ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանը չունի դաշնակից. ավելի ուժեղ իրավիճակ

Լավ է, որ Հայաստանն այդ հարցում ունի երեք դաշակից, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսելով ԵՏՄ-ում գազի միասնական գնի մասին: Հայաստանի երեք դաշնակիցներն ըստ ամենայնի ԵՏՄ անդամներ Բելառուսը, Կիրգիզիան եւ Ղազախստանն են, համենայն դեպս ըստ տրամաբանության: Բանն այն է, որ ԵՏՄ-ում էներգետիկ շուկայի գլխավոր, գերակա, գրեթե մենատեր խաղացողը Ռուսաստանն է: Մոսկվան այդ հանգամանքը օգտագործում է քաղաքական դիրքերի համար: Եթե ձեւավորվում է միասնական շուկա, իսկ դա միասնական տնտեսական տարածության տրամաբանությունից բխող պարզ իրողություն է, Ռուսաստանը փաստորեն կորցնում է Եվրասիական միության անդամների հանդեպ քաղաքական ազդեցության էական լծակներից մեկը: Այդ իսկ պատճառով Մոսկվան դիմադրում է միասնական էներգետիկ շուկայի գաղափարին, այն ամեն կերպ առնվազն հետաձգելով 2025 թվական: Ռուսաստանի համար իհարկե աներկբա է, որ կամ ԵՏՄ չի լինի, կամ լինելու պարագայում վաղ թե ուշ պետք է լինի միասական էներգետիկ շուկա, ըստ այդմ գազի միասնական ցածր գին: Մոսկվան պարզապես փորձում է հնարավորինս հեռացնել ժամանակը, կամ ժամանակ ձգել իր համար հնարավորինս նպաստավոր պայմանով համաձայնության գալու համար: Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանն առավել հաճախակիացրել է հայտարարությունները, որ միասնական էներգետիկ շուկա, գազի միասնական գնի մեխանիզմ չունենալու պարագայում ԵՏՄ-ն կորցնում է իմաստը: Բայց այդ դեպքում Երեւանը որքա՞ն կարող է մնալ այդ անիմաստ կառույցում: Որովհետեւ, եթե այդ հայտարարությունները հնչում են, սակայն Երեւանը իրական ռեժիմում չի կատարում անիմաստ կառույցի հանդեպ իմաստալից դիրքորոշման քայլ, ապա մեծ հաշվով արժեզրկվում է հայտարարությունը, թե միասնական շուկայի բացակայությունն իմաստազրկում է ԵՏՄ-ն: Այդ առումով, ինչի՞ են պատրաստ Հայաստանն ու դաշնակիցները ՌԴ առաջ քաղաքական հարցադրում անելու իմաստով: Օրերս տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի ու Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես Բելառուսի տարածած հաղորդագրության մեջ էր նշվում, կողմերը արձանագրել են, որ առկա համաշխարհային պայմաններում ՌԴ գազի գինը բարձր է: Այդուհանդերձ, մյուս պետությունները պատրա՞ստ են Հայաստանի հետ գնալ առավել կոշտ քայլերի, թե՞ այդուհանդերձ նրանք ավելի պատրաստ են ՌԴ հետ սեպարատ համաձայնության: Ըստ այդմ, ինչպես թերեւս ռազմա-քաղաքական անվտանգության դեպքում է Հայաստանի անվտանգության գլխավոր առանցքն ու հենման կետը հայկական բանակը, այդպես էլ թերեւս ՌԴ հետ գազի գնի եւ միասնական էներգետիկ շուկայի օրակարգի հարցում Հայաստանի հույսը եւ գլխավոր հենակետը պետք է լինի իր կարողությունը: Հայաստանը ԵՏՄ-ում, ինչպես օրինակ նաեւ դրա փաստացի ռազա-քաղաքական բլոկ ՀԱՊԿ-ում, չունի դաշնակիցներ որեւէ հարցում: Դա անշուշտ չի նշանակում, թե Երեւանը պետք է ր համար կարեւոր հարցերում չաշխատի շահընկեր երկրների հետ, օգտագործելով այդ հանգամանքը իր համար կարեւոր խնդիրներ լուծելու գործում: Բայց, Հայաստանը ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում չունի դաշնակից, ըստ այդմ գազի գնի հարցում Հայաստանը Ռուսաստանի դեմ մեն-մենակ է: Միեւնույն ժամանակ, դա ամենեւին չի թուլացնում Հայաստանը, այլ հակառակը՝ դարձնում է ավելի ուժեղ: Որովհետեւ խորքային առումով Հայաստանը տնօրինում է ՌԴ համար ավելի կենսական եւ զգայուն խաղաքարտեր, այդ թվում օբյեկտիվ պատմա-քաղաքական գործոնների բերումով, քան ԵՏՄ մյուս անդամները, որոնք ընդամենը ակնկալելու են ՌԴ հետ իրենց հարաբերությունը պարզելու հարցում դառնալ Հայաստանի խաղաքարտի «բաժնետեր»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
06-04-2020 23:15