Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը

07-04-2020 21:22

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման համար Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը»,– գրել է Ստեփանյանը: Խոսնակը նշել է, որ այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով: «Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը»,– նշել է խոսնակը:

Lragir.am,
07-04-2020 21:22