Իսկապե՞ս աշխարհն այլեւս նախկինը չի լինելու. համաճարակն ու ամենահարուստները

Ֆորբս ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենահարուստ 20 անձանց վարկանիշային ցանկը: Այն գլխավորում է Ամազոն ցանցի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 113 միլիարդ դոլար: Բիլ Գեյթսը 98 միլիարդով երկրորդն է: Ընդհանուր առմամբ, ամսագրի համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին քսանյակի համախառն կարողությունը կազմում է 1, 14 տրիլիոն դոլար: Կորոնավիրուսը փլուզել է համաշխարհային տնտեսությունը: Գործընթացը շարունակվում է եւ դեռ պարզ չէ, թե այն որ կետում է կանգնելու: Առավել անորոշ է, թե այդ կետից ինչ ընթացք է ունենալու նոր տնտեսությունը, ինչ դինամիկա, ինչ բովանդակություն է ունենալու վերականգնումը, որքանով է վերականգնվող տնտեսությունը նմանվելու նախավարակային աշխարհին, եւ որքանով է տարբերվելու էապես: Գիտե՞ որեւէ մեկն այդ հարցերի պատասխանն աշխարհում: Եթե կան մարդիկ, որոնք գիտեն, պատկերացնում են, ապա դրանք հաստատապես շատ քիչ են: Մի բանում սակայն բոլորը գրեթե միաբերան են, որ աշխարհը չի լինելու նախկինը: Սակայն, այդ հարցում անգամ արժե տալ հարց՝ իսկապե՞ս այդպես է լինելու, թե՞ ավելի շատ ուզում են մարդկանց համոզել, որ աշխարհը չի լինելու նույնը, չի լինելու նախկինը: Արդյոք այդ մասին համատարած պնդումները, այդ մասին խոսակցության համաշխարհային տրենդը ընդամենը տեղեկատվա-քարոզչական պատերազմի տարր չէ, որն ուղեկցում է համաճարակը: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության առանցքային հարցերից մեկը եղել է դրա բեւեռացվածությունը, եկամուտների բաշխվածության համաշխարհային մակարդակը, հանրային բարիքի ստեղծման եւ բաժանման ներդաշնակությունը: Այդ ամենը միայն ամենահարուստ քսանյակի ցանկով է, որ կարող է դրսեւորվել: Այդ ամենն օրինակ դրսեւորվում է սպորտում, շոու-բիզնեսում շրջանառվող աստղաբաշխական փողերի տեսքով: Փողային շրջանառությունն ու գերկենտրոնացումը ծավալվել է ձնագնդի էֆեկտով, ու երբ խոսվում է նոր աշխարհի մասին, առկա է հարց՝ իսկ այդ առումով աշխարհում փոխվելու՞ է որեւէ բան: Թե՞ նոր աշխարհում ամենահարուստները հարստանալու են ավելի, կամ ամենահարուստների իքս ցանկին փոխարինելու է իգրեկ ցանկ: Տարածված գնահատականի համաձայն, համաշխարհային ճգնաժամը կարժենա մոտ 4 տրիլիոն դոլար: Փաստացի, ամենահարուստ մարդկանց առաջին քսանյակը տնօրինում է դրա մեկ երրորդը, որպես կարողություն: Հասկանալի է, որ այստեղ չկա ուղիղ նույնականացում, բայց ակնառու է մի բան, որ համաշխարհային տնտեսական անկումն ավելի է խորացնելու բեւեռացվածությունը: Անկումը հաղթահարելու համար կառավարությունները, վերպետական կառույցները կայացնում են հանրությանն ու բիզնեսին աջակցելու որոշումներ, փողի բացակայությունը լրացնելու որոշումներ: Եվ գլխավոր հարցն է՝ որ հետո ինչպե՞ս եւ ո՞ւր գնա այդ փողը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
07-04-2020 22:35