Մարդիկ հավատացել են, որ կոճապղպեղ ուտելը կանխում է կորոնավիրուսով վարակվելը, եւ գները թանկացել են

06-04-2020 21:32

Սպառողական վարքագիծն իր ազդեցությունն է թողնում գների վրա: Երբ մարդիկ խուճապահար գնում են կոնկրետ ապրանք, ապա անխուսափելիորեն գնաճ է տեղի ունենալու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր այս օրերին որոշ ապրանքների գների աճին: «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում իմբիրի (խմբ․ – կոճապղպեղի) գնաճի կապակցությամբ: Ինձ համար խնդիր էր, հասկանալ… գրում են սոցիալական ցանցերում, թե իմբիրը թանկացել է, ուզում էի հասկանալ, թե իմբիրի հետ այս ինչ է տեղի ունենում: Մեր հայրենակիցներից մեկն, ով մտահոգված էր, որ ես կարող եմ կորոնավիրուսով վարակվել, ինձ վիդեո նամակ ուղարկեց, որտեղ ասվում էր, թե իմբիրը երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի: Ու ես հասկացա, թե ինչու է իմբիրն այդքան անվերահսկելի թանկանում: Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիր ուտելը կանխում է կորոնավիրուսի վարակը: Այս մասին հարցրել եմ առողջապահության նախարարին, նա ասել է պաշտոնապես, որ չկա որևէ հիմնավորում, ապացույց, որ իմբիրը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է: Սոցիալական ցանցերում այդ վարկածը շրջանառվել է, և իմբիրի գները սկսել են աճել», ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է գնաճը զսպելու համար, սակայն սպառողի վարքագիծը ևս կարևոր է: Նա հորդորում է քաղաքացիներին չճշտված տեղեկություններին տուրք չտալ ու խուճապային գնումներ չկատարել:

Lragir.am,
06-04-2020 21:32