Օնլայն թեստավորմնան հնարավորություն․ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը

05-04-2020 13:14

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն: Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Covid-19 Armenia-ն հասանելի է թե՛ Google Play թե՛ AppStore հարթակներում»,- գրել է նա:

Lragir.am,
05-04-2020 13:14