Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայորդուն արտահանձնելը, ազատամարտիկների կողմից կդիտվի որպես վատ ազդանշան

07-04-2020 21:37

Ցավով տեղեկացանք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են Ռուսաստանին հանձնել «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ.-ից ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Վերջինս արտահանձման լուրի մասին իմանալով ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել, իսկ երբ խնդիրը հայտնվեց որոշակի իշխանավորների ուշադրության առաջ, դադարեցրեց հացադուլը, սակայն նրան չարտահանձնելու հարցն այդպես էլ մնաց օդից կախված՝ չլուծված: Ղարաբաղյան պատերամի վետերանների միությունը գտնվում է, որ ոչ մի դեպքում Միսակ Լազարյանը չպիտի հանձնվի Ռուսաստանին: Դա մեր ողջ ազգի, պետության մեր պատվի և արժանապատվության հարցն է: Մենք չենք մոռացել Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը, որից հետո այդ հանցագործը Չեխիայից արտահանձնվեց Ադրբեջան, ստացավ խոշոր դրամական պարգևներ, նոր պաշտոն և հերոսացվեց: Այդ ամենը փաստում է որ Ադրբեջանը հայասպանությանը խրախուսում և հովանավորում է պետական ամենաբարձր մակարդակով: Մինչդեռ Հայաստանում ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին՝ Հայաստանն է հայորդուն արտահանձնել պատրաստվում, երբ որ վերջինս դեռ դատապարտված էլ չէ հանցագործության համար, այլ հանդիսանում է սպանության քրգործով մեղադրյալ: Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում էլ կան բազմաթիվ ադրբեջանցիներ և չի բացառվում, որ Ռամիլ Սաֆարովի նման մեկն էլ կալանավայրում, Գուրգեն Մարգարյանի նման կսպանի Միսակ Լազարյանին: Ուստի Հայաստանը պարտավոր է ապաստան տալ իր պաշտպանության կարիքն ունեցող հայորդուն, անկախ նրա քաղաքացիություն չունենալու հանգամանքից, քանի որ Ռուսաստանի ՔԿՀ-ներում նրա կյանքն ու առողջությունը վտանգված է: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելը, բոլոր ազատամարտիկների կողմից կդիտվի որպես այն բանի ազդանշան, որ Հայաստանում հայրենասեր անձինք պաշտպանված չեն և գտնվում են վտանգի տակ, Հայաստանի ներկայիս ղեկավարները ի զորու չեն պաշտպանել, իրենց ազգային արժանապատվությունն ու հայրենիքը պաշտպանած հայորդիներին և որ ազատամարտիկների ու զինծառայողների Արժանապատիվ կյանքն ու անվտանգությունը ևս Հայաստանում վտանգված է: Մեր աչքերի առաջ դեռ թարմ է 2019-ի սեպտեմբերի 18–ին, Վայոց ձորում մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի պատմությունը և մենք ուշիուշով հետևում ենք տվյալ գործի ընթացքին և արձանագրում, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկվողները ազատաության մեջ են և դեռևս պատժված չեն: Այդ փաստն արդեն իսկ վրդոհվեցնում է մի շարք ազատամատիկների և զինվորականների: Միսակ Լազարյանին Ռուսատանին արտահանձնելով, Հայաստանի ներկայիս կառավարությոնը վերջնականապես կսպառի մի շարք ազատամարտիկների և կադրային սպաների մոտ ձեռք բերված վստահությունը, որոնք քիչ թե շատ կարծում էին թե երկրում իրավիճակ է փոխվել և որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ ազգային և հոգևոր արժեքներն ապահովագրված են ոտնձգություններից, իսկ հայրենասեր նվիրյալ անձինք ու ազգի պաշտպանները՝ գնահատված: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Lragir.am,
07-04-2020 21:37