Եթե ես նախկիններին նմանվեմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ. Վարչապետ

06-04-2020 21:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով պատասխանել է օգտատերերից մեկի հետևյալ հարցին․ «Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին»: «Ոչ, չեմ կարծում, որ նախկիններին նմանվում եմ: Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- պատասխանել է Փաշինյանը: Ինչ վերաբերում է նախկին մարդասպաններին ու հանցագործներին չպատժելուն, Փաշինյանն ասաց․ «Ինչո՞ւ միայն նախկին: Իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործերն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ մարդասպաններն ու հանցագործները պետք է չպատժվեն»: Նա նշեց, որ Ազգային ժողովում քննարկվում է Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: «Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցմամբ էլ կընդունվի, և երբ արդեն կմտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքերի բռնագանձման պրոցեսը: Հետաքրքիրն այն է, որ դա քրեական գործերի հետ կապ չունի, այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և քրեական գործերից առանձին են նայվելու: Դրա համար նոր համակարգ է ստեղծվելու: Եվ այն կոռուպցիոներները, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել, այդ օրենքը հնարավորություն կտա, որ մենք այդ գույքերը բռնագանձենք ու վերադարձնենք պետությանն ու ժողովրդին: Դա չի նշանակում, որ քրեական գործերով որոշումներ չեն կարող կայացվել արդեն դատավճիռների տեսքով»,- ասաց նա:

Lragir.am,
06-04-2020 21:00