Հայ ինժեներները ստեղծել են թոքերի արհեստական շնչառության սարք. Փաստինֆո

07-04-2020 20:33

Մասնագիտությամբ ինժեներ, ռադիոտեխնիկ Արթուր Շահինյանն այս օրերին իր մի քանի ընկերների հետ ստեղծել է թոքերի արհեստական շնչառության սարք: Այն, իհարկե, բազմաֆունկցիոնալ չէ, սակայն կատարում է հիմնական և առաջին անհրաժեշտության գործառույթը, այն է օդի մատակարարում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Շահինյանը պատմեց գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Առողջապահության նախարարությունից հորդորել էին հնարավորության դեպքում վերանորոգել անսարք սարքավորումները և ստեղծել թոքերի արհեստական շնչառության սարք: Ինժեներների պատրաստած սարքի այս նմուշն աշխատում է, կարող է կատարել իր գործառույթը, սակայն ստեղծվել է տնային պայմաններում. «Դետալները 3D պրինտերով ենք տպել: Քանի որ տնտեսական, շինանյութի խանութները չեն աշխատում, դետալների մեծ մասն այստեղից այնտեղից ենք ձեռք բերել: Ում նկուղում կամ ավտոտնակում ինչ կա, բերել ենք և պատրաստել սարքը»,-ասաց Արթուր Շահինյանը: Հիվանդանոցում առկա սարքերը բազմաֆունկիցոնալ են: Օդ տալու հիմնական ֆունկցիայից բացի նաև ստուգում են, դիագնոստիկա անում, սրտի ռիթմը ստուգում, իսկ այս սարքն առաջին անհրաժեշտության գործողությունն է կատարում. «Ընդամենը օդ է տալիս չափաքանակով: Այսինքն կարգավորում ես օդի չափաքանակը, ինտենսիվությունը և ինքն այդ չափաքանակով ու ինտենսիվությամբ օդ է մատակարարում: Մնացած ֆունկիցաները, իհարկե, կարող են լինել կամ չլինել, սակայն մարդու կյանքն ապահովելու հիմնական գործառույթն օդի մատակարարումն է»,-նշեց Արթուր Շահինյանը: Արդեն իսկ դիմել են Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, սպասում են պատասխանի: Ինժեներն ընդգծեց շահույթ չեն հետապնդում, անգամ կարող են գծագրերով կիսվել ցանկացողների և այլ մասնագետների հետ. «Եթե առաջարկ լինի, մեծ հաճույքով կհամագործակցենք: Հետաքրքրվել եմ Հայաստանում դրա պահանջարկը չունենք, որովհետև 500-ից ավել գործող սարք կա, իսկ հիվանդներից քչեն են այս պահին դրանց միացված: Վատագույն սցենարի համար են դիտարկում, որպեսզի պահուստային սարքեր ունենանք»,-ասաց Արթուր Շահինյանը: Անդրադառնալով ֆինանսական հատվածին, ապա Արթուր Շահինյանը նշեց, որ եթե սարքն ապահովված լինի միայն առաջին անհրաժեշտության ֆունկցիայով, ապա կարժենա 3000-4000 դոլարի սահմաններում, մինչդեռ սարքի շուկայական գինն ինժեների խոսքով 20 հազարից 30 հազար դոլարի սահմաններում է տատանվում:

Lragir.am,
07-04-2020 20:33