Արցախի պետնախարարը հորդորել է հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին

07-04-2020 21:54

Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքից հետո Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորել է առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Մարտիրոսյանն ասել է ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Բնակիչներին հորդորում եմ առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին»,– նշել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:

Lragir.am,
07-04-2020 21:54