Արցախյան ընտրությունների հակառակ էֆեկտը

Մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունները կարող են դառնալ հանգրվան, որից ամեն ինչ կարող է շարժվել այլ ուղղությամբ: Երեկ ֆեյբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընտրությունների արդյունքներն Արցախում արձանագրել են քաղաքական իրական դասավորությունը: Նա նկատել է, որ խորհրդարան անցած երկրորդ եւ երրորդ ուժերն, այսինքն՝ Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանն ընդդիմադիր են: Դա Արցախում միայն ծիծաղ է առաջացրել, որովհետեւ այնտեղ ընդդիմության մասին այլ պատկերացումներ են: Արցախում բաժանարար գծերն անցնում են այլ տեղերով: Սկզբում Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել արցախցիներին չընտրել այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Այդ կոչն ի գիտություն է ընդունվել, եւ արցախցիներն արել են ճիշտ հակառակը: Արցախում բաժանարար գծերն անցնում են ոչ թե հեղափոխական Հայաստանի եւ հակահեղափոխական Արցախի, այլ ճակատային գծով, որը պաշտպանում են բոլոր հայերը: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա Արցախյան ուժերի իրական դասավորությունն է: Գուցե հեղափոխության եւ հետհեղափոխական քայլերի հանդեպ՝ այո: Ի վերջո, Արցախում երբեք չեն թաքցրել, որ չեն ընդունում որոշ ուժերի փորձերը՝ բոլոր մեղքերը բարդել «ղարաբաղյան կլանի» վրա, հակահեղափոխական դավեր են փնտրում միայն Ստեփանակերտում եւ որպես հեղափոխության արդյունք ազդարարում են «ղարաբաղյան կլանի» արմատախիլ անելը: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձել է չեզոքացնել այդ դիսկուրսը, այն գոյություն ունի: Դա փոքր ինչ մեղմվել էր 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում կայացած հանրահավաքից հետո, սակայն լիովին չէր չեզոքացվել: Եւ Արցախում ընտրությունների արդյունքը հենց այդ բաժանարար գծերի հակառակ էֆեկտն է: Առավել եւս, որ նման գծերի կողմնակիցները շատ են մյուս ճամբարում, եւ նրանք ամեն ինչ արել են, որ Արցախը տրամադրեն Հայաստանի ներկայիս իշխանության դեմ, ներկայացնելով այն որպես Արցախի դեմ դավադրություն նախապատրաստող ուժ: Ինչպես եւ երկու տարի առաջ, երբ այդ ուժերն ասում էին, որ Սերժ Սարգսյանը իբր հրաժարվում էր մադրիդյան սկզբունքներից, եւ Հայաստանում հեղափոխություն արեցին, որ նոր իշխանությունները ստորագրեն կապիտուլյացիան: Թեկուզ անցած երկու տարիներին դա չեղավ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին գրեթե հաջողվեց իմաստազրկել մադրիդյան սկզբունքները, սակայն այսօր էլ որոշ ուժեր պնդում են, որ Փաշինյանն ուզում է Ղարաբաղում այնպիսի իշխանություն, որի վրա կարելի է «դուրս գրել» հողերի հանձնումը: Ի՞նչ իշխանություն է ձեւավորվում Արցախում, եւ ի՞նչ է ստանալու Նիկոլ Փաշինյանն ի դեմս այդ իշխանության:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
07-04-2020 13:53