Ստամբուլի հայերը Անատոլիայից եկած հայերի հայութիւնը քիչ, քրդութիւնը՝ մեծ են ընդունում

2011 Սեպտեմբերի 18ին Ստամբուլի մերձաւորութեամբ գտնուող Բոյաջըղ գիւղի հայկական Երեք Մանկունք Եկեղեցու բակում իսկական երաժշտական տօն էր: Այստեղ հաւաքուել էին Ստամբուլի հայերի «Սայեաթ Նովա» երգչախմբի անդամները, Հայաստանից ժամանած «Վան» համոյթը, թուրք երաժիշտներ: Ամբողջ օրը եկեղեցու բակում երգ ու պար էր, ուրախութիւն, երաժշտական մրցոյթ: Մասնակիցների մէջ էր նաեւ Ադիայաման քաղաքից երիտասարդ մի ընտանիք՝ իրենց մանկահասակ տղաների հետ՝ Արազ եւ Արման անուններով: Ամուսինը փաստաբան էր: Ըստ թուրքական աղբիւրների[i]՝ Ադիյամանում 1600 քրդացած հայերի ընտանիք կայ, եւ ես երիտասարդ փաստաբանի հետ սկսեցի զրուցել իր ընտանիքի անցեալի ու Ադիայամանի իսլամացած հայերի մասին:   Արազ և Արման եղբայրները Ստամբուլի Երեք Մանկունք եկեղեցու բակում, 2011թ.   – Մենք երբեք իսլամացած չենք եղել: Այո, Ադիայամանում շատ դէօնմէներ կան, այդ թւում՝ մեր ազգականներից: Բայց մեր ընտանիքը միշտ հայ է եղել: Թղթի վրայ մեզ իսլամացած են գրել, բայց դա ոչինչ չէր նշանակում: Մեր պապերը ո՛չ կեղծ, ո՛չ իսկական իսլամութիւն չեն ընդունել, երբեք իսլամական աղօթատեղի չեն գնացել, եւ բոլորը դա գիտէին: Մեզ Ադիամանում միշտ Բաքըրչըլար անունով են ճանաչել: Բաքըրչըլար ասածը մեր ցեղի, երեւի կարելի է այդպէս ասել, մեր ազգականական ընտանիքներին տրուած անունն էր, կարելի է ասել՝ ազգանունն է, ցեղախումբն է: Աշիրէթի նման մի բան է, բայց աշիրէթ չի, աշիրէթ ասելն էլ սխալ է: Բոլորն ազգականներ են, բայց մեծ ընտանիք չի: Իսկ հիմա արդէն ցեղախումբ ասելն էլ դժուար է, որովհետեւ արդէն ցրուած ենք: Բայց Ադիամանում մինչեւ հիմա մեզ ուղղակի Բաքըրչի են ճանաչում: Մեզ բոլորովին առանձին էին դասում, ո՛չ դէօնմէ էին ասում, ո՛չ հայ էին ասում, բաքըրչը են ասում: Այն փաստը, որ մերոնք երբեք ցուցադրական իսլամութիւն չեն ունեցել, մեր միջավայրում մեր նկատմամբ բացասական վերաբերմունք չի առաջացրել, մեզ մասնաւոր նեղութիւն չեն տուել, եւ նոյնիսկ աւելի շատ էին յարգում, քան դէօնմէներին: Բայց, իհարկէ, անուններս իսլամական անուններ էին, հայկական չէին: Իրականութեան մէջ մեզ ո՛չ քրիստոնեայ են համարել, ո՛չ իսլամ են համարել: Եւ երբեք իսլամական բարքերով չենք ապրել: Բայց քանի որ Բաքըրչըլար ասուած ընտանիքը ժամանակին շատ ուժեղ ընտանիք է եղել, հաւանաբար անցեալի յարգանքի բերումով մեզ շատ չեն անհանգստացրել: Ճիշտ է՝ մեր տղաներին աղջիկ չէին տալիս: Բայց մեզնից աղջիկներ էին ուզում, հարս էին ուզում տանել: Անշուշտ որ հայերէն խօսել չգիտէինք: Հիմա էլ չգիտենք: Միշտ Ադիամանում ենք ապրել, միայն ուսանելու համար Ստամբուլ եկանք: Ընտանիքի մի մասը վաթսունականներին Ստամբուլ եկաւ, բայց մեծ մասը Ադիամանում մնաց: Առաջինները, որ եկան 60ականներին, ստամբուլահայերի հետ քիչ յարաբերութիւն ունէին: Իրականում, կարելի է ասել, չունէին: Այն, ինչ որ կայ՝ օրինակ՝ մալաթիացիների հետ կապ կայ, Մալաթիայում ապրող մեր բարեկամները մերոնց հետ էին եկել: Այսինքն մերոնք շփւում էին գաւառից եկած իրենց ծանօթների, ազգականների հետ: Միայն: Բայց ծանօթներ, իհարկէ, ունէին: Այստեղ արդէն սկսեցին եկեղեցի գնալ, պաշտամունքի գնալ: Մալաթիացի բարեկամներ ունէինք, մեր կապերը նրանց միջոցով էր: Մենք, երիտասարդներս, աւելի առաջ գնացինք: Ես, օրինակ, Հայաստան գնացի, այնտեղ եմ պսակուել քրիստոնէական կանոնով: Երեխաներս էլ արդէն հայի անուններ ունեն՝ Արազ, Արման: Բայց ես դեռ Բաքըրչը եմ: Կրօնական զգացումներս ուժեղ չեն, հաւատացեալ չեմ: Իմ քրիստոնէութիւնն ուղղակի «քրիստոնեայ եմ» ասել, «հայ եմ» ասել կը նշանակի: Այսինքն աւելի ազգութիւն է, քան՝ կրօն: Անշուշտ Ադիամանում մենք բացառութիւն ենք: Աւելի, անհամեմատ աւելի են դէօնմէները: Մեր ընտանիքի մէկ ճիւղն էլ է իսլամացել: Այդ շառաւիղը Ուրֆայում է ապրում: Նրանք շատ հաւատացեալ իսլամներ են դարձել: Կարծում եմ՝ երբեք չեն վերադառնայ քրիստոնէութեան[ii]: Շատ բարդ խնդիր է նրանց զգացմունքների խնդիրը: Միշտ մուսուլմանի պէս են ապրել, մուսուլման են իրապէս: Բայց նոյնիսկ նրանց մէջ շատ անսպասելի դէպքեր են պատահում: Օրինակ՝ լուրջ մուսուլմանի նման ապրող բարեկամներ ունենք, միշտ շատ լրջօրէն են իսլամին հետեւել, մզկիթ գնացել, նամազ բռնել, ծոմ պահել: Իսլամական բոլոր կանոնները: Բայց եկան այստեղ՝ Ստամբուլ, եւ այստեղ՝ եկեղեցում երեխաներին քրիստոնեայ դարձրեցին: Այսինքն ինքը վաղուց է Ստամբուլ տեղափոխուել, տաս տարի էլ այստեղ էր մզկիթ գնում: Ո՞վ կարող է ասել՝ ինչքա՞ն է տանջուել, մտածել այդ մարդը, որ վերջապէս կրօնափոխուել է, որոշել է երեխաներին քրիստոնեայ մկրտել եւ ինքն էլ մկրտուել է: Բայց հանդիպեցինք: Ասում է՝ մուսուլմանի պէս ապրելիս ինձ քրիստոնեայ են ասում, այսպէս՝ քրիստոնեայի պէս ապրելիս էլ՝ մուսուլման են ասում: Դա շատ ծանր, բարդ խնդիր է: Մնում է, որ մարդն ինքն իրեն բնութագրի, իր առանցքը գտնի: Կենցաղ է նոյնպէս: Սերունդներով մահմեդականի նման ապրած մարդը չի կարող միանգամից իր կենցաղը փոխել: Ոմանք կրօնափոխւում են, բայց կենցաղը մնում է: Չէ՞ որ տարբեր մշակոյթ են՝ հագնելը, ուտելը, ընտանեկան յարաբերութիւնները, մարդկային յարաբերութիւնները, կին-տղամարդ յարաբերութիւնները: Այդ մարդն ինքն իրեն աւելի քրիստոնեայ է զգում, քան մահմեդական, բայց քրիստոնեաները նրան աւելի մահմեդական են ընդունում, քան քրիստոնեայ: Հիմա սա էլ դէօնմէ է, դէօնմէի մի տեսակ է: Չ՞է որ կրկին կրօնափոխուել է: Դէօնմէն միայն իսլամացած քրիստոնեան չէ: Իր հասարակական կեցութեամբ այդ մարդիկ, այսինքն՝ իսլամից քրիստոնեայ վերադարձածներն էլ դէօնմէ են: ճիշտ է, նրանք այլեւս գաղտնի հայ չեն, բայց կրկին երկու համայնքներում էլ խորթ են: Եւ այդ տեսակ մարդիկ միայնակ են մնում: Ինչպէս իսլամացած դէօնմէները: – Դէօնմէները շատ քիչ են… – Ո՛չ, ո՛չ, ընդհակառակն, շատ են, գաղտնի են ապրում: Ճիշտ է, այդ բառը հիմա շատ տարածական է օգտագործւում: Երբեմն բոլոր կրօնափոխներին դէօնմէ են ասում: Կարծեմ ճիշտն այն է, որ դէօնմէն առերեւոյթ կրօնափոխուածներն են, ովքեր իրենք իրենց ներսում իրենց միշտ հայ են ճանաչում եւ հայ են համարում: Որովհետեւ շատ են նաեւ իսլամացած եւ իսկապէս հաւատացեալ իսլամ դարձածները, ովքեր այլեւս իրենք իրենց հայ չեն ճանաչում եւ չեն ուզում ճանաչել: Հանգիստ են իսլամի մէջ եւ հաշտ են իրենց ինքնութեան հետ: Նրանք գուցէ աւելի շատ են, չգիտեմ: Բայց իմ իմացածովս շատ են նաեւ գաղտնի ապրող դէօնմէները: Նրանք ժամանակին ոչ մի խմբի հետ մի տեսակ չմիացան, առանձին են ոնց որ թէ: Նրանք ո՛չ մուսուլմաններից, ո՛չ քրիստոնեաներից աղջիկ չեն առնում, ոչ էլ ուզում են, միշտ իրենց մէջ են ամուսնանում[iii]: Միմեանց ճանաչողները փնտռողներին ցոյց են տալիս, միջնորդը գաղտնիքը գիտի, այդ պատճառով ոչինչ չես իմանայ: Միմեանց մասին bizimkiler են ասում ՝ «մերոնքական», «մերոնքականներ»: Քեմալ Եալչըն[iv] անունով գրող կայ, «բիզիմքիլէր»ի մասին գիրք է գրել: Մենք ենք նրան բացատրել այդ կապերը, նրա գրքում շատ լաւ նկարագրուած է: Նրա գրքի հերոսուհին՝ Սարը Գելինը, մեր հօրաքոյրի աղջիկն է: Բաքըրչըլար ընտանիքի պատմութիւնն է: Մի քիչ իրենց ինքնութիւնը քօղարկել են հօրաքոյրերս, բայց վերջ ի վերջոյ գրքի ընտանիքը Բաքըրչըլարներն են: Մեզ ասել են, որ իրենց ինքնութիւնը թաքցրել են: Գրքին մէջը ասում է, որ Բաքրըչիների հետ բարեկամութիւն արեցին եւ այնտեղ էլ հայ յայտնաբերեցին: – Դուք ինքներդ այս առերեւոյթ մահմեդական, բայց քրիստոնեայ պահպանուած հայերի մասին ե՞րբ իմացաք: Վստահ եմ, չգիտէիք սկզբից, սրանք նոր թեմաներ են, նոր խօսակցութիւններ են: – Շուտ ենք իմացել, բայց այսքան տարածուած լինելու մասին չգիտէինք: Մեր ընտանիքում «դէօնմէ» բառը ասում էին, բայց Ստամբուլում ապրող մի ընտանիքի մասին: Միւս յիշողութիւնս՝ փոքր երեխայ էի, մեր հարեւանը հարսին «դէօնմէ» էր ասում: Հայ է, բայց գաղտնի էին պահում: Այդպէս մէկ անգամ, երկու անգամ՝ տեսանք, որ բաւական շատ են: Կարելի է ասել՝ լսել էինք, բայց ընդհանուր ծաւալը չգիտէինք: Ընդհանուր տարածուածութիւնը, խնդիրը չգիտէինք: – Դուք ինքներդ, որ միշտ հայ էք մնացել, բայց հայկական միջավայրում չէք եղել, ձեզ հայերի հետ ինչքանո՞վ էք կապուած զգում, կամ՝ հայկական միջավայրում հայ լինելու հետ կապուած ի՞նչ զգացմունքներ ունէք: – Դա երկար ասելիք է, այսպէս մի խօսքով չեմ կարող ասել: Երկակի խնդիր է: – Լաւ, հարցս այսպէս ձեւակերպեմ: Ստամբուլի հայութեան հետ շփումներում դուք որեւէ նեղուածութիւն զգու՞մ էք, թէ՞ նոյնն էք ձեզ զգում: Եւ եթէ զգում էք՝ այդ նեղուածութիւնը հայերի՞ վերաբերմունքից է, թէ՞ հայերի որոշ սովորութիւններից, մշակոյթից, այսինքն՝ կարո՞ղ է ինչ-որ բաներ օտար են ձեզ: – Մարդաբա՞ն է հիմա հետս խօսողը, թէ՞ թերթ, լրագրող: – Մարդաբան է, բայց բոլոր դէպքերում ստիպուած չէք պատասխանել: – Կ’ասէի, որ հայ եմ, բայց սա նոյնը չէ… այսինքն՝ իհարկէ ես հայ եմ, եւ սա միշտ այսպէս է եղել, ամբողջ ժամանակ, բայց… լաւ, հետաքրքիր հարց է, իհարկէ այս խնդիրը կայ… Թերեւս իսկապէս տարբերութիւն կայ: Այնպէս չի, որ ինձ թուայ՝ Ստամբուլի հայերն են աւելի հայ: Ես հայ եմ, եւ դա այդպէս է: Ես հաւատում եմ, որ մերոնց[v] հետ Ստամբուլի հայերի յարաբերութիւններում նեղուածութիւն կայ: Այդ նեղուածութեան աղբիւրը… թերեւս այն է, որ ստամբուլահայութիւնը եւ անատոլահայութիւնը իրար հետ միշտ հարցեր են ունեցել: (Խօսակցութեանը միջամտում է մէկ այլ տղամարդ) – Նեղուածութիւններ չկան, պարզապէս 1915ից յետոյ Անատոլիայի մարդիկ հայերէն չգիտէին: Այսինքն՝ դասակարգի տարբերութիւններ կայ: Մէկը մալաթիացի հայ էր, հայերէն չգիտէր, բայց հայ է, միւսը՝ սեբաստացի… Ասում էք, որ ստամբուլահայերը եւ անատոլահայերը միշտ իրար հետ հարցեր են ունեցել: Բայց մենք արդէն իսկ ստամբուլահայ չենք, ես՝ չեմ: Հայրս մալաթիացի է, մայրս սեբաստացի է, այսինքն՝ ես ստամբուլցի հայ չեմ: Պօլսահայեր համարեա չկան[vi]: Ստամբուլի հայերը միշտ գաւառներից եկան վերջին յիսնամեակում, եւ չի կարող մեծ տարբերութիւն լինել անատոլահայութեան հետ: (Ադիամանցին) – Հիմա օրինակ՝ թէ՛ Ս. Երրորդութիւն եկեղեցում, թէ՛ ուրիշ հայկական հիմնադրամներում եղողների համար այս խնդիրը կայ: Ս. Երրորդութիւնում հիմա երկու խումբ կայ, եւ միմեանց հետ վէճի մէջ են: Խմբերից մէկը ստամբուլահայերն են՝ տարիներ ի վեր Երրորդութեան խորհրդում արդէն հաստատուած հայերը, եւ միւսն էլ բիթլիսցի, սասունցի եւն.: Ստամբուլահայերը միւսներին «քրօ» են անուանում: «Քրօ»ն գիտէ՞ք ինչ է, քուրդ է քրօն: «Սրանք հայ չեն,- ասում են,- հայերէն անգամ չգիտեն»: Բայց հենց իրենք էլ, կամ՝ իրենց ծնողները հայերէն Ստամբուլում սովորեցին: Գաւառում կա՛մ քրդախօս էին, կա՛մ՝ թրքախօս: Հիմա սրանք Անատոլիայից եկածներին քրդահայեր են ընդունում, քուրդ են ընդունում որպէս, հայութիւնը՝ քիչ, քրդութիւնը՝ մեծ են ընդունում, իսկ Անատոլիայից եկածները… Ճիշտ է՝ ուրիշ հարցեր էլ կան, նիւթականի հարցեր կան: Միւսները պնդում են, որ թաղային խորհուրդը հաւաքուած դրամը, ճիշտ կարիքների վրայ չի ծախսում: Քուրդ հայերն այդպէս են մտածում, եւ սա նոյնպէս առիթ է նրանց նկատմամբ մերժողաբար վարուելու: (Կողքից մի կին) – Այնպէս չի, որ Անատոլիայից նոր եկածները՝ բիթլիսցիները, սասունցիները, այսինքն քուրդ կոչուածները միւսներից պակաս են, երբեմն աւելի հարուստ են եւ նիւթականի խնդիր չունեն: (Ադիամանցին) – Նրանք նիւթականի համար չեն վիճում, նրանք արդարութեան համար են վիճում: Շատ հինէն Ստամբուլ գաղթողները[vii], ովքեր այժմ Ստամբուլում յայտնի կարողութեան տէր են, իսկապէս էլ տարբեր կերպ են մտածում: Նրանք համակարգի, իշխանութեան հետ աւելի կապուած են, աւելի համերաշխ են պետութեան հետ, աւելի լուռ են, ձայն չեն հանում կարեւոր հարցերի շուրջ, վախենում են, ոստիկանութեանն են շատ սիրում (աւելի՝ ոստիկանութեանը շատ ենթակայ են – Հ.Խ.), իրենց կողքը միշտ մէկերը կան եւն.: Այսինքն նրանք վարժուել են կառավարութեան, պաշտօնեաներին հետ միշտ զիջող դիրքերում լինել: Բայց նոր գաղթողներն աւելի ըմբոստ են: (Կողքից միջամտում է նոյն կինը) – Ըմբոստութիւնը քրդութիւնից է գալիս: (Ադիամանցին) – Ստամբուլահայերը աշխատում են կառավարութեան, պաշտօնեաների հետ իրենց հարցերը համերաշխ ճամփաներով լուծել, պետութեան հետ լեզու գտնել, յաճախ՝ համաձայնելով: Միւսները չեն ուզում այսպէս լեզու գտնելով ապրել, սրանք յաճախ կռուով են ուզում իրենց նպատակին հասնել: Ստամբուլի հայերն էլ սրանից վախենում են, որովհետեւ իրենք արդէն հանգիստ կեանք ունեն եւ սա կը խաթարուի, կը քանդուի, որովհետեւ միւսներն էլ հայ են: Անունով հայ են ի վերջոյ: Չեն ուզում պատասխանատու լինել նրանց համար, եւ կարծեմ սրա ձեւերից մէկն էլ նրանց հայ ընդունելը դժուարացնելն է: (Կին) – Իրականում մեզնից շատերն էլ իրենցից են: Օրինակ իմ ընտանիքս             յիսունականներին է գաղթել Ստամբուլ Հայաստանից[viii]: Արեւելքից: (Մէկ այլ տղամարդ) – Իմ զգացածովս Ստամբուլի բոլոր հայերն ինձ համար հայեր են: (Ադիամանցին) – Անշուշտ, եւ դա է իրականութիւնը: Ես միայն զգացմունքների մասին եմ պատմում:   Հ.Խառատյանը ադիյամանցի եղբայրների հետ, 2011 ———————————————————————- [i] H. Söylemez, «Türkiye’de, Araplaşan Binlerce Ermeni De Var», http://www.aksiyon.com.tr/detaylar.do?load=detay&link=17376 [ii] Ուրֆայում հաստատուած, մահմեդականացած հայերի «իսլամական խոր հաւատի» եւ հայութեան դէմ ընդդիմանալու մասին շատ յաճախ եմ պատմութիւններ գրանցել, այդ թւում՝ իրենց քրիստոնեայ ազգականների հետ կապերի խզման, նրանց հետ ազգականութիւնը շարունակելու մերժման մասին: Ուշագրաւ է, որ թուրքական աղբիւրները չեն խօսում Ուրֆայում ծպտեալ հայերի գոյութեան մասին: [iii] Տե՛ս նաեւ՝ Ռ. Մելքոնեան, «Ներքին Ամուսնութիւնների Սովորոյթը Թուրքիայի Ծպտեալ Հայերի Շրջանում», Հանրապետական, Երեւան, 2008, թիւ 5, էջ 6-9: [iv] Խօսքը գնում է Բոխումում (Գերմանիա), 2007ին հրատարակուած թուրք գրող Քեմալ Եալչընի Sari Gelin վէպի մասին: «Բիզիմքիլէր»ի թեման բարձրացուած է նաեւ Եալչընի Հոգիս Քեզմով Կը Խայտար, Երեւան, Զանգակ-97, 2003, Սիրտս Քեզնով Է Խայտում, Երեւան, Ոսկան Երեւանցի, 2005 փաստա-վաւերագրական վէպում: [v] «Մերոնց» ասելով նկատի ունի Ցեղասպանութիւնից յետոյ քրդական միջավայրում հայկական ինքնութեամբ պահպանուած եւ աւելի ուշ Ստամբուլ տեղափոխուած արեւմտահայերին: [vi] Պօլսահայեր ասելով նկատի ունի Կոստանդնուպօլսում ապրած հայերի ժառանգներին: Ստամբուլ քաղաքը Ի. դարի յիսունականներին արագօրէն սկսեց աճել որպէս խոշոր արդիւնաբերական քաղաք, եւ յիսուն տարուայ ընթացքում քաղաքի բնակչութիւնն աճեց համարեա տաս անգամ: Քաղաքում ապրող բնիկ հայերի զգալի մասը 1960ականներից տեղափոխուել է Եւրոպա եւ Ամերիկաներ, իսկ գաւառներում Ցեղասպանութիւնից յետոյ փրկուած հայերն աստիճանաբար տեղափոխուել են Ստամբուլ: «Մենք ստամբուլահայ չենք» ասելով նկատի ունի, որ Ստամբուլում ապրող ներկայիս հայերի մեծ մասը գաւառներից տեղափոխուածներ են: Արդիւնքում Ստամբուլի հայերի մեծամասնութիւնն իսկապէս «պօլսահայերի» ժառանգորդը չէ: [vii] Պատմողը նկատի ունի 1930-50ականներին գաւառներից Ստամբուլ տեղափոխուած հայերին, ոչ թէ մինչեւ Ցեղասպանութիւնը Պօլսում ապրողներին: [viii] Հայաստան բառն օգտագործում է Արեւմտեան Հայաստանի մասին, ինչպէս տեւական ժամանակ Օսմանեան Կայսրութիւնում էր այդ տարածքի անունն ասւում՝ Էրմենիստան:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
08-04-2020 22:00