Ալիեւի քաղաքական մահախոսականը. որտե՞ղ է գրվել այն

Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են մեն մենակ, եւ ժամանակն է, որ Բաքուն իրացնի իր առավելությունը, հայտարարել է այդ երկրի ատաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Նա հայտարարել է, թե Հայաստանի դիմադրունակությունը պայմանավորված էր միջազգային բազմաբնույթ աջակցությամբ, ինչը սակայն ներկայում չկա, քանի որ կորոնավիրուսի պատճառով աշխարհում ամեն մեկը զբաղված է իր հոգսով: Ըստ նրա, չեն գործում միջազգային կառույցները, եւ Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են մեն մենակ: Զուլֆուգարովի կարծիքով, Բաքուն ունի թե տնտեսական, թե ենթակառուցվածքային, թե ռազմական առավելություն, եւ այն իրացնելու համար հարմար պահ է: Այլ կերպ ասած, նախկին նախարարը հայտարարում է, որ պատերազմ սկսելու հարմար պահ է: Այդպե՞ս է իրականում, թե ոչ, հարցի մի կողմն է, բավականին վիճելի կողմը: Ավելի հետաքրքիր է ինքնին այն, որ հնչում է այդպիսի կարծիք, ու այն հնչում է ոչ թե նախկին ռազմական գործչի, այլ նակին դիվանագետի, արտաքին գործերի նախկին նախարարից: Այն դեպքում, երբ ըստ էության այդ կարգավիճակը պետք է ենթադրի ավելի դիվանագիտական դիրքավորում, քան պատերազմ սկսելու հորդոր: Թոֆիկ Զուլֆուգարովը արցախյան հարցում «փորձագիտական» աշխուժություն սկսել է ցուցաբերել վերջին 2-3 տարիներին: Հատկանշական է, որ այդ ակտիվությունն ուղեկցվել է Ադրբեջանում ներկլանային պայքարին զուգահեռ: Պետք է ենթադրել, որ Զուլֆուգարովին ասպարեզ են վերադարձրել հենց այդ շրջանակում: Թե հատկապես որ թիմը կամ թեւը, հարցի մի կողմն է: Պետք է ենթադրել, որ այդ կողմում չէ օրինակ արտաքին գործերի նախարար Մամեդյարովը, հաշվի առնելով, որ Զուլֆուգարովը իր վերադարձով թիրախավորել էր արցախյան հարցում ադրբեջանական դիվանագիտությունը եւ իր հարցազրույցներում պարբերաբար խոսում էր Բաքվի վրիպումների, անհաջողությունների մասին: Դա նաեւ քննադատություն էր ավելի բա՞րձր թիրախով՝ Ալիեւ, թե՞ Զուլֆուգարովը նրա գործիքն էր Մամեդյարովի դեմ, որին հեռացնելը Ալիեւի համար ուներ ինչ-ինչ արգելակներ, գուցե նույնիսկ ոչ միայն կամ ոչ այնքան Ադրբեջանում, որքան օրինակ Մոսկվայում: Առիթից օգտվելու եւ Ադրբեջանի առավելությունը իրացնելու պահն օգտագործելու մասին Զուրֆուգարովի հայտարարությունն էական է հենց այդ տեսանկյունից, հասկանալու համար, թե ո՞վ է ակնկալում, որ Ալիեւը կարող է եւ դիմել սադրանքի, այդպիսով թերեւս ավելի շուտ կնքելով իր առնվազն քաղաքական մահկանացուն: Ու՞մ է դա պետք Բաքվում, կամ գուցե ոչ միայն այնտեղ, այլեւ Բաքվից դուրս որեւէ այլ տեղ: Կասկած չկա, որ հարցն իրեն տալու է նաեւ Ալիեւը, թեեւ ավելի շուտ հնարավոր է, որ նա լավ գիտե դրա պատասխանը: Իհարկե մեկ այլ տարբերակ է, որ Ալիեւն ինքն է իր քաղաքական մահախոսականի հեղինակը, էժանացած նավթի պայմաններում միջազգային հանրության վրա այն թանկ վաճառելու ակնկալիքով: Բոլոր դեպքերում, Հայաստանը մշտապես պետք է առավելագույնս պատրաստ լինի պատերազմի՝ հանուն խաղաղության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-04-2020 23:06