Այսօրվա խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է Ադրբեջանում. Նիկոլ Փաշինյան

06-04-2020 19:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Նա անդրադարձավ շատ օգտատերերի կողմից հավանության արժանացած հարցին, թե արդյոք ժամանակը չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերին «տուն ուղարկել» և նոր կադրերով համալրել խորհրդարանական խմբակցությունը: «Կարծեմ՝ առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ պաշտոնական հիմնավորումն այն էր, որ Ադրզբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու: Աշխարհում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ Հայաստանում տեղի էր ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ՀՀ-ում ձևավորվել էր նոր երիտասարդ խորհրդարան»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքն էֆեկտիվ է գնահատում: «Ես համարձակություն կունենամ ասելու, որ սա ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով ձևավորված խորհրդարան է, և ես կարծում եմ, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Եվ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն առաջին հերթին ձևավորում է խորհրդարանի իմիջը»,- ասաց նա: Փաշինյանը նշեց՝ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, մի դիտարկում կանի խմբակցության գործունեության հետ կապված: «Իհարկե, խմբակցությունը ձևավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, և կարծում եմ նրա ամենակարևոր խնդիրը կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ: Եվ այս առումով կա լուրջ անելիք, ես հույս ունեմ, որ այդ անելիքը միասին կանենք լիարժեք: Իսկ մինչև այս պահը կարծում եմ՝ այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով: Ես կարող եմ ասել, որ, օրինակ, վերջին ամենաքաղաքական քննարկումը, որը եղավ խորհրդարանում, կարող եմ հիշել Սահմանադրական հանրաքվե նշանակելու քննարկումը: Ես այդ հարցի քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի Իմ քայլը խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ: Հետագա քննարկումներում ևս Իմ քայլը խմբակցությունը շատ բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց»,- ասաց նա:

Lragir.am,
06-04-2020 19:02