Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

06-04-2020 21:15

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Նշենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել է հիմնավոր կասկածի մասով և գտնում է, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ գրավ չպետք է կիրառվեր: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազության բողոքը՝ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ: Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օերնսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողի համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, մինչդեռ՝ նախկինում Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ըստ էության՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավոումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն կիրառել է գրավ՝ 5 մլն դրամի չափով: Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Սամվել Դիլբանդյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Ռազմիկ Աբրահամյանի մասնակցության քննչական գործողություններ չեն եղել:

Lragir.am,
06-04-2020 21:15