Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

07-04-2020 14:11

Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում  է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Ներկայացված հայդադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու մասին է: Ալումյանը հայտնեց, որ հայցի հիմքում՝  քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, մասնավորապես՝ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: «Երեք հատված կա, որոնք պարոն Քոչարյանին են վերաբերում, որոնցով խախտվում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը: Նշենք, որ այս անգամ ներկայացվել է նաև փոխհատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով: «Նախկինում չենք պահանջել՝ մտածելով, որ ուղղակի նման հայց ներկայացնելը և հայցադիմումում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելը կստիպի, որ գոնե այդուհետ վարչապետը զուսպ լինի հայտարարություններում, բայց, քանի որ տեսնում ենք, որ վարչապետը չի հարգում անմեղության կանխավարկածը և իր մոտ արդեն սիստեմատիկ է դարձել նման բնույթի հայտարարություններ անելը, այս անգամ նաև գումարային պահանջ ենք ներկայացրել, որպես զսպող միջոց»,- ասաց Ալումյանը: Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 3-ին ու մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին

Lragir.am,
07-04-2020 14:11