Կորոնավիրուսով պայմանավորված Լիտվայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է

08-04-2020 17:15

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված երկարացնում է կարանտինի ժամկետը մինչև ապրիլի 27-ը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Sputnik Литва»-ն: Երկրում կարանտինի ռեժիմ սահմանվել էր մարտի 16-ին երկու շաբաթով, այնուհետև այն երկարացրեցին մինչև ապրիլի 13-ը: Այժմ կարանտինի ռեժիմը ևս երկարացվում է երկու շաբաթով: Կառավարությունը նշել է, որ Զատկի տոնի օրերին՝ ապրիլի 10-ից ժամը 20:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 20:00-ն, քաղաքների, շրջանների մուտքերը կսահմանափակվեն: Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ եթե առաջիկա տոնական հանգստյան օրերից հետո կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թվի ավելացում չլինի, ապա կառավարությունը կմեղմացնի կարանտինի պայմանները և թույլ կտա փոքր բիզնեսին աշխատել անվտանգության համապատասխան պահանջները կատարելուց հետո: Լիտվայում կորոնավիրուսի վարակվածության 912 դեպք է գրանցվել, 8 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել:

Lragir.am,
08-04-2020 17:15