Ինչպես են վարակի դեմ պայքարում Նիդերլանդներում

Մեր զրուցակիցն է Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից Գեղամ Մամիկոնյանը Գեղամ, ի՞նչ վիճակ է հիմա Նիդերլանդներում, կա՞ խուճապ, տագնապ, ընդհանրապես քաղաքացիներն ինչպե՞ս են պաշտպանվում կորոնավիրուսից: Չէի ասի, թե տագնապ կամ խուճապ կա: Սկզբում ժողովուրդը մի փոքր խուճապի մեջ էր, հիմա կարծես հանգիստ են: Գուցե նաև նրանից է, որ մեր նահանգում, մասնավորապես մեր քաղաքում՝ Միդլբուրգում, վարակակիրներ գրեթե չկան: Իսկ ընդհանուր առմամբ, Հոլանդիայում վարակվածների թիվն անցել է 18 հազարից: Արտակարգ դրությունը մեզ մոտ մինչև ապրիլի 6-ն էր, բայց երկարացրին մինչև ապրիլի 28-ը: Հսկողություն, որպես այդպիսին, չկա, այնպես չէ, որ Հայաստանի նման պետք է անպայման դուրս գալիս անձագիր ունենաս, կամ գրես, թե որտեղ ես գնում: Պարզապես հայտարարել են, որ եթե տեսնեն, որ մեծ խմբով մարդիկ են հավաքված, կամ 1,5 մետր հեռավորությունը միմյանցից չեն պահպանում, կարող են սկզբում զգուշացնել, իսկ հետո 400 եվրո տուգանք է նախատեսված: Այստեղ, թեև խիստ սահմանափակումներ չկան, բայց մարդիկ իրենք իրենցով ինքնամեկուսացել են տներում և քիչ են դուրս գալիս: Այսինքն փողոցներում մարդիկ քի՞չ են: Այո, մարդիկ դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այստեղ էլ կոչ են անում, որ դրսից ներս գալիս ձեռքերը լվանան, պահպանեն սոցիալական հեռավորություն և այլն: Բոլոր խանութները փակ են, միայն սուպերմարկետներն են բաց, որտեղ առանց սայլակի իրավունք չունես ներս մտնել: Բացի այդ, նույնիսկ եթե ամուսիններով են, միայն մեկն իրավունք ունի ներս մտնել, մյուսը դրսում պետք է սպասի: Ես սկզբում զարմանում էի, թե ինչու են պարտադրում, որ սայլակ վերցնես, եթե նույնիսկ մի հաց պետք է գնես: Հետո բացատրեցին, որ իրենք հաշվարկում են, թե իրենց սուպերմարկետը որքան տարածք ունի, քանի մարդ կարող է միաժամանակ գտնվել ներսում՝ պահպանելով նվազագույն հեռավորություն: Ենթադրենք ներսում կարող է միաժամանակ գտնվել 60 մարդ, իրենք պատրաստում են 60 սայլակ և եթե 60-ն էլ զբաղված են, ոերևէ մեկին ներս չեն թողնում, մինչև սայլակ կազատվի: Իսկ քաղաքացիներին չե՞ն պարտադրում դիմակ կամ ձեռնոց կրել: Դիմակ ու ձեռնոց կրելը պարտադիր չէ: Անհատներին որևէ բան չեն արգելում, չեն ասում՝ դուրս չպետք է գաս, այս կամ այն չպետք է անես: Պարզապես կոչ են անում, որ հնարավորինս քիչ դուրս գան, դուրս գալիս հեռավորությունը պահեն, եթե մի տեղ եք գնում, վերադառնալիս անպայման ձեռքերը լվացեք: Ինչպես է պետությունը հոգում քաղաքացիների սոցիալական խնդիրները, որոնք ինքնամեկուսացման պատճառով աշխատանքի չեն գնում: Եթե դու գործատու ես և քեզ մոտ աշխատում է 30 մարդ, պետությունն ասել է՝ ոչ մեկին աշխատանքից չեք հեռացնում, թող մարդիկ տներում մնան, և նրանց աշխատավարձի 90 տոկոսը պետությունն է վճարում: Իսկ որքա՞ն կկարողանա պետությունը շարունակել այդ աջակցությունը: Դե երևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ասել են, որ ապրիլի 28-ից հետո, եթե տեսնեն, որ վիրուսը սկսել է նահանջել, արդեն կսկսեն թուլացնել կարգավորումները: Բայց ամեն դեպքում մինչև հունիսի 1-ը արգելված են բազմամարդ միջոցառումները, տոնախմբությունները և այլն: Բոլորս հույս ունենք, որ մինչ այդ վիրուսը կնահանջի և կամաց-կամաց կանցնենք բնականոն կյանքի: Նիդերլանդների առողջապահական համակարգը կարողանո՞ւմ է սպասարկել թե կորոնավիրուսով վարակվածներին, թե մյուսներին: Այստեղ ինտենսիվ խնամքի կենտրոններ կան, որոնք կարելի է կոչել վերակենդանացման բաժանմունքներ, դրանց թիվը շատ սահմանափակ է: Սկզբում 1100 մարդու համար էր նախատեսված, հետո դարձրին 1600, հիմա դարձրել են 2400: Ասում են, եթե այդ 2400 տեղն էլ մարդիկ լինեն, դրանից հետո դժվար է լինելու, հնարավոր է, ընտրություն կատարեն, թե ում պահեն խնամքի կենտրոնում, ում՝ ոչ: Իսկ կորոնավիրուսի հետ չկապված բուժումները, վիրահատությունները, որոնք հրատապ չեն, հետաձգել են, առայժմ չեն անում: Բացի այդ, չեն աշխատում ատամնաբուժարանները, նաև սպասարկման ծառայությունները, օրինակ վարսավիրանոցները, ինչը ևս խնդիրներ է առաջացնում: Երեկ հեռուստատեսությամբ հենց այդ հարցերն էին քննարկում՝ նշելով, որ կորոնավիրուսն իր հետ բերել է այնպիսի խնդիրներ, որոնց մասին նախկինում երբեք չէին մտածել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
07-04-2020 23:37