Նոր որոշում. արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից

07-04-2020 14:04

Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում: Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինք: Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անձինք ենթարկվում են անհապաղ հատուկ զննության՝ վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով: Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են պարտադիր ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից անձանց հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Lragir.am,
07-04-2020 14:04