Որևէ մեկի մտքով չանցնի, որ եթե գնա հասնի Լարս, այնտեղ կկարողանա ինչ-ինչ ճանապարհներով հատել սահմանը

Lragir.am-ի զրուցակիցն է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Պարոն Թանանյան, ի՞նչ իրավիճակ է ներկայում Վերին Լարսի անցակետում հայկական բեռների տեղափոխման մասով: Բեռնափոխադրումների ոլորտի խնդիրները, իհարկե, տրադիցիոն խնդիրներ են: Հիմա ի՞նչն է անսովոր, որ այս համաճարակով պայմանավորված՝ ռեժիմները մի քիչ խստացվել են: Նախ Վրաստանի տարածքում ուղեկցում են բոլոր բեռները, այսինքն՝ բեռնափոխադրողներն ազատ չեն տեղաշարժվում: Նախկինում այսպես էր՝ երբ հասնում էին սահման, ձևակերպումներն անում էին, մաքսային սահմանը հատում և սկսում շարժվել: Ցանկացած վայրում հանգստանում էին, կանգառ էին կատարում, և այդպես Վրաստանի տարածքն անցնում էին, հասնում Վերին Լարս ու մտնում Ռուսաստան: Հիմա մեծ հոսքեր են սկսվել Թուրքիայից դեպի Վրաստան՝ Փոթիով, և այն փոխադրողները, ովքեր Իրանով էին գալիս, Իրանում էլ իրավիճակի վատթարացման հետևանքով, տեղափոխվել են Թուրքիա: Եվ Փոթի նավահանգիստը խիստ ծանրաբեռնված է, այնտեղ գալիս են ոչ միայն թուրքական բեռները, այլ նաև բուլղարական, ղազախական, տաջիկական և այլն: Վրացական կողմը այդ բեռները հո չի կանգնեցնելու, դա բեռնաշրջանառություն է: Իրենք շատ արագ փորձում են Վրաստանի տարածքով անցկացնել այդ բեռները՝ ուղեկցումով: Որոշ տեղերում երթևեկությունը կանգնեցնում են: Ընդհանրապես Նատախտարիից, Դուշեցիից դեպի վերև՝ դեպի Գուդաուրի, դա ամենաբարձր հատվածն է, այդտեղ ճանապարհների որակը լավն է, բայց նեղ են: Այդտեղ չի կարող երկկողմանի բեռնատարների շարք լինի: Վրացական կողմը մի կողմը փակում է, մեկ ուղղությամբ մեքենաները տանում է, հետո մյուս ծայրն է փակում: Դա մոտ 50 կմ երկարությամբ ճանապարհ է: Արդյունքում՝ երբ Փոթիից այդ բեռները գալիս են, երթևեկը կանգնեցնում են, ճանպարհային ոստիկանությունն է կանգնեցնում և թույլ չի տալիս շարժվել, մինչև ճանապարհը չի ազատվում: Եվ այդպես փուլերով մենք գնում ենք դեպի Ռուսաստան: Կանգնում ու սպասում ենք, մինչև հրատապ բեռները անցնեն: Ես նաև մշտական կապի մեջ եմ Վրաստանի բեռնափոխադրումների միջազգային ասոցիացիայի նախագահի հետ, նա էլ է ինձ պարբերաբար տեղեկացնում, թե ինչ վիճակ է: Այստեղ նաև այլ հարց կա․ քանի որ իմ նշած երկրներն ավելի անբարենպաստ են համաճարակի տեսանկյունից, քան մենք, նրանց բեռները վրացիներն աշխատում են հնարավորինս արագ անցկացնել իրենց երկրով: Այսինքն՝ ըստ էության այդ պայմաններում մեր փոխադրողնե՞րն են տուժում: Ինչ վերաբերում է մաքսային գործընթացներին, երբ հասնում են մաքսակետ, լինի դա մեր Բագրատաշենը, վրացական Սադախլոն, թե ռուսական Վերին Լարսը, մաքսային պրոցեդուրաները մաքսավորներն իրականացնում են՝ ելնելով իրենց սահմանած ընթացակարգերից: Այստեղ, իհարկե, բեռնափոխադրողին շատ դեպքերում կարող է սուբյեկտիվ թվալ, որ իր նկատմամբ անարդար են: Բայց յուրաքանչյուր մաքսավոր նախ և առաջ ապահովում է երկրի տնտեսական անվտանգությունը: Այսինքն՝ այն բեռները, որոնք ճիշտ ձևակերպված չեն, թերի են, ժամկետանց, ենթակա են բռնագրավման, այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Որևէ մեկն իրավունք չունի միջամտել այդ գործընթացին: Վրաստանի տարածքում մեր բեռները մոտ 7 օր կարող են մնալ, հետո հասնում են Վերին Լարս: Դեպքեր են գրանցվում, որ ժամկետն անցնում է, մերոնք Լարսից մեզ դիմում են, մենք Բագրատաշենում այդ ժամկետը դարձյալ երկարացնում ենք, որ նրանց մուտքը Ռուսաստան լինի օրինական ժամկետների մեջ: Բայց բեռներ կան, որոնք, իհարկե, կարող են ավելի արագ փչանալ, բայց բեռնափոխադրողներն էլ գիտեն, չէ՞, թե ինչ իրավիճակ է: Իրենք գիտեն, որ հիմա և համաճարակային իրավիճակով, և բեռնափոխադրումների անհամեմատ մեծ պիկով պայմանավորված՝ իրավիճակը պետք է հաշվի առնել: Օրինակ՝ ինձ դիմում են, ասում են՝ դեղամիջոցներ կան Լարսում, որոնք արդեն մի քանի օր է կանգնած են: Ինչո՞ւ են կանգնած: Նախ, մեկ բեռնափոխադրողը կարող է 5 կամ 10 հոգու բեռ տեղափոխել: Եվ երբ դեղամիջոց է, վտանգավոր նյութեր, բնական է, կարող են դրանք լաբորատոր հետազոտության ենթարկել: Լաբորատորիան էլ իր ժամկետներով է աշխատում, հո միայն հայկական բեռները չի հետազոտում: Լարսով օրական կարող է 300-400 մեքենա անցնել, դրանց թվում հայկական մեքենաները մինչև 50-ի են հասնում: Այսինքն՝ ուզում եմ պատկերացնեք, որ պրոցեդուրաներն անմիջտականորեն ուղղված չեն Հայաստանի կամ հայկական բեռնափոխադրողների դեմ: Դուք ավելի վաղ ասում էիք՝ պետք է ուսումնասիրեք՝ Վերին Լարսում հայկական բեռների տեղափոխման հարցում ժամանակ առ ժամանակ ստեղծվող խնդիրները սուբեկտիվ գործոնով պայմանավորվա՞ծ են, թե ոչ: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել: Այո, կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գործոններ: Իրավական տեսանկյունից կարծես թե ամեն ինչ գրված է, հիմնավորված է: Հիմա իրավակիրառ տեսանկյունից, թե ինչքանով է դա ճիշտ կիրառվում, այստեղ հարցեր կան: Եվ կան, իհարկե, սուբյեկտիվ գործոններ՝ կապված մարդկանց, կոնկրետ պաշտոնյաների հետ: Դա շատ բարդ հարց է, յուրաքանչյուր երկիր աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բացառի սուբյեկտիվ պահերը: Եվ աշխատանքը կատարելագործելը շարունակական գործընթաց է: Դա մեկ օրվա լուծելու հարց չէ, տասնամյակներով, ես կասեի, գորշ մշակույթ է ձևավորվել: Հիմա մենք պետք է այդ մշակույթհը փոխենք, վերացնենք, փոքրացնենք: Կանենք, քանի որ կամք կա բոլորի կողմից: Այս օրերին ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել բեռնափոխադրողները: Ինձ կարող են դիմել ցանկացած հարցով, ինչ իմ իրավասության դաշտում է, ես մեկնաբանում ու պարզաբանում եմ, աջակցում եմ: Մեր մաքսային ծառայությունն էլ է մշտական կապի մեջ սահմանի մյուս կողմում իրենց կոլեգաների հետ: Բեռնափոխադրման գործընթացը բազմավեկտոր է, բարդ գործընթաց է, առավել ևս հիմա, երբ շփումների հնարավորությունները սահմանափակված են: Մի տեղ մի վարորդ ջերմում է, միանգամից այդ վարորդի հետ շփված բոլոր անձինք գնում են կարանտին՝ մինիմում 14 օր: Միանգամից չեն կարող նրանց փոխարեն նոր մասնագետներ բերել, դա հանգեցնում է նրան, որ սպասարկող ռեսուրսն է նվազում: Այդ հարցով էլ ենք փորձում հետները աշխատանք տանել, որ իրենք օպերատիվ ապահովեն մասնագետների համալրումը: Էլ չենք խոսում եղանակային վատ պայմանների մասին: Այս փուլում ինձ անընդհատ հարցեր են ուղղում, թե երբ կսկսեն աշխատել ավտոբուսները: Ավտոբուսները դեռ չեն աշխատի, պետական արգելք է դրված, երբ սկսեն աշխատել, ամբողջ աշխարհը կիմանա: Եվ առավել ևս որևէ մեկի մտքով չանցնի, որ եթե որպես քաղաքացի գնա հասնի Լարս, այնտեղ կկարողանա ինչ-ինչ ճանապարհներով հատել սահմանը: Դա բացառվում է: Միայն Վրաստանի քաղաքացիները կարող են մտնել Վրաստան: Վրացիները թույլ չեն տալիս, որ հայկական կողմից Ռուսաստանի քաղաքացին ոտքով կամ մեքենայով մտնի Վրաստան: Այսինքն՝ Վրաստանից դուրս են գալիս այն ՌԴ քաղաքացիները, որոնք Վրաստանում են եղել: Հայաստանի քաղաքացիների մասին խոսք լինել չի կարող: Մենք պայմանավորվում ենք, որ այսօր էլ է մեկ չվերթ սպասվում Ռուսաստանից դեպի Հայաստան, միայն օդային ճանապարհով մեր հայրենակիցները կարող են վերադառնալ Հայաստան:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
07-04-2020 16:58