Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ

06-04-2020 15:01

Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր: Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020 թ.-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար: Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար: Վերապատրաստումները իրականացվում էին հեռախաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով: Վերապատրաստումները անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը: Բացի բուն նյութի տրամադրումից, Հնդկաստանի գործընկերների հետ անցկացվել են հարց ու պատասխանի ֆորմատով ինտերակտիվ դասեր, տրվել են հանձնարարություններ և կատարվել է Հնդկաստանի խմբակավարների թեստավորում: Վերապատրաստվել է 6 անձ, ովքեր կդասավանդեն Հնդկաստանում բացվող 3 Արմաթ լաբորատորիաներում: «Մեզ թեկնածուների համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը: Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք: Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել և այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն», – նշում է հնդկական կողմի ներկայացուցիչը: Օրերս «Արմաթ» լաբորատորաների ֆեյսբուքյան խմբերում տարածվել են վերոնշյալ մատուցող-ռոբոտի աշխատանքը ցուցադրող հոլովակներ: Վերջինս ինքնուրույն կերպով տեղի բուժհաստատություններից մեկում ուտելիք է մատուցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին: ԱՏՁՄ Հանրային կապեր

Lragir.am,
06-04-2020 15:01