն գնով ուզում էին ընտրություններն անցկացնել հենց մարտի 31-ին: Այդ պահին արդեն պարզ էր, որ գործարկվելու է կեղտոտ միջոցների ողջ արսենալը, եւ այդպես էլ եղավ: Սոցցանցերում նկարներ եւ տեղեկություններ էին տեղադրվում խախտումների մասին, բացահայտ ասվում էր «գինը»՝ 20 հազար դրամ, ընդ որում այն տալիս էին քվեաթերթիկի նկարը ցույց տալուց հետո: Սակայն ամենաամոթալին սկսվեց ձայների հաշվառման ժամանակ: Սկզբից ազդարարվեց Արայիկ Հարությունյանի հաղթանակը առաջին փուլում՝ 57, 52 տոկոս, արդեն հրավառություն էին անում: Մեկ էլ միանգամից դադարեցվեց թվերի հրապարակումը, Ա․ Հարությունյանի մամուլի քարտուղարը հանեց տրիումֆալ տեղեկություններն իր էջից, եւ սկսվեց ամենաամոթալին: Պարզ էր, որ ընթանում է քաղաքական առեւտուր, կարելի է նույնիսկ ենթադրել, թե ում միջեւ: Անկախ արդյունքներից, դա միանգամից զրոյացրեց ընտրությունների լեգիտիմությունը, որն առանց դրա էլ զրոյի էր մոտենում խախտումների պատճառով: Արպիլի 1-ի 14․00-ին միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, խոնարհելով հայացքը, հրապարակեց արդյունքները: Պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը 49,2% ձայն է ստացել եւ Մասիս Մայիլյանի հետ անցնում է երկրորդ փուլ: Արայիկ Հարությունյանը նույնիսկ չփորձեց վիճարկել արդյունքները, ինչը ցույց տվեց, որ կա քաղաքական պայմանավորվածություն: Այդ պայմանավորվածության մյուս կողմում խորհրդարանն է իր նոր, ավելի ահավոր կազմով: Երկու նախկին օդիոզ գեներալների կուսակցություններ, Արայիկ Հարությունյանի օլիգարխիկ կուսակցություն, զոռով 5 տոկոսն անցած Ժողովրդավարական կուսակցություն եւ մինչ ընտրությունները գործընկեր մուրող ՀՅԴ-ն: Ահա եւ Արցախի «նոր» խորհրդարանը, որը բացի ամոթի զգացումից՝ ոչինչ չի առաջացնում: Այս խայտառակությունից մաքրվելու միակ ձեւն, իհարկե, նոր ընտրությունների նշանակումն է: Թեկուզ դա հարված կհասցնի Արցախի միջազգային վարկին, բայց դա առողջացման նշան կդառնա: Իսկ ներկայիս խայտառակությունն ավելի մեծ հարված է եւ Արցախի, եւ հայկական քաղաքականության վարկին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
05-04-2020 13:00