Սերժ Սարգսյանն ընդունեց. կուլմինացիա եւ ապտակ Յուրի Խաչատուրովին

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է երրորդ նախագահի որոշումն ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով այցելելու եւ հարցերին պատասխանելու մասին: Ինչպես կանխատեսել էինք նախօրեին, Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստ է ընդունել հրավերը, եւ երրորդ նախագահի գրասենյակը ազդարարում է նրա այդ պատրաստակամությունը: Սերժ Սարգսյանը հայտնում է, որ արտակարգ դրությունից հետո՝ ապրիլի 16-ին կներկայանա հանձնաժողով եւ կպատասխանի հարցերին, իհարկե պայմանով, որ կլինի պատշաճ ձայնագրություն եւ դրա մի օրինակը կտրամադրվի իրեն: Սերժ Սարգսյանի գրասենյակը նախօրեին հայտարարել է, որ Սարգսյանը չունի հանրությունից թաքցնելու ոչինչ, առավել եւս հաղթական պատերազմի առնչությամբ: Արդյոք Սերժ Սարգսյանը կասկած ունի, որ հանրությունից ինչ որ բան կարող է թաքցնել քննիչ հանձնաժողովը, եթե դնում է ձայնագրության պահանջ: Համենայն դեպս, նրա այդ պահանջն այնպիսին է, որ թե հանձնաժողովի եւ թե հանրության համար պետք է ոչ միայն ընդունելի լինի, այլեւս ցանկալի ու անհրաժեշտ: Ըստ այդմ, կարծես թե կա Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցելելու մեկ խոչընդոտ՝ արտակարգ դրությունը: Դրա ժամկետը մինչեւ ապրիլի 14-ն է, սակայն կարող է նաեւ երկարաձգվել: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարծես թե չի բացառել, որ արտակարգ դրությունը ավելի ուշ չեղարկելու պարագայում կարող է հանձնաժողով ներկայանալ նաեւ ավելի ուշ: Համենայն դեպս, պայմանը կարծես թե մեկն է՝ ձայնագրություն: Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը կլինի կուլմինացիան: Փաշինյանը խոսել էր նաեւ Խաչատուրովի մասին, որն այն ժամանակ գլխավոր շտաբի պետն էր, սակայն Խաչատուրովն ավելի վաղ հրաժարվել էր ներկայանալ հանձնաժողով: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի որոշումն ինչ որ առումով ապտակ է Յուրի Խաչատուրովին, որը լինելով ռանգով ավելի ցածր, քան Սերժ Սարգսյանը, հրաժարվել էր հանձնաժողովի հրավերից: Հետաքրքիր իրավիճակ է, եթե նկատի առնենք նաեւ այն, ինչ Սերժ Սարգսյանը ապրիլյան ռազմագործողությունների օրերին Խաչատուրովի դերակատարման առնչությամբ ակնարկել էր Դիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում: Նա ասել էր, թե տեղյակ չէր Մոսկվայում ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ Ադրբեջանի ԳՇ պետի հետ զինադադարի վերաբերյալ բանակցությունից: Դա չափազանց ուշագրավ ակնարկ էր, որովհետեւ խոսքը հրադադարի մասին էր, եւ տարօրինակ էր, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմից ամիսներ անց հայտարարում էր դրա մանրամասներին տեղյակ չլինելու մասին: Ընդ որում, ինքնին այդպիսի խոստովանությունն էր բացառիկ: Դրանով Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր երկու զուգահեռ ռազմա-քաղաքական հարթությունների մասին, իրեն դուրս դնելով մոսկովյան հարթությունից: Կկարողանա ապրիլյան քննիչ հանձնաժողովը բացել քառօրյայի զուգահեռ հարթությունները: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը ձայնագրության պայման-առաջարկով մի կողմից մարտահավեր է նետում հանձնաժողովին, մյուս կողմից տալիս դա անելու հնարավորություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
07-04-2020 19:49