ԵԱՏՄ ներմուծվող մի շարք պարենային ապրանքների մաքսատուրքերը 3 ամսով զրոյանում են

06-04-2020 00:30

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված որոշմանը: Ըստ այդմ, հիշեցնենք, երեք ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: Խոսքը վերաբերում է առանջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին: «Կուզեմ նշել, որ այս սահմանափակումը 3 ամիս ժամկետով է, բայց սահմանափակումը գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների վրա այդ արգելքը չի տարածվում, եթե ներմուծում ենք այդ ապրանքատեսակը: Միաժամանակ, արգելքը նաև չի տարածավում հումանիտար նշանակության բեռների փոխադրման վրա»,- ասաց նա: ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ապրիլի 3-ին ընդունած մյուս որոշումը վերաբերում է այն զգայուն ապրանքներին, որոնց ներմուծման մաքսատուրքերը երեք ամիս ժամկետով կզրոյացվեն: «Խոսքը գնում է մի շարք ապրանքների մասին, որոշումը դեռ չի հրապարակվել: Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով: Օրինակ՝ եթե կան ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքը 10 կամ 13 տոկոս է, կամ յուրաքանչյուր կիլոգրամից գումար է գանձվում, երեք ամիս ժամանակահատվածով դրանք կզրոյացվեն»,- մանրամասնեց փոխնախարարը:

Lragir.am,
06-04-2020 00:30