Ունենանք սեփական թեստերի արտադրություն այն պայմաններում, երբ բոլոր սահմանները փակվում են

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Պարոն Առաքելյան, հայտնի է, որ կառավարությունը 550 հազար դոլար է հատկացրել ձեր ղեկավարած ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստերի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար: Երբ հնարավոր կլինի սկսել աշխատանքները: Այո, մենք պլանավորում ենք Հայաստանում տեղայնացնել ախտորոշիչ թեստերի արտադրությունը: Բոլոր կազմակերպչական հարցերն այս փուլում քննարկվում են կառավարության հետ և հստակեցման փուլում են: Քանի դեռ աշխատանքների ժամկետները վերջնական հստակեցված չեն, առանձնապես տեղեկություն տալ չեմ կարող: Այսինքն՝ դեռևս հնարավո՞ր չէ ասել, թե արդեն երբ կունենանք տեղական արտադրության թեստեր: Ես չեմ կարող հստակ ժամկետ ասել, բայց սա շատ լավ փորձ է, որպեսզի նաև հետագայում նման իրավիճակներում մենք կարողանանք արագ արձագանքել: Արդեն ավելի արագ, էֆեկտիվ ու ավելի պատրաստված: Մի փոքր կմանրամասնե՞ք ինչ ծավալի աշխատանքի մասին է խոսքը, ի՞նչ է դա ենթադրում: Այս աշխատանքների ամբողջ իմաստն այն է, որպեսզի մենք կարողանանք ունենալ սեփական թեստերի արտադրություն այն պայմաններում, երբ բոլոր սահմանները փակվում են, բոլոր երկրներում թեստերի պահանջարկը կա: Եվ արդեն ամբողջ աշխարհում նկատվում է այդ թեստերի դեֆիցիտ: Իսկ Հայաստանում այդ աշխատանքների համար կա՞ն համապատասխան մասնագետներ, այս հարցում դժվարությունների չե՞ք հանդիպի: Այո, մենք ունենք համապատասխան մասնագիտական ներուժը, որն անհրաժեշտ է այդ գործունեությունը ծավալելու համար: Մեր ներուժը բաղկացած է երիտասարդ, բայց ոչ միայն երիտասարդ, և շատ փորձառու կադրերից: Մեր մասնագետներն ունեն նմանատիպ հետազոտությունների շատ մեծ փորձ, վերապատրաստումներ են անցել արտասահմանյան տարբեր գիտական կենտրոններում: Նրանք պատրաստ են իրենց հետազոտությունները թողնել և լծվել այդ աշխատանքներին: Որքան տեղյակ ենք՝ ներկայում ձեր ինստիտուտում նաև կորոնավիրուսի դեմ դեղորայքի ուղղությամբ էլ են ուսումնասիրություններ ընթանում: Կմանրամասնե՞ք, ինչ աշխատանքներ են դրանք: Մենք ունենք հետազոտություններ որոշ հակավիրուսային միացությունների վերաբերյալ: Դրանք մեր ընթացիկ հիմնարար հետազոտություններն են, որոնց մի մասը կարող են կորոնավիրուսի դեպքում լինել էֆեկտիվ, բայց կարող են չլինել: Ես հստակ չեմ կարող ասել, քանի որ մենք կորոնավիրուսի հետ չենք աշխատում: Մենք նաև իրականացնում ենք համակարգչային տեսական հետազոտություններ աշխարհում առկա դեղերի վերաբերյալ, ուսումնասիրում ենք դրանց հնարավոր ակտիվությունը այս վիրուսի վրա: Մենք հետազոտում ենք՝ արդեն առկա դեղամիջոցները, որոնք կան շրջանառության մեջ, կարո՞ղ են լինել էֆեկտիվ վիրուսի ճնշման համար: Դա տեսական աշխատանք է: Ընդհանրապես, հայ մասնագետներն ինչո՞վ են կաշկանդված, ի՞նչն է խանգարում ավելի լայն հետազոտություններ իրականացնել այս ուղղությամբ՝  ենթակառուցվածքնե՞ր չունենք, թե՞ ֆինանասկան միջոցները բավարար չեն: Այն հետազոտությունները, որոնք մենք հիմա իրականացնում ենք, արդեն բավական մեծ ծավալ ունեն: Տեսական հետազոտությունների մասին է խոսքը: Հետաքրքիր կլիներ ավելի շատ ուսումնասիրել այդ վիրուսի մոլեկուլային մեխանիզմները, թե ինչպես է ինքը թափանցում բջջի մեջ, ինչ մեխանիզմներով է կարողանում բջիջը վարակել, հետո բազմանալ բջջում: Դրա համար, ինչպես միշտ, ֆինանսավորում է պետք: Ավելի շուտ պետք է մեր ենթակառուցվածքը համապատասխանեցվի այդ տեսակի վիրուսների հետ աշխատանքին: Այդ հարցերը մենք միշտ էլ բարձրացրել ենք կառավարության առաջ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
08-04-2020 22:17