Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել

06-04-2020 20:27

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի,իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր: Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով: Հետազոտության պատասխանները կստացվեն վաղը, որից անմիջապես հետո կհրապարակվեն տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասվում է հայտարարությունում:

Lragir.am,
06-04-2020 20:27