Ինչքան շատ հայհոյեն, այնքան շատ կպարտվեն. Նիկոլ Փաշինյան

06-04-2020 19:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ֆեյսբուքի օգտատերերի այն հարցերին, թե ինչո՞ւ չեն պատժվում «դեղին մամուլի» ներկայացուցիչները, ապատեղեկատվություն տարածողներն ու վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին հայհոյողները: «Ես այստեղ հարցը կբաժանեմ երկու մասի՝ կեղծ լուրերի հետ կապված․ մի մասը, որոնք սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը, մյուս մասը՝ անձնական բնույթի վիրավորանք  են, կեղծ լուրեր կամ, ինչպես դուք եք նշել, ծաղրանկարներ: Մենք այս տարվա սկզբին դեպք ունեցանք, որբ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ օգտատիրոջ կողմից տարածվեց լուր, որը լայնորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից և Իրանում՝ հակահայկական քարոզչություն անելու համար: Եվ այդ դեպքում քրեական գործ հարուցվեց, լուրի հեղինակը ձերբակալվեց, կարծեմ մինչև հիմա էլ կալանքի տակ է: Մեկ այլ կեղծ նամակ կա, որն անընդհատ շրջանառվում է, իրավապահ մարմինները դեռ չեն հայտնաբերել հեղինակին կամ հայտնաբերել են, և նա ՀՀ տարածքից դուրս է գտնվում: Մի այսպիսի նամակ, որ իբր ես գրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ իբր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս: Այս դեպքերում իրավապահները պետք է զբաղվեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ծաղրանկարներին, Փաշինյանն ասաց, որ ծաղրանկարը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: «Իհարկե, տհաճ է, երբ հայհոյում են ինձ կամ իմ ընտանիքի անդամներին, բայց եթե մենք այդ հայհոյանքներին սկսենք վերաբերվել այնպես, որ սկսենք պատժել, դա չի կարելի, դա ժողովրդավարության ոտնահարում կլինի»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, օգտատերերն ու ընթերցողներն իրենք կարող են որոշակի միջոցներ ձեռնարկել: Օրինակ՝ կարող են կեղծ և ոչ կոռեկտ լուրեր տարածողների էջերն արգելափակել, ուղղակի հրաժարվել ընթերցել այն լրատվամիջոցները, որոնք սուտ լուրեր են տարածում: «Այնպես որ, ես կարծում եմ, որ ժողովրդավարության պայմաններում անելիքն այստեղ ոչ թե կառավարությանն է, այլ հանրությանն է: Դուք կարող եք ինքներդ չակերտավոր պատժել այդպիսի լուրերի հեղինակներին»,- հավելեց նա: Փաշինյանն ասաց, որ ժողովրդավարական քայլերից դուրս որևէ գործողություն չի պատկերացնում այս հարցում: «Հայհոյում են, ինչքան ուզում են, թող հայհոյեն: Կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը: Քանի դեռ այսօրվա իրավիճակն է, նրանց լուսանցքային երևույթներ են, ուրեմն պարտվել են: Եվ ինչքան շատ հայհոյեն, այնքան շատ կպարտվեն»,- ընդգծեց նա:

Lragir.am,
06-04-2020 19:58