ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք արտադրող. Նիկոլ Փաշինյան

06-04-2020 19:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ հարցին, թե ինչ քայլեր է անում Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով տնտեսությունում առաջացած բացասական  հետևանքները չեզոքացնելու համար: «Նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր ռազմավարական պատկերացումն էր, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք արտադրող»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ մեր երկրում կան մի քանի նախագծեր, կառավարությունը նպատակադրված է, որ մեր երկրում նաև մետալուրգիա լինի, ընդհանրապես մշակվող արդյունաբերությունը զարգանա: «Անցյալ տարվա տվյալներով՝ շատ կարևոր ցուցանիշ մենք արձանագրեցինք: 2019 թվականի տվյալներով վերջին տասնամյակի համար մենք աննախադեպ տնտեսական աճ ունեցանք: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը»,- նշեց նա: Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց նպատակը Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, Փաշինյանն ասաց, որ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր: «Այս հարցի հետ կապված ես տեսնում եմ երկու կարևոր սահման ու բևեռ: Իհարկե, մենք ասել ենք, որ ՀՀ-ն ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանի: Բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ բնապահպանությունը ՀՀ համար կարևոր ոլորտ է, բայց կառավարությունը բնապահպանությունը չի հակադրում տնտեսությանը: «Արդյունաբերությունը պիտի զարգանա՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, ստանդարտները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում: Ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականին, այստեղ մենք ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ: Կարճաժամկետ առումով մենք խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ ու մեծ ծավալով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետև կապիտալ ներդրումներն ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են: Խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է, որոնք իրենց հետևից քարշակում են նաև տնտեսության այլ ճյուղեր»: Իսկ երկարաժամկետ առումով, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարությունը կարծում է, որ հիմնական խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի զարգացումը: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման կարևոր ռեսուրսը մարդն է և իր հմտութունները, հավելեց վարչապետը: Աղքատության ու բարեկեցության սահմանը, նրա խոսքով, գիտելիքն է, հմտությունը: Ժամանակակից աշխարհում հմտություններ, գիտելիք, կրթություն ունեցող մարդիկ են, որ հաջողակ են: «Մեր երկրի պատմության ընթացքում հաջողության ու հարստության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի և հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանանակից աշխարհի օրինակը ցույց տալ»,- նշեց նա: Փաշինյանը հավելեց, որ հիմա պատրաստվում է ՀՀ մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության տեսլականը: «Մեր խնդիրն է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ: Սա է մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և տնտեսական հեղափոխություն իրականացնելու ռազմավարական բանաձևը»,- հավելեց նա:

Lragir.am,
06-04-2020 19:30